Ուսուցիչների պակասը լրացնելու համար պետք է դպրոցը բուհին կապել

Ուսուցիչների պակասը լրացնելու համար պետք է դպրոցը բուհին կապել

«Վերջին մեկ տարում ունեցել ենք ուսուցիչների թվի աննախադեպ նվազում։ Միայն մեկ ուսումնական տարում 877-ով ուսուցիչների թիվը պակասել է: Նախորդ ուսումնական տարում ունեինք շուրջ 31 հազար 300 ուսուցիչ, այս տարի՝ 30 հազար 200։ Բացի այդ, Հայաստանում ուսուցիչների 12 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է։ 5 տարի առաջ մոտավորապես 1700 ուսուցիչ էր 65 տարեկանից բարձր տարիքի, հիմա այդ ուսուցիչների թիվը 3 հազար 500-ից անցել է։ Նաեւ մոտ 3 անգամ նվազել է մինչեւ 25 տարեկան ուսուցիչների թիվը: Նախկինում մենք ունեցել ենք քիմիայի մոտ 900 ուսուցիչ, մեկ տարում այդ թիվը մոտ 70-ով պակասել է: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում անցյալ տարի մաթեմատիկայի գծով ունեցել ենք 37 դիմորդ, իսկ այս տարի՝ ընդամենը 11: Երկու խոշոր մարզային բուհերում դիմորդների թիվը զրո է, մայրաքաղաքում՝ 11»,- այսպիսի մտահոգիչ վիճակագրություն նախօրեին ներկայացրեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը` համաձայն Վիճակագրության պետական կոմիտեի ներկայացրած տվյալների։ 

«Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Մարիա Խախամյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է բացատրում ուսուցիչների թվի կտրուկ նվազումը, ի՞նչ գործոններով է այն պայմանավորված, եւ արդյո՞ք վերը նշված խնդիրներն առկա են նաեւ մասնավոր դպրոցների համար։ 

«Իրոք, շատ մտահոգիչ են այդ թվերը, եւ շատ սրվել է ուսուցչի պահանջը դպրոցներում, թափուր աշխատատեղերի հայտարարությունները բազմաթիվ են։ Ասեմ նաեւ՝ ինչով եմ դա պայմանավորում․ քովիդի շրջանում մենք, ծանր փորձառությունից զատ, ունեցանք նաեւ դրական փորձառություն, երբ սկսեցին աշխատել հիբրիդային հարթակները, եւ առցանց ուսուցումը դարձավ իրականություն։ Դա բերեց նրան, որ շատ մասնագետներ, լավ մանկավարժներ գտան նոր հարթակ, որտեղ կարող են աշխատել եւ գումար վաստակել։ Դրանք օնլայն հարթակներն են, եւ անհատական ուսուցման համար առանձնապես մեծ բան չի պահանջվում, մարդիկ ժամավճարով հենց նույն զումով պարապմունքներ են կազմակերպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս։ Ի դեպ, դրսի համար հրաշալի հնարավորություն է՝ մատչելի գումարով այստեղի ուսուցիչների հետ ցանկացած առարկայի գծով պարապմունքներ կազմակերպել։ Մեր սփյուռքի հայ ծնողներից շատերը դիմում են այստեղի մանկավարժներին, այդ թվում՝ ինձ, խնդրելով գտնել հայագետ կամ մենթալ թվաբանության մասնագետ, որն իրենց երեխայի հետ պարապի։ Արդյունքում՝ շատ ուսուցիչներ, ովքեր դպրոցում քիչ ժամաքանակով են եղել, դուրս են եկել դպրոցից՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատվելու համար։ Իհարկե, սա նաեւ արժեքային խնդիր է, որովհետեւ, եթե իրական մանկավարժ ես, հաստատ՝ չես փոխարինի առցանց ուսուցումը առկա քո աշխատանքով։ Այսինքն՝ կա նաեւ այսպիսի փորձառություն, որը կարող է պատճառ հանդիսանալ եւ բերել ուսուցիչների թվի պակասի։ Դա բացասական փորձառություն եղավ քովիդի ընթացքում, բայց մարդիկ ստիպված եղան ադապտացվել եւ սովորել նոր ձեւաչափով աշխատել եւ այդ մարդիկ հիմնականում երիտասարդներն էին։ Ես ունեմ ուսուցիչներ, որոնք համատեղում են այդ աշխատանքները, մեծամասամբ լավ մասնագետներն այսօր, դպրոցի աշխատանքից զատ, երեկոյան պարապում են, օրինակ, ամերիկահայ ընտանիքների երեխաների հետ։ Այստեղ ոչ մի վատ բան չկա, բայց դա բերելու է եւ բերեց նրան, որ ուսուցիչների ինչ-որ քանակ դպրոցներից դուրս եկավ։ Բնականաբար, դրան գումարվում են մանկավարժական բուհերի պակաս դիմորդների թիվը, անորակ մանկավարժները, ցածր աշխատավարձը, սոցիալ-տնտեսական վիճակը, մի խոսքով՝ ամեն ինչ»։

