«Հականիկոլական» պատգամավորների թիվը չպետք է գերազանցի 35-ը

«Հականիկոլական» պատգամավորների թիվը չպետք է գերազանցի 35-ը

Նախորդ օրը հայտնի դարձավ, որ ՔՊ խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը հրաժարվում է կատարել Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը»` վայր դնել պատգամավորական մանդատը: Ավելին, Աղազարյանը հրապարակային ստորացրեց Փաշինյանին՝ հայտարարելով, որ պատրաստ է ցանկացած անօրինական ճնշման եւ հետապնդման, որը կարող է հրահանգավորվել Փաշինյանի կողմից: Խոսելով իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազի հնարավոր միջնորդության մասին՝ Աղազարյանն ասում է. «Ինձ համար այդ տարբերակը երեւի թե ավելի նախընտրելի է, որովհետեւ դա իրավական գործընթացների մի էտապ կարող է հանդիսանալ: Դա նորմալ իրավական գործընթաց է, որը չի վիրավորում իմ անձը, չի նսեմացնում ինձ: Ես դրան պատրաստ եմ»: Առաջիկայում կտեսնենք, թե ինչի է պատրաստ Նիկոլ Փաշինյանը եւ նրան ծառայող քրեաիրավական համակարգը: Բայց հիմա խոսքն այլ բանի մասին է:

Երբ Հովիկ Աղազարյանը սկսեց տարանջատվել ՔՊ-ից, դրան զուգահեռ, իհարկե՝ ժամանակային առումով մի փոքր ավելի ուշ, սկսվեց մի այլ գործընթաց եւս. ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում էլ խմորումներ սկսվեցին Գեղամ Նազարյանի դեմ: Առիթն այն էր, որ Նազարյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի մոտ ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանի՝ Վիետնամ կատարած շրջագայությանը եւ նկարվել նրա հետ: Նազարյանին վաղուց էին մեղադրում ընդդիմադիրին ոչ հարիր կեցվածք դրսեւորելու մեջ, այս լուսանկարն ավելի սրեց իրավիճակը: Իսկ երբ Գեղամ Նազարյանը հարցազրույց տվեց` ասելով, թե խորհրդարանական ընդդիմության ներկա կարգավիճակը թույլ չի տալիս հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը, նրան խմբակցության փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հրահանգով հեռացրին խմբակցությունից, եւ նա կշարունակի մնալ ու գործել իբրեւ որեւէ խմբակցությանը չանդամակցող պատգամավոր:

Հովիկ Աղազարյանը կապերը խզում է ՔՊ խմբակցության հետ, նրան եւս կարող են հեռացնել խմբակցությունից, իսկ այդ նույն ժամանակ «Հայաստան» խմբակցությունը հեռացնում է Գեղամ Նազարյանին: Արդյո՞ք այս երկու իրադարձությունների միաժամանակ տեղի ունենալը պարզ զուգադիպություն է, թե՞ դրանց միջեւ կա ին-որ տրամաբանական կապ: Փորձենք գտնել այդ կապը:

Հայաստանի գործող խորհրդարանն ունի 107 պատգամավոր: ՔՊ-ն` 71 պատգամավոր, «Հայաստան» խմբակցությունը, մինչեւ Գեղամ Նազարյանին հեռացնելը, ուներ 29 պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` 6 պատգամավոր, այս խմբակցության անդամ Իշխան Զաքարյանն էլ է դուրս եկել խմբակցությունից եւ գործում է որպես որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր: ՀՀ Սահմանադրությամբ, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի համաձայնությունը` 36 պատգամավորի ստորագրություն: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին խորհրդարանում ունեն 35 պատգամավոր` 29+6: Նրանց ընդամենը մեկ պատգամավոր է պակասում՝ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար: Եթե հիշում եք, այս տարվա գարնանը, երբ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանն ուզում էր խորհրդարանում Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսել, նա հանդիպել էր նաեւ Իշխան Զաքարյանի հետ, փորձելով ստանալ նրա համաձայնությունը՝ միանալու Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին: Ավելին, Գալստանյանը հույս ուներ, որ ՔՊ-ից եւս որոշ պատգամավորներ կարող են միանալ Փաշինյանի պաշտոնանկության ստորագրահավաքին, բայց այդպես էլ որեւէ մեկին չհաջողվեց պոկել ՔՊ-ից եւ ստանալ անհրաժեշտ 36 պատգամավորը: 

Հովիկ Աղազարյանի` ՔՊ խմբակցության հետ կապերը խզելուց հետո ԱԺ-ում ստեղծվելու էր հետաքրքիր իրավիճակ. «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, գումարած Հովիկ Աղազարյանը, ստացվում էր 36 պատգամավոր, որը բավարար էր Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Եթե Փաշինյանը ճնշումներ է գործադրում Աղազարյանի նկատմամբ, նրա դեմ է հանում իր ենթակայության տակ գտնվող քրեաիրավական համակարգը, բնական կլիներ, որ Աղազարյանն էլ ինքնապաշտպանության համար աջակցեր նրա պաշտոնանկության գործընթացին: Ճիշտ է` 36 ստորագրությունն անհրաժեշտ է միայն իմպիչմենտի առաջին փուլի` հարցն օրակարգ մտցնելու համար, երկրորդ փուլում անհրաժեշտ էր լինելու արդեն 54 պատգամավորի համաձայնություն, բայց ենթադրվում է, որ ՔՊ-ում Փաշինյանից դժգոհություն ունեցողների թիվն անհամեմատ մեծ է, բայց նրանք չեն համարձակվում բացահայտ հանդես գալ նրա դեմ՝ վախենալով, որ կարող են ենթարկվել քրեաիրավական հետապնդման: Բոլորը չէ, որ Հովիկ Աղազարյան են: Բայց երբ հարցը դրվի քվեարկության, եւ մարդիկ իմանան, որ մի քվեարկությամբ կարող են ազատվել Փաշինյանից եւ նրա հետապնդումներից, հաստատ կքվեարկեն նրա հեռացման օգտին:

Հենց այն ժամանակ, երբ հնարավորություն էր ստեղծվել՝ ունենալ անհրաժեշտ 36 պատգամավորը, «Հայաստան» խմբակցությունն իր շարքերից հեռացնում է Գեղամ Նազարյանին՝ նրան մեղադրելով ոչ բավարար չափով ընդդիմադիր լինելու մեջ: Դժվար թե սա պատահականություն լինի: Կարծում եմ, որ «Հայաստան» խմբակցությունն ամենեւին էլ նպատակ չունի Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, եւ նրանց պետք է, որ անհրաժեշտ 36-ից միշտ առնվազն մեկ պատգամավոր պակաս լինի, որ կարողանան արդարանալ, թե ուզում են անվստահություն հայտնել, բայց չեն կարողանում: Ինչպես հայտնի է` չուզենալն է դատապարտելի, իսկ չկարողանալն արդարացված է: