«Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը բացելու ռիսկերը կգնահատեն միայն սահմանը բացելուց հետո
Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրով անձանց համար ամռան սկզբին բացելու պայմանավորվածության մասին Հայաստանի բանագնացի հայտարարությունից ամիսներ անց կողմերը չեն հստակեցնում՝ ինչ փուլում է այդ գործընթացը, ՔՊ-ական պատգամավորներն էլ պատասխան չունեն, թե ինչու չի բացվում սահմանը։ Չնայած դրան, իշխանությունն ակտիվ համագործակցում է միջազգային տարբեր կառույցների հետ, վերլուծություններ պատվիրում՝ հասկանալու համար, թե ինչ կստանան կամ կկորցնեն սահմանի բացումից։ Այս գործողություններից կարելի է ենթադրել, որ սահմանի բացումն անխուսափելի է։
ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի նախաձեռնությամբ նախօրեին խորհրդարանում նման մի քննարկում է տեղի ունեցել՝ գերմանական Berlin Economics խորհրդատվական կազմակերպության մասնակցությամբ, որն ավարտվել է հուշագրի ստորագրմամբ։ Խորհրդարանականներն են առաջարկել գերմանական ընկերությանը՝ վերլուծություն անել, եւ նրանք մի քանի տասնյակ էջանոց զեկույց են ներկայացրել ՔՊ-ականներին։ Հանդիպումը եղել է բաց, սակայն դրա մասին, չգիտես ինչու, ԱԺ պաշտոնական կայքում չեն իրազեկել, ինչի արդյունքում միայն ԱԺ լրատվականն է ներկա գտնվել ու տարածել խիստ պաշտոնական, կարելի է ասել, ոչինչ չասող հաղորդագրություն։ Մեզ պատմեցին, որ բավականին ուշագրավ քննարկում է տեղի ունեցել։ Խորհրդարանում հյուրընկալվել են Berlin Economics-ի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովը, Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանը եւ ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Թինթրուպը։ Ինչ է տեղեկացնում այդ հանդիպման մասին ԱԺ-ն․ «Ռիկարդո Ջիուչին հետազոտություն է ներկայացրել, որը կրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետեւանքով առաջացող տնտեսական հետեւանքները» խորագիրը: Հաջորդ հետազոտությունը վերաբերել է ՀՀ-ի վրա ՌԴ քաղաքացիների տնտեսական ազդեցությանը: Հիմնական զեկուցող Դմիտրի Չերվիակովը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր մեր երկիր է եկել 55 հազար ՌԴ քաղաքացի, ինչը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության ու ՀՆԱ-ի վրա: Հանդիպման վերջում հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության ու մեր երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ հետազոտություններ կատարելու համար: Նա նշել է, որ Berlin Economics կազմակերպության փորձառու մասնագետների հետ համագործակցությունն անգնահատելի աջակցություն է ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների համար՝ ընդունվող կարգավորումների որակը բարելավելու տեսանկյունից: Նա հույս է հայտնել նաեւ, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի ու առավել կխորացնի հայ-գերմանական հարաբերությունները»։
Քննարկմանը մասնակցած պատգամավորները մեզ պատմեցին, որ գերմանական ընկերության ուսումնասիրությունների եւ հաշվարկների արդյունքում եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ապա ապրանքաշրջանառությունը Հայաստանում 10 անգամ կմեծանա եւ էապես կազդի մեր տնտեսության, ՀՆԱ-ի վրա, սակայն երբ հերթը հասել է ռիսկերին եւ վնասներին, որոնց մասին հարցրել են ՔՊ-ականները, ընկերության ներկայացուցիչները, կարելի է ասել, պատասխաններ չեն ունեցել։ Դիցուք, հետաքրքրվել են՝ ուսումնասիրություններ արվե՞լ են արդյոք, թե թուրքական ապրանքների մուտքը Հայաստան ինչպես կանդրադառնա տեղական արտադրանքի վրա, ասենք, թուրքական անհամեմատ էժան, բայց անորակ լոլիկի ներմուծումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ գյուղատնտեսները նպատակահարմար չգտնեն այլեւս լոլիկ աճեցնել։ Պատասխանը եղել է՝ հնարավոր է, իրենք, ճիշտ է՝ ռիսկերի մասով ուսումնասիրություններ չեն