Ինչպե՞ս կարելի է բնագիտական առարկաների մասով դիմորդներին, այդ թվում՝ մանկավարժներին, շահագրգռել, մոտիվացնել, քանի որ այս առարկաների մասով դիմորդների պակասը բուհերում եւ ուսուցիչների պակասը դպրոցներում շատ է ու մտահոգիչ։ «Այդ առարկաների գծով մասնագետների պակաս բոլոր դպրոցներն ունեն, ես չգիտեմ որեւէ տնօրեն, որը բնագետի խնդիր չունենա, ընդ որում՝ բոլոր առարկաներից․ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, նաեւ՝ ինֆորմատիկա, որովհետեւ այդ մասնագետները միանգամից գնում են IT ոլորտ եւ չեն մտնում դպրոցներ։ Հարց է նաեւ մանկավարժական բուհի տված որակը։ Ցավոք, կան ֆակուլտետներ, որոնց շրջանավարտները մրցակցային չեն։ Ես, օրինակ, մեծ պատրաստակամությամբ վերցնում եմ ԵՊՀ-ի բնագետի, քան՝ մանկավարժականի, որովհետեւ նրանց կրթությունն ու պոտենցիալն ուրիշ է, այսինքն՝ ես նախընտրում եմ վերցնել հարուստ գիտելիքներով եւ պատրաստակամ ֆիզիկոսի ԵՊՀ-ից, որին մանկավարժությունը մենք կսովորեցնենք, քան՝ հակառակը։ Հիմա պահանջարկը մեծ է, իսկ մասնավորների պարագայում ավելի սուր է դրված որակյալ մանկավարժի հարցը։ Կան մանկավարժներ, որ դիմում են մեզ, բայց մենք չենք կարողանում ընտրություն անել, որովհետեւ ընտրության հնարավորությունը փոքր է, եւ որակյալ բնագետ մանկավարժ գտնելը շատ բարդ է»։ 
Մասնավոոր դպրոցները հավելյալ ի՞նչ պահանջներ են դնում այդ մասնագետների առաջ։ «Ես մեր մասով նշեմ․ նախեւառաջ, ստուգվում է առարկայի իմացությունը, մինիմալ մանկավարժական ստաժ գրեթե բոլորն են պահանջում, որովհետեւ կարող է հրաշալի գիտելիքներ ունենալ ֆիզիկայից, բայց չկարողանա դասարանի հետ աշխատել։ Կարեւոր պայման է, որ կարողանան խմբի հետ աշխատել, անհատական մոտեցումը կարեւոր նախապայման է աշխատանքի մեջ։ Նաեւ՝ մշտապես պետք է ինքնակրթությամբ զբաղվեն, անցնեն դասընթացներ եւ առցանց գործիքներին տիրապետեն, գոնե ամենապրիմիտիվ՝ Գուգլի գործիքներով աշխատանքը։ Հետո՝ մենք անընդհատ զբաղվում ենք ուսուցիչների վերապատրաստմամբ ու կրթությամբ։ Ես անգամ նախընտրում եմ վերցնել նորավարտ, բայց մարդկային, մանկավարժական պոտենցիալով մեկին, ով ցանկություն ունի դպրոց մտնել, որովհետեւ դա այսօր մեծ խնդիր է։ Անցած տարի ԵՊՀ-ից բնագետների ընդունեցի, որից մեկն աշխատում էր գիտահետազոտական ինստիտուտում, ու եթե նման կադրը գալիս եւ ուզում է մտնել դպրոց, ուղղակի գրկաբաց պետք է ընդունել։ Մանկավարժը, որը նաեւ գիտության մեջ է, դրանք գտնված մանկավարժներ են»։ 

Մարիա Խախամյանն ընդգծում է, որ այսօր ուսուցիչների պակասը դպրոցում լրացնելու համար պետք է կարողանանք դպրոցը՝ բուհին, կրթությունը՝ գիտությանը կապել․ «Պետք է տարվա ընթացքում մշտապես այդ կապը պահել բուհերի, գիտահետազոտական կենտրոնների հետ, երեխաներին ներգրավել տեսականը գործնականին կապող օղակներում, դրանով մենք կհասնենք նրան, որ կմեծացնենք հետաքրքրությունը բնագիտության հանդեպ։ Եվ դա դժվար չէ, ուղղակի մարդիկ չեն անում, բուհերը դպրոցների հետ չեն աշխատում, մինչդեռ ամենապրիմիտիվ այցելությունները երեխաներին պետք են։ Դա բերում է նրան, որ մեծացնում է այդ հետաքրքրությունը։ Նաեւ շատ կարեւոր պայման է նախագծային ուսուցումը, եթե ավագ դպրոցներում նախագծային ուսուցումը շեշտադրեն եւ պարտադիր բնագիտական ոլորտի նախագծեր անեն, երեխաները սիրով կկպնեն այդ ամենին։ Այսօր նույն ֆիզիկայի, քիմիայի ֆակուլտետներն իրենք պետք է գնան դպրոցներ, հնարավորինս մոտիվացնող առաջարկներ անեն՝ հանդիպումներ, միջոցառումներ, որ մարդիկ հետաքրքրություն ունենան՝ հետո գնալու այդ ուղղությամբ։ Մենք, օրինակ, անում ենք այդպես, փորձում ենք այդ հանդիպումները կազմակերպել, բայց, ցավոք սրտի, ելնելով սոցիալ-տնտեսական վիճակից եւ պահանջարկից, երեխան ու նրա ընտանիքը նայում են, որ մասնագիտությունը լինի պահանջված եւ փողաբեր, սակայն այսօր փողաբեր չէ ո՛չ մանկավարժությունը, ո՛չ գիտությունը, դրա համար ունենք այն, ինչ ունենք»։ 

Մ․ Խախամյանը բերում է իրենց կրթահամալիրի օրինակը եւ նկատում, որ այս պահին ունեն թափուր աշխատատեղեր մի քանի առարկաների մասով․ օտար լեզուների, մասնավորապես՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, հատկապես՝ վերջինի մասով, ինչպես նաեւ «քիմիա», «ֆիզիկա», «ինֆորմատիկա» առարկաների գծով, որոնց մասով մանկավարժ գտնելն ավելի բարդ է։ 

Զրուցակիցս նկատում է, որ մասնավոր դպրոցում աշխատող մանկավարժը որոշակի իմաստով նաեւ պաշտպանված չէ․ «Այն առումով, որ պետության կողմից չունի իրեն հասանելի աջակցությունը, խոսքը սոցիալական փաթեթների մասին է, որը տարիներ շարունակ ստանում է պետական դպրոցի մանկավարժը, որի շրջանակում մարդիկ հանգստի կամ առողջական խնդիրներ են լուծում։ Գուցե դա մեծ գումար չէ, բայց դա չի ստանում մասնավոր դպրոցում աշխատող ուսուցիչը։ Այսինքն՝ մեր գործը կրկնակի բարդանում է նրանով, որ երբ մանկավարժը գալիս է աշխատանքի ընդունվելու, ինքը գիտի, որ սոցփաթեթ չունի, ու մասնավոր դպրոցը ստիպված է լրացուցիչ, շահագրգռող գործոններ կիրառել, որպեսզի մանկավարժը ցանկանա հայտնվել մասնավոր դպրոցում։ Բնականաբար, մասնավոր դպրոցը ստիպված է նաեւ ավել վարձատրությամբ հետաքրքրել, մինչդեռ մասնավոր դպրոցներն էլ տարբեր են՝ իրենց հնարավորություններով։ Մասնավոր դպրոցի շրջանառության մոտավորապես 60-70 տոկոսը գնում է մանկավարժների աշխատավարձերին։ Իսկ մասնավոր դպրոցների ծախսերը շատ մեծ են, հատկապես նրանցը, որ տարածքներ են վարձակալում եւ հարկային դաշտում չունեն արտոնություններ»։