Ռուսական մամուլը շատ թույլ լուսաբանեց Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան

Ռուսական մամուլը շատ թույլ լուսաբանեց Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ օգոստոսի 31-ին մեկնարկած այցը Ռուսաստան ավարտվել է եւ արդեն կարելի է խոսել արդյունքների մասին, կամ կատարել եզրահանգումներ այդ այցից։ Եթե փորձենք ընդհանրացնել, երեք հիմնական ուղղությամբ են ընթացել նրա եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները՝

• Հայ-ռուսական երկկողմ հարաբերություններ

• Հայ-ադրբեջանական սահմանային իրադրություն եւ

• Ղարաբաղյան հակամարտության կարգավորում։

Ի սկզբանե նշենք, որ թե հայկական մեդիայում, թե ռուսական մեդիայում եւ թե հատկապես ադրբեջանական մեդիայում այս այցը բավական վատ լուսաբանվեց։ Հայաստանյան մեդիատիրույթում, մեր ունեցած տպավորությամբ, եթե հատուկ միջազգային կամ ռեգիոնալ քաղաքական հարցերով մարդը չհետաքրքրվեր, հնարավոր է, որ նույնիսկ չիմանար էլ, որ նման այց է սպասվում, քանի որ այն սովորական անոնսավորումը, որ արվում է նման դեպքերում, շատ թույլ էր ու ոչ տպավորիչ։ Ռուսական մեդիայում առավելագույն երեք -չորս հրապարակումներ եղան Միրզոյան-Լավրով հանդիպման ու բանակցությունների, դրան հետեւած ասուլիսի մասին եւ ապա արդեն՝ Միրզոյան-Զաս հանդիպման մասին։ Ռուսական մեդիայում, այսպես ասած, «իրավիճակը փրկեց» Լավրով-Միրզոյան ասուլիսի ուղիղ հեռարձակումը թե ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում, թե այն լրատվամիջոցների կայքերում, որոնք ունեն նման միջոցառումները ուղիղ հեռարձակելու պրակտիկա։ Հետաքրքիր է, որ նույնիսկ ռուսական դաշնային հեռուստատեսությունները անհամեմատ ավելի շատ տեղ հատկացրեցին այդ օրը իրենց եթերում՝ Ուկրաինան քննարկելուն կամ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերմամբ պայմանավորված այդ երկրում ստեղծված իրավիճակը հակաամերիկյան լույսով ներկայացնելուն, քան Ռուսաստանի՝ Հարավ-Կովկասյան ռեգիոնում ռազմավարական դաշնակից Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցին։ Եւ եթե իհարկե, անդրադարձան էլ, ապա անդրադարձները, կարելի է ասել, ակնթարթային էին, պաշտոնական լրահոսի մակարդակում եւ ոչ ավելին։ Միայն Ռիա-Նովոստի լրատվական գործակալությունը ծավալուն հարցազրույց արեց Արարատ Միրզոյանի հետ, որը թարգմանաբար տարածվեց նաեւ մեր մամուլում։ Ադրբեջանական մեդիայում հիմնական ուշադրությունը դարձվեց երկու ասպետկի վրա՝

• Արարատ Միրզոյանի անձի՝ այսպես ասած հայաստանյան «արեւմտամետ» ուղղությանը պատկանելու

• Սերգեյ Լավրովի հայտարարություններում տեղ գտած որոշ ակնհայտ ադրբեջանամետ ձեւակերպումների։

Ռուսական մեդիայում այս իրադարձության հանդեպ նման պասիվ սառը վերաբերմունքը կարելի է պայմանավորել ընդհանրապես այն հանգամանքով, որ ներկայումս ռուսական քաղաքական վերնախավը այլ հարցերով է «խրված» եւ պարզապես ժամանակ չունի «հայկական թեմատիկային» անդրադառնալու։ Ադրբեջանական մեդիայում նույն իրադարձության լուսաբանումներն ու մեկնաբանությունները հասկանալի է, որ պետք է լինեին արդեն նշված ֆոնով եւ ուղղորդվածությամբ։

Կարեն Ենգիբարյան