արել, բայց կարող են ասել, որ միայն սահմանը բացելուց հետո է հնարավոր կանխատեսել այդ ռիսկերը։ Տեսակետ է հնչել նաեւ, որ, դիցուք, անիմաստ է՝ լինելով Թուրքիայի հարեւան, Հայաստանում տեքստիլ արտադրել․ թուրքական էժան ապրանքների առկայության պարագայում տեղական թանկ արտադրանքը չի կարող մրցունակ լինել։ Հարց է հնչել, թե ինչ երաշխիք, որ սահմանը բացելուց հետո Թուրքիան տնտեսական պատերազմ չի իրականացնի՝ ահռելի գումարներ ներդնելով Հայաստանի տնտեսության մեջ եւ այն հիմնահատակ փոշիացնելով։ Գերմանական խորհրդատվական ընկերությունն այս հարցի պատասխանն էլ չի ունեցել։
Փոխարենը նրանց հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տնտեսության ՀՆԱ-ի 2 տոկոսն է միայն ռուսների ներհոսքի եւ տնտեսական ակտիվության շնորհիվ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը, ով մասնակցել է վերոնշյալ քննարկմանը, չցանկացավ տպավորություններով կիսվել, առաջարկեց մտնել գերմանական ընկերության պաշտոնական էջը, բացել զեկույցն ու կարդալ․ «Ես մասնակցել եմ, այո, բայց չեմ կարող Ձեր հարցերին պատասխան տալ․․․ Ինչպես ցանկացած կամ հարեւան երկրի հետ առեւտրային հարաբերությունների ժամանակ քննարկվում է՝ որ երկիրն է ավելի հզոր, որը կարող է վնասել, ինչ ներմուծել, ինչ՝ ոչ, այսպիսի հարցեր։ Իսկ Ձեր ասած ռիսկերը․․․ իրենք դրա վերաբերյալ հետազոտություն չեն արել, հետազոտության նպատակը եղել է այն, թե ՀՀ-ն եւ այլ երկրներ ինչ ապրանքաշրջանառություն կարող էին ունենալ։ Որ կորցրել ենք 30 տարի, իրենց ասելով՝ մեր շրջանառությունը 2 տոկոսից կարող էր լինել 33 տոկոս, այսինքն՝ 30 տարվա ընթացքում ՀՀ-ն տարեկան մոտավորապես 4 մլրդ դոլար է կորցրել…, Բայց ասեմ Ձեզ՝ տվյալները մոտավոր են, ես էլ դեռ չեմ հասցրել այդ զեկույցն ուսումնասիրել»։
Հետաքրքրվեցինք՝ ի վերջո քննարկումից ի՞նչ տպավորություն ունեցաք․ սահմանի բացումից ավելի շատ կշահե՞նք, թե՞ կտուժենք։ «Ախր, էդ հետազոտությունը շահել-չշահելու մասին չէ, այլ կոնկրետ ապրանքատեսակներ՝ որը կլինի, չի լինի, եւ, ընդհանրապես՝ մենք Թուրքիա-Հայաստան սահմանի բացելու մասին ոչ մի բան չենք խոսել»,- մի փոքր նյարդայնացած հայտարարեց պատգամավորը։ Մինչդեռ պաշտոնապես է հաղորդվել, որ հետազոտությունը կրել է «Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետեւանքով առաջացող տնտեսական հետեւանքները» խորագիրը:
Քննարկմանը մասնակցած ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մաթեւոս Ասատրյանը, չվարանեց հայտարարել, որ ավելի շատ կշահենք, քան կտուժենք։ Իսկ թե ինչու սահմանն այդպես էլ չի բացվում, նա պատճառների մասին չգիտի։ «Իրենք տնտեսագիտության մասով ներկայացրին, թե սահմանի բացումն ինչ է տալու։ Իհարկե, առավելություն կար, չնայած ոչ բոլոր ոլորտներում են առավելությունները, բայց լիքը ոլորտներ կան, որտեղ սահմանի բացումն առավելություն է տալու»,- ասաց Ասատրյանը՝ առանց կոնկրետացնելու, թե խոսքը որ ոլորտների մասին է․ «Բացի դա՝ սահմանի բացումը մեզ համար շատ կարեւոր է։ Բացի տնտեսականը՝ Եվրոպայի հետ կապի միջոց է»։
Ինչ վերաբերում է ռիսկերին, պատգամավորը չթաքցրեց՝ դրանք մեծ են, խոստովանեց նաեւ՝ գերմանական ընկերությունը դրանք չէր ուսումնասիրել․ «Ես անձամբ եմ լոլիկի հարցը տվել, իրենք ասացին, որ չեն ուսումնասիրել, այսինքն՝ հիմա կոնկրետ ապրանքի վրա չենք ֆիքսվել, ֆիքսվելու համար պետք է բացես, որ իմանաս՝ ինչ է կատարվում»։ Կա՞ն արդյոք մեխանիզմներ՝ տնտեսական պատերազմից խուսափելու, դիմակայելու համար, եթե սահմանը բացվի՝ ռիսկերի գնահատում արվե՞լ է։ «Իրենք ասում են՝ մեր ուսումնասիրությամբ կան ոլորտներ, օրինակ, հանքարդյունաբերությունը, որտեղ ավելի շատ խնդիր կա, երկրորդը՝ դու կախվածություն չես ունենում մի շուկայից, ունենում ես այլընտրանքներ։ Այսքանով սահմանափակվենք ու եզրափակենք, որ սահմանի բացման օգուտներն ավելի շատ են լինելու, քան վնասները»։
Կարծիքներ