Ընդդիմության սպասելիս

Ընդդիմության սպասելիս

Հետհեղափոխական Հայաստանի առաջին համապետական ընտրություններն ավարտվեցին՝ ետեւում թողնելով հայկական արատավոր ընտրակեղծարարությունը, ընտրություններին ուղեկցող բռնարարքները եւ ճանապարհ բացելով օրինական ընտրական համակարգի կայացման համար: Թեպետ նոր իշխանությունները չկարողացան զերծ մնալ վարչական լծակների գործադրմամբ քվեներ ապահովելու գայթակղությունից, այնուամենայնիվ, նոր իշխանություններին հաջողվեց ապահովել արտահերթ ընտրությունների ազատ եւ խաղաղ բնույթը՝ փակելով ռազմաճակատ հիշեցնող նախկին ընտրությունների ամոթալի էջերը:

Այս ընտրություններով ազդարարվեցին թավշյա հեղափոխության ավարտը եւ «Ամբողջ իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագրին» վազքուղու քաղաքական մեկնարկը:
2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններն անցկացվեցին նախկին քաղաքական համակարգի ավերակների վրա՝ չկայացած կամ կիսափլուզված կուսակցություններով, ոչ ժողովրդավարական Ընտրական օրենսգրքով քաղաքական օրակարգի բացակայությամբ եւ ընդդիմության չգոյությամբ: Այսօրինակ իրողությունները ձեռնտու էին նախեւառաջ ՀՀԿ-ին, որի գլխին, սակայն, ջարդվեց այդ իրողություններից առնվազն մեկը՝ Ընտրական օրենսգիրքը, եւ ապա՝ Նիկոլ Փաշինյանին, որը հընթացս պարզեց, որ վերոհիշյալ իրողությունները մեծապես նպաստելու են ընտրություններում կառավարող կուսակցության դիրքերի ամրապնդմանը եւ իր պատկերացումներին համապատասխան խորհրդարանի ձեւավորմանը։

Սակայն հրկիզված կուսակցական դաշտը, քաղաքական օրակարգի եւ ընդդիմության բացակայությունն առաջիկայում վերածվելու են Հայաստանի քաղաքական ներկայի եւ ապագայի կայացման արգելակների, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարող ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները կամ պատկերացումների բացակայությունն այդ ամենի մասին հուսահատեցնող են: 

Հայաստանում քաղաքական ընդդիմությունը հասարակության կողմից միշտ ունեցել է առաջնային մանդատ բոլոր, առանձնապես՝ ՀՀ նախագահի ընտրություններում, մանդատ, որը նրանից խլել են բոլոր իշխանությունները կեղծվող ընտրությունների հետեւանքով: Ազդեցիկ եւ ուժեղ, միասնական եւ գաղափարական ընդդիմություն ձեւավորվել է յուրաքանչյուր կեղծվող ընտրությունից առաջ՝ նույնիսկ ավտորիտար կառավարման 23 տարիների ընթացքում: Կեղծված ընտրություններից հետո, անգամ մտրակված քաղաքական դաշտում, հայաստանյան ընդդիմությունը կարողացել է վերահավաքել իր ուժերը, վերագտնել իր ազդեցությունը եւ վերածվել ժամանակի իշխանության համար լուրջ անհանգստության: Տարիներ շարունակ ընդդիմությունը եղել է ընդգծված գաղափարական այլընտրանք, քաղաքական գործոն ներհայաստանյան կյանքում՝ ձեռք բերելով նաեւ բարձր վարկանիշ միջազգային հարաբերություններում: Սակայն պարբերաբար կեղծվող ընտրությունները, իշխանությունների՝ ընդդիմության շարքերում իջեցված դեսանտները, ընդդիմադիր առաջնորդների սրված անձնական հավակնությունները եւ խորացող հակասությունները, իշխանության կողմից ընդդիմությանը նետված գայթակղությունները մաշեցրեցին  ընդդիմության ներուժը, թուլացրեցին նրա քաղաքական ազդեցությունը, փոշիացրեցին նրա գաղափարականությունը, ի վերջո՝ վերասերեցին երբեմնի ընդդիմադիր գործիչներին: 

Իշխանությունների նմանօրինակ գործելակերպը Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտը նեղացրեց-փոքրացրեց այնքան, որ, ի վերջո, այդ ընդդիմությունը հանգիստ տեղավորվեց իշխանության գրպանում՝ իրական ընդդիմությունից վերածվելով գրպանայինի: Ուժեղ եւ միացյալ ընդդիմության ճանապարհը վերջնականապես գոցելու համար Սերժ Սարգսյանը Սահմանադրության հանրաքվեի կեղծված արդյունքներով վերացրեց կառավարման նախագահական համակարգը, քանի որ ՀՀ նախագահի ընտրությունները դառնում էին ընդդիմության միավորման խթան եւ իշխանության անարգել բռնազավթման խոչընդոտ: 
Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանազրկումից հետո հետհեղափոխական Հայաստանը չէր կարող ծնել նոր ընդդիմություն. նախ, դրա անհրաժեշտությունն էր վերացել, բացի այդ, անհրաժեշտաբար փոխվելու էին նոր՝ ձեւավորվելիք ընդդիմության խնդիրները, կարգախոսները, վարքագիծը, քաղաքական բառապաշարը: Այսօրինակ փոփոխություններին եւ պահանջներին հայաստանյան կուսակցական դաշտն անպատրաստ էր, իսկ իշխանությունից ընդդիմություն մեխանիկորեն տեղափոխված ՀՀԿ-ին հանրությունը մերժել էր թե՛ որպես իշխանություն, թե՛ որպես ընդդիմություն: 

Սակայն հեղափոխությունից կարճ ժամանակ անց, երբ պարզ դարձավ, որ ապագաղափարական ՔՊ-ն վերածվել է նույնքան ապագաղափարական իշխանության, երբ սկսեցին կատարվել առաջին լուրջ սխալներն արդեն կադրային քաղաքականության մեջ, երբ արտաքին քաղաքականությունը մեկեն վերածվեց անուղեգիծ, ոլորապտույտ կածանի, քաղաքական ընդդիմության ձեւավորման հրամայականն ուժգնորեն բախեց Հայաստանի քաղաքականության դարպասները: 
Այն, ինչ չէր հաջողվել ընդդիմության երբեմնի ազդեցիկ քաղաքական առաջնորդներին, հաջողվել էր Փաշինյանին՝ հեռացնել գործող իշխանությանը եւ բացել քաղաքական դաշտը նոր իրողությունների, հասարակական եւ քաղաքական դերակատարների համար:

Հետհեղափոխական առաջին շրջանում, զրկված լինելով փաստացի իշխանությունից, ապավինելով բացառապես հասարակական լայն աջակցությանը, Փաշինյանը լծվեց իշխանության «հավաքման» գործին, որի առաջին ազդականչը խորհրդարանի ընտրությունների հապշտապ անցկացումն էր, քանի դեռ քաղաքական դաշտը չէր հասցրել ուշքի գալ հեղափոխությանը նախորդող եւ հաջորդող վայրիվերումներից: Այս ընթացքում էլ Փաշինյանը որոշեց, որ ինքն է բացել քաղաքական դաշտը, ուստիեւ ինքն էլ պետք է տնօրինի այն իր կամքով եւ պատկերացումներով: Եվ ծայր առավ իշխանության գերկենտրոնացման գործընթացը, որն ավարտվեց արդեն դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: 

Սակայն ընդդիմության ձեւավորումը չէր կարող մնալ բացառապես Ընտրական օրենսգրքով պարտադրվող 30 տոկոսանոց խորհրդարանական ընդդիմության նկուն ուսերին, որը պետք է գործի թույլատրելի ազատության սահմաններում: Եվ հանրային կյանքում պետք է առաջանար խորհրդարանից դուրս՝ նոր ընդդիմության ձեւավորման պահանջ, մանավանդ որ ընտրարշավն ավելիով վկայեց, որ խորհրդարանական  կուսակցությունները չեն կամենում լինել իրական ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն այլեւս անցյալ է: Այսօրինակ իրավիճակում էլ մերձիշխանական շրջանակներից արագորեն շրջանառության մեջ է դրվել «ՔՊ-ն իր ներսից կձեւավորի ընդդիմություն» թեզը:

Մինչդեռ կեղծ, արհեստական ընդդիմության ձեւավորման ճանապարհն անհեռանկար է, եւ այդ ճանապարհին անշնչացած ընկնելու են հենց կեղծ ընդդիմադիրները, մանավանդ որ նրանք կարճ վազքուղու են ընդունակ:

Իրավիճակը ոչ միայն իշխանության, այլեւ Հայաստանի համար բարդանում է.  քաղաքական ծրագրերի, գաղափարների, առաջարկների բացակայության այս պայմաններում Հայաստանի քաղաքական օրակարգի էջն այդպես էլ դատարկ է մնում՝ վտանգելով երկրի զարգացման հեռանկարը եւ պետությունը կախման դնելով այսրոպեական, իրավիճակային լուծումներից եւ «մեկ գիշերվա մեջ» ընդունված որոշումներից:

Այս ընթացքում, ընդդիմության սպասելիս, Հայաստանի հասարակությունը եւ կուսակցությունները կարող են կորցնել ժամանակի եւ իրականության զգացողությունը: Մինչդեռ խորհրդարանից դուրս նոր՝ հզոր, գաղափարական, ժողովրդավարական, փորձառու ընդդիմության, քաղաքական օրակարգի, նոր քաղաքական ուղղության ձեւավորումը դառնում է օրախնդիր: Դառնում է նրա՛նց խնդիրը, ում համար Հայաստանը մեկ, անգամ՝ հեղափոխական իշխանության պատանդը չէ: