Ձևավորվել է ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդ

Ձևավորվել է ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդ

Հայաստանի կոմպոզիտորների միությունում տեղի է ունեցել ստեղծագործական միությունների նախագահների հանդիպում-քննարկում, որի առանցքային թեման նախագահների խորհուրդ ստեղծելու գաղափարն էր:

Նիստին ներկա են եղել Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

Նախագաների միաձայն որոշման արդյունքում ստեղծվել է ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդ, որի նպատակը միությունների կարգավիճակների հստակեցման, միությունների՝ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի նկատմամբ պետական հոգացության ու այդ շենքերի գույքահարկի նվազեցման կամ հնարավոր արտոնությունների կարգավորումն է, արվեստագետներին տրվող պետական կոչումների, մեդալների, ինչպես նաև հանրապետության փողոցների, դպրոցների՝ արվեստագետների անունով անվանափոխությամբ զբաղվող հանձնաժողովների կազմում խորհրդի անդամների ներգրավվածությունն է և առհասարակ, հանրապետությունում պետական նշանակության ժամանակակից մշակութային իրադարձություններում, միջոցառումներում միությունների դերի ու նշանակության բարձրացումը:

Այս առիթով գալիք ամիս նախատեսվում է անցկացնել մամուլի ասուլիս, որի ընթացքում լրատվամիջոցներին, հանրությանը կներկայացվեն այս և այլ հարցերի հանգամանալից հիմնավորումները,պատասխանները, խորհրդի հետագա քայլերը:

Իսկ մինչ այդ, նախագահների խորհուրդը որոշում է կայացրել, որ յուրաքանչյուր տարի խորհուրդը կունենա նախագահող, և որպես առաջին նախագահող, ընտրվել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը: