Եթե սահմանին էլ չթանկանա գազը, սպառողի համար, միևնույն է, սակագինը պիտի փոփոխվի

Եթե սահմանին էլ չթանկանա գազը, սպառողի համար, միևնույն է, սակագինը պիտի փոփոխվի

Վերջին օրերին մամուլում գրվեց, թե գազը հունվարի 1-ից կթանկանա, ընդ որում՝ 30 տոկոսով։ Հետո հերքվեց, թե տեղեկություն կա, որ չի թանկանա։ Հերքումն ավելի շատ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի շուրթերից հնչեց՝ հույս հայտնելու տեսքով, թե գազի գինը չի բարձրանա։ Իսկ պաշտոնական տեղեկատվություն այդպես էլ չտրվեց գազի գնի հավանական փոփոխության մասին։ Հայտնի է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինն ավելացրեց 15 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց պահանջելով 165 դոլար։ Այն, իհարկե, սպառողին հասնում է միջինը 250 դոլարով, քանի որ դրա մեջ մտնում են փոխադրման ծախսերը, կորուստները, ամորտիզացիոն ծախսերը, ԱԱՀ-ն, ընկերության շահույթը եւ այլն։ Սահմանին գազի թանկացումից հետո, երբ տրամաբանորեն պետք է համարժեք բարձրանար նաեւ սպառողին մատակարարվող գազի գինը, այն չփոփոխվեց՝ մնալով նույնը։

Թանկացման բեռն իր վրա վերցրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հունվարից մինչ օրս՝ 10 ամիս, սեփական շահույթի ու խնայողությունների հաշվին սպառողի համար պահպանում է նախկին գինը, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինում։ Իսկ այս ընթացքում նույն «Գազպրոմ Արմենիան» եւ Հայաստանի իշխանություններն ակտիվ բանակցում են ռուսական կողմի հետ՝ հասկանալու, թե 2020 թվականի հունվարից ինչ սակագին պետք է առաջարկվի Հայաստանին։ Տրամաբանությունը հուշում է, որ գազը, այնուամենայնիվ, պետք է թանկանա, քանի որ  ռուսական կողմը հայտարարում է, որ մեզ տարիներ շարունակ շուկայականից ցածր գնով գազ է մատակարարել, իսկ «Գազպրոմ Արմենիան» էլ պարբերաբար հիշեցնում է, որ իր հաշվին է զսպում սպառողի համար գազի թանկացումը։ Ամեն ինչ պարզ կդառնա բանակցությունների արդյունքում։ Օրերս կրկին գրվեց, որ ռուսները գինը սահմանին հունվարից 205 դոլար են դարձնելու։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեր հարցին՝ ի վերջո կա՞ որոշակիություն գազի սակագնի հարցում՝ կավելանա՞, թե՞ կնվազի, ասաց, որ այս պահին չկա որոշակիություն։ Այդ դեպքում ինչի՞ հիման վրա են պնդում, թե գազի գինը չի բարձրանա, Բաղրամյանն ասաց․ «Չգիտեմ՝ ով է նման բան պնդել, բայց ես մի քանի անգամ ասել եմ՝ էս պահին մենք փաթեթային առաջարկն ուղարկել ենք ռուսական կողմին, բայց դեռեւս պատասխան չենք ստացել։ Երբ որ կստանանք, նոր կկարողանանք ավելի կոնկրետացնել»։

Ի դեպ, ՀԾԿՀ նախագահն ասաց, որ գազի փաստացի կորուստներն այս տարի նվազել են նախորդ տարիների համեմատ։ Բայց գազի գինը, միեւնույն է, չի նվազել։ Հիմա իրենք բանակցում են, թե երկարաժամկետ կտրվածքով ինչ սակագնով են եկող տարվանից սկսած՝ Ռուսաստանից գազ գնելու։ Բաղրամյանը չցանկացավ փակագծեր բացել, թե ինչ սակագնի շուրջ եւ ինչ պայմաններով են բանակցում, ինչ առաջարկ են ներկայացրել ռուսական կողմին։ Միայն նշեց, որ իրենք մաքսիմալ լավ պայմաններ են առաջարկել, եւ հիշեցրեց, որ մյուս կողմն էլ իր տեսանկյունից է փորձում առավելագույնը ստանալ բանակցություններից։ Մնում է հասկանալ, թե որ կետում կկանգնեն, ով ինչ չափով զիջումների կգնա։

«Ամենակարեւոր հարցը հիմա այն է, թե որտեղ կբարձրանա գազի գինը՝ սահմանի՞ն․․․ նայած, թե սահմանին ինչքան կբարձրանա կամ չի բարձրանա, դրանից կախված՝ նոր արդեն կարող ենք խոսել վերջնական սպառողների մասին»,- ասաց նա։

- Բայց տեղեկություն կա, նաեւ տրամաբանությունն է հուշում, որ եթե նույնիսկ սահմանին էլ չբարձրանա գինը, ներսում սպառողի համար գազը պետք է որ թանկանա, քանի որ «Գազպրոմ Արմենիան» այլեւս չի փակի այդ 15 դոլարի ավելացման տարբերությունը։

- Բնականաբար, եթե այդ ավելացումը եղել է, ինքն անվերջ չի կարողանա իր վրա վերցնել։ Եթե էդ ավելացումը մնաց, պետք է արդեն նայենք, թե ինչ է ստացվում, որովհետեւ մեր հաշվարկները 150-ի պարագայում են։ Հիմա, եթե այդ ավելացումը պահպանվում է, նշանակում է՝ ավելացել է սահմանին գինը։ Ամբողջ հարցն էլ դա է, թե ինչ կլինի սահմանին գինը։

- Այսինքն, եթե նույնիսկ սահմանին էլ գինը պահպանվի, էլի չավելանա, երկրի ներսում, միեւնույն է, որեւէ փոփոխություն չպե՞տք է կրի։

- Միանշանակ, որովհետեւ էնտեղ կրճատումներ են եղել, աշխատակազմի օպտիմալացում է եղել, ծախսերի կրճատում է եղել, բացի այդ՝ քննարկվում են մինչեւ 2030 թվականի ընդհանուր գազամատակարարման սխեմայի ներդրումները, ու քանի որ ներդրում է անում, պիտի շահույթմաշվածությունով հետ ստանա էդ ներդրումները, բայց նաեւ էդ ներդրումները որոշակի տարի հետո արդյունք են ապահովում։ Դրա համար մեք էսօր երկարաժամկետ գնային քաղաքականություն ենք փորձում քննարկել ու միջինացված գին, որպեսզի էդ ներդրումների ու արդյունքների համադրությունը կարողանանք օգտագործել միանգամից։

- Ամեն դեպքում, ինչպես հասկանում ենք, որոշ չափով թանկացումը կարծես անխուսափելի է։

- Ես չեմ կարող նման բան պնդել, դա միանշանակ կախված է նրանից, թե ինչպիսին կլինի սահմանին գազի գինը։