Սահմանադրակա՞ն թե՞ Եվրոպական դատարան․ գործազուրկ դարձած դատավորը սպասում է որոշումը ստանալուն

Սահմանադրակա՞ն թե՞ Եվրոպական դատարան․ գործազուրկ դարձած դատավորը սպասում է որոշումը ստանալուն

Օրերս Բարձրագույն դատական խորհուրդը ամենախիստ պատիժը կիրառեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ՝ դադարեցնելով  նրա լիազորությունները։

Ինքը՝ Մելքումյանը, այս որոշման հետ համաձայն  չէ, այն դեռ չի էլ ստացել․ «Չեմ ստացել, 5 օրվա մեջ պետք է ուղարկեն։ Բողոքարկման տարբերակ կա, նշված է, որ Սահմանադրական դատարան կարող եմ դիմել՝ դատական օրենսգրքով սահմանված է նման իրավունք։ Որոշումը ստանամ, ծանոթանամ, կորոշեմ։ Մինչեւ որոշումը չստանամ, չնայեմ ինչ է պատճառաբանված, չեմ կողմնորոշվում։ Սահմանադրական դատարանը ամեն դեպքում իրավունք ունեմ դիմել, նայեմ, դրանից հետո կորոշեմ՝ ՍԴ թե՞ Եվրոպական դատարան»։

-Նաեւ Եվրոպական դատարան դիմելու իրավունք ունեք։

-Իհարկե, ցանկությունը շատ մեծ ա, բայց մինչեւ չստանամ, չհասկանամ՝ ինչ իրավական հիմքերով կայացրած որոշում է, էդ դեպքում կորոշեմ, այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կանեմ։

-Պարոն Մելքումյան, ի վերջո դուք կարգապահական էական խախտում թույ տվե՞լ եք, թե՞ ոչ։

-Չէ, իսկապես էական խախտում չի եղել։ Որոշումը կստանամ, դրա մասին կարձագանքեմ։

-Խախտում էլ չի՞ եղել Ձեր կողմից։
 
-Իհարկե, խախտում եղել է, ես դա ընդունել եմ, բայց սա այն էական խախտումը չէ, որ ամենախիստ պատժին արժանանամ։ Այ դա է հարցը։

-Նախկինում եւս Ձեր վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել, գուցե սա էլ գումարվեց նախորդին եւ դրա հետեւանքով ամենախիստ պատիժը կիրառվեց։

-Չեմ կարող ասել, դրա համար պիտի հասկանամ՝ ինչ ա։ Բարձրագույն դատական խորհրդի ժամանակ ես նկատողություն չունեի, այսինքն՝ իմ մասով որոշում չի եղել, որպեսզի սա երկրորդը դիտվեր, երրորդը, սա առաջինն  է, դրանից առաջ եղել է, բայց մերժվել է, գտել են, որ խախտում չի եղել։ Ստացվում է, որ սենց միանգամից որոշում է կայացվել՝ ամենախիստ պատիժը։ Ես ուզում եմ կարդամ, հասկանամ, չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ որոշում չունեմ։ Իրավաբան մարդ եմ, չեմ կարող էս պահին գնահատականներ տալ՝ ինչ քայլեր կարող եմ անել, մինչեւ որոշումը չունենամ։

-Նախարարի գործոնը այստեղ որքանո՞վ կար, գուցե՞ դեր խաղաց այն հանգամանքը, որ անձամբ նախարարն էր դիմել։

-Չեմ կարող, երբ որոշումը ստանամ, լիարժեք կասեմ։

-Այժմ աշխատանքի չե՞ք գնում։

-Դադարեցված են իհարկե, բայց գնալու հարցը այլ է։ Այսինքն՝ գործեր կան, որ պետք է հանձնվեն։ Օրենսդրությամբ անթույլատրելի է իմ կողմից գործ քննելը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասել էր, որ Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են  էական կարգապահական խախտում թույլ տալու պատճառով․ «Խնդիրը էական կարգապահական խախտմանն էր վերաբերում, բանը նրանում էր, որ միջնորդություն ներկայացնող մարմինը դռնբաց դատական նիստում քննարկվող հարց էր, որ խոսքը վերաբերում է որոշակի դատավարական գործողություններ կատարելուն, մասնավորապես՝ ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալը, որը էական կարգապահական խախտում դիտվեց ԲԴԽ-ի կողմից»։