Ոստիկանությունը հանդերձանք է ուզել, բայց ստանալու է դիզվառելիք

Ոստիկանությունը հանդերձանք է ուզել, բայց ստանալու է դիզվառելիք

Փետրվարի 20-ին Քանաքեռի կարի ֆաբրիկան բողոք է ներկայացրել գնումների բողոքարկման հանձնաժողով՝ ընդդեմ ոստիկանության։ Բանն այն է, որ օրերս ոստիկանության կարիքների համար դիզվառելիքի ձեռքբերման մրցույթ է անցկացվել։ Հրավերի տեքստում եւ ապրանքի ծածկագրով տրված է եղել, որ աճուրդի առարկան դիզվառելիքն է, եւ միայն գնման բնութագրից պարզ է դարձել, որ խոսքը ոչ թե դիզվառելիքի ձեռքբերմանն է վերաբերում, այլ՝ հանդերձանքի։ Հայտերը բացելուց եւ մրցույթի ավարտից հետո է միայն «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ տնօրեն Ազատյանը մրցակից ընկերությունից տեղեկացել, որ իրականում ոստիկանությանը պետք էր ոչ թե դիզվառելիք, այլ՝ հանդերձանք։ Փաստորեն, «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն  դուրս է մնացել մրցույթից, թեեւ կարող էր մասնակցել եւ հաղթելու շանսեր ուներ։ Ընկերության իրավունքը խախտվել է ոչ իր մեղքով։ 

Այժմ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն բողոքները քննող անձանցից պահանջում է չկայացած համարել մրցույթը։ Ի դեպ, գնումների վերաբերյալ բողոքները քննող անձ են նշանակված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը` Մհեր Անանյանը, եւ Էմիլ Սարգսյանը: Ո՞վ է Դ․ Անանյանի եղբորը նշանակել բողոքը քննող: Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ այս պաշտոնյաները նշանակվել են 2017 թվականին` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Նրանց պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2019 թվականի ապրիլի 25-ին: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կարգը փոխվել է, եւ այժմ բողոքարկման հանձնաժողովի անդամներին նշանակում է վարչապետը՝ ֆինանսների նախարարի ներկայացմամբ: Ինչ վերաբերում է ոստիկանության կարիքների համար հայտարարված գնումների  ծածկագրում հայտարարված եւ գնման բնութագրում նկարագրված ապրանքների հակասությանը, ապա սա գնումների պահանջ ներկայացրած կազմակերպության սխալն է, տվյալ դեպքում՝ ոստիկանության։ Ոստիկանությունից խոստացան ուսումնասիրել եւ պարզել, թե ով է մեղավոր սխալի համար: