Ինչ անի հաշմանդամը՝ չափահաս դառնալուց հետո

Ինչ անի հաշմանդամը՝ չափահաս դառնալուց հետո

Բազմիցս է խոսվել հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին, եւ ընդունում եմ՝ ոչ միայն խոսվել է, այլ նաեւ իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ այդ ուղղությամբ: Ֆիզիկապես եւ մտավոր հետամնաց հաշմանդամ երեխաների համար շատ գովելի ծրագիր է իրականացվում՝ ուսումնական գործընթացի ինտեգրացում, որը բավականին լավ արդյունքներ է տվել: Սակայն դպրոցն ավարտելուց հետո, երբ հաշմանդամը դառնում է չափահաս երտասարդ ու աշխատելու ունակ չէ, ուրեմն ի՞նչ պիտի անի նա, ինչո՞վ պիտի զբաղվի:
Նշեմ, որ Հայաստանի տարածքում գործում է ընդամենը մեկ հասարակական կենտրոն (Շենգավիթ համայնքում), որը կոչվում է «Փրկություն» երիտասարդ հաշմանդամների զբաղվածության կենտրոն, որտեղ կան համապատասխան մասնագետներ (հոգեբան, սոցմանկավարժ եւ այլն՝ հաշմանդամ երիտասարդների ընդունելության եւ հետագայում նրանց հետ աշխատելու համար: ՀԿ-ում գործում են բազմաթիվ խմբակներ, որոնք ապահովում են երիտասարդների զբաղվածությունը, ինչը նույնպես շատ գովելի է: ՀԿ-ն ունի տրանսպորտային միջոցներ՝ քաղաքի տարբեր մասերից երիտասարդներին ՀԿ հասցնելու համար: Բայց հաշմանդամ երիտասարդի զբաղվածության խնդիրն ինչո՞ւ պետք է կախված լինի միայն մեկ ՀԿ-ի տնօրենի որոշումից` ընդունե՞լ կենտրոն, թե՞ ոչ, տրանսպորտն արդյոք կարո՞ղ է սպասարկել նրան, թե՞ ոչ (նշանակություն չունի՝ օբյեկտիվ է պատճառը, թե ոչ): Իսկ ծնողի համար, պատկերացնում եք երեւի, ինչ գերագույն խնդիր է հաշմանդամի տեղափոխումը (թե՛ ֆիզիկապես եւ թե՛ ֆինանսապես):

Գուցե հասարակության մեջ ձեւավորվել են սրտացավ մոտեցում եւ դրական վերաբերմունք, սակայն դա բավական չէ՝ նրանք առանձնահատուկ ուշադրության են արժանի, որովհետեւ հնարավոր է, որ չունենան շփման եւ համագործակցության հնարավոր կարողություններ՝ իրենց հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու համար, եւ միանշանակ չէ՝ արդյոք երկրորդ կողմը կցանկանա՞ նրանց հետ ժամանակ անցկացնել: 
Ինչո՞ւ նման խնդրով չկա պետական հոգածություն, եւ համապատասխան ոլորտում ո՞վ է պատասխանատու նման խնդիրների լուծման համար: 

Ես ուզում եմ բարձրաձայնել ու պատկան մարմինների ուշադրությունը սեւեռել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է պետական-նպատակային ծրագիր՝ հաշմանդամ երիտասարդների (որոնք ունակ չեն աշխատելու) զբաղվածությունն ապահովելու համար, եւ հավատացեք՝ այն ապահովելով, նրանք կզգան ավելի ուժեղ պաշտպանվածություն հասարակության մեջ (չէ՞ որ նրանց հոգին շատ փխրուն է): 
Անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը, եւ այդ օգնությունն ուղղված կլինի ոչ միայն հաշմանդամ երիտասարդներին, այլ նաեւ նրանց բազմաչարչար ծնողներին:

Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