Կգնի՞ ԱՆ-ն ռուսական պատվաստանյութը 

Կգնի՞ ԱՆ-ն ռուսական պատվաստանյութը 

Տարբեր երկրներ հայտարարել են պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների մասին, այդ թվում՝ ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը։ «Մոդեռնայի» պատվաստանյութը, ինչպես հաղորդվել է, դրական արդյունքներ է արձանագրել, այն է՝ 45 առողջ կամավորների վրա պատվաստանյութի փորձարկման արդյունքներն արձանագրել են, որ պատվաստանյութն անվնաս է և մարդու օրգանիզմում COVID-19-ի դեմ իմունային պատասխաններ է առաջացնում։ Օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք լինում են հիվանդությունից բուժվածների մոտ։

Նախօրեին էլ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ Ալիևը շնորհավորել է Պուտինին՝ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը բարեհաջող գրանցելու համար։ Այսինքն, նաև միջազգային լրահոսից ակնհայտ է դառնում, որ գլոբալ մակարդակով սկսվել է պատվաստանյութերի մրցավազք, որը նաև աշխարհաքաղաքական երանգավորում է ստանում, և այս ամենի ֆոնին հետաքրքիր է, թե պատվաստանյութի ձեռքբերման հարցում ինչ ընտրություն է կատարելու Հայաստանը։

Այս մասին հարցրինք առողջապահության նախարարության մամուլի խոսնակին․ արդյոք այս պահին նախարարությունում կա՞ դիրքորոշում, թե որ երկրի պատվաստանյութը պետք է ձեռք բերվի։ «Այս պահին զուտ քննարկումներ են, և զուտ հետևում ենք բոլոր երկրներին՝ հասկանալու համար, թե ում հետ պետք է համագործակցել»։

ԱՆ խոսնակին հարցրինք նաև՝ արդյոք լինելո՞ւ է, այսպես կոչված, կամավոր հարկադիր վակցինացիա, օրինակ՝ բժիշկների ու ուսուցիչների շրջանում։ «Չկա այս պահին նման որոշում, դեռ պատվաստանյութը Հայաստանում էլ չէ»,- ասաց խոսնակը։

Վակցինացիայի և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է նաև բժիշկ Հայկ Մանասյանի հետ։

- Անվտանգության առումով, Ձեր գնահատմամբ, ո՞ր երկրի պատվաստանյութն է պակաս ռիսկային։

- Բոլորն էլ նույն մակարդակի կասկածելի են։ Հա, RNK տարբերակներն ավելի անշառ են, քան ԴՆԹ, հակամարմին-սպիտակուց տարբերակները՝ ավելի անշառ, քան  RNK-ն, բայց բոլորն էլ կասկածելի են։ Տեսականորեն կարելի է մեջները լավ ու վատ որոշել, բայց տեսականով չենք առաջնորդվում․ գոյություն ունի ապացուցողական բժշկություն, որը նշանակում է գործնականում ապացուցված անվտանգություն։ Քննարկումներ են պետք՝ որը կարող է ռիսկային լինել, որը՝ պակաս ռիսկային, բայց ապացուցողական բժշկությունը պահանջում է ոչ թե տեսական, այլ գործնականում ապացուցված անվտանգություն, ինչը հնարավոր չէ ապացուցել մի քանի ամսում։ Ինչու՝ որովհետև անվտանգությունը պետք է ի ցույց դրվի ոչ միայն կարճատև կտրվածքով, այլև երկարաժամկետ հեռանկարում։

- Դուք վերջին շրջանում խոսում եք նաև այն մասին, որ պատվաստանյութերը կարող են ազդել գենետիկ մակարդակում։

- Նոր սերնդի պատվաստանյութերը ներկայացնում են գենետիկ մատերիալ, որոնք ազդում են ոչ թե մարդու գենետիկ մակարդակի վրա՝ այսպես ասած, այլ աշխատում են այնպես, որ կարող են օրգանիզմում բորբոքային կամ աուտոիմուն պրոցեսներ խթանել, որոնք այսօրվա դրությամբ առանց այն էլ շատ բարդ հիվանդություններ են։ Հիմա մի լրացուցիչ գործոն, մի ռիսկ էլ ավելացնել, բնականաբար, մտահոգիչ է։

- Առայժմ «դավադրությունների տեսությունից» է, բայց այն է, որ կփորձեն այս կամ այն ձևով՝ «հարկադիր-կամավոր» կամ այլ, հարկադրել, որ մարդիկ պատվաստվեն։ Համենայնդեպս, բժիշկների շրջանում խոսում են, որ լինելու է հարկադիր։ Դրա դեմ ընդվզելու իմաստ տեսնո՞ւմ եք։

- Այո, եթե անվտանգությունը չապացուցված է, և երկրորդ՝ հարկադրելու մեխանիզմը պետության ձեռքը տրված է, որպեսզի մարդկանց բարեկեցությունն ապահովի, ոչ թե կառավարչական հեշտ մեթոդների ճանապարհով գնա։ Հիմա․ ցանկացած մարդ ուզում է, որ իր առողջությունը պաշտպանված լինի։ Եթե իրենք ապացուցեն, որ առողջություն է պաշտպանվում, հարկադրելու կարիք չի զգացվի։ Ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ ու մեռնել, բոլորն ուզում են լինել առողջ և հիվանդանալու դեպքում արագ ապաքինվեն։ Հիմա, հարկադրելու պարագայում երրորդ հարցն է առաջանում՝ եթե լավ բան եք բերել, խի՞ եք հարկադրում։

- Դե, մեկնաբանում են, որ նման վտանգներից խոսողները հիվանդ են, անմեղսունակ և այլն։

- Գիտե՞ք ինչ կա․ երբ տրակտորը նոր էր կիրառվում, տրակտորի դեմ մարդիկ ընդվզում էին՝ մտածելով, որ այնպես կկոշտացնի հողը, որ հետևից եզը չի կարողանա գութանով հերկել։ Բայց տրակտորն ապացուցեց, որ հարկավոր է մարդկանց։ Ամենը, նորից եմ ասում, պետք է ցույց տալ, ապացուցել, որ անվտանգ է։ Ապացուցողական բժշկությունը հենց դրա մասին է։ Հարկադրելով չէ․ եթե չես ապացուցել, ցույց չես տվել, նորմալ է, որ մարդիկ կասկածում են, սկեպտիկ մոտենում։ Եվ, այո, կասկածամտություն ու դավադրապաշտություն մտնում է, եթե մի բան սկսում ես հարկադրել, որն իրականում պետք է ապացուցեիր։ 

- Գլոբալ մակարդակով նման հարկադրանքները բացառո՞ւմ եք, օրինակ, որ որևէ երկիր չթողնեն մուտք գործել առանց պատվաստանյութի։

- Գոյություն ունեն մարդու հիմնարար ազատություններ և իրավունքներ, ճի՞շտ է։ Հիմա ես ի՞նչ իմանամ՝ էդ հիմնարար ազատությունների գլխին ինչ օյին են ուզում բերել։ Բայց եթե դրանք հարգվեն, ոչ ոք չի կարող գալ ու մարդուն ասել, որ պետք է զոռով պատվաստվես։

- Արսեն Թորոսյանն ի՞նչ պետք է անի, որ ինչ-որ պատվաստանյութ առաջարկելու դեպքում, օրինակ, Դուք համարեք, որ այն վստահելի է։

- Ինձ թվում է՝ այս խնդիրն Արսեն Թորոսյանի մակարդակով էլ չէ, նույն բանն աշխարհում է կատարվում։ Պետք է լինի գիտականորեն ապացուցված պատվաստանյութ, եթե դա կասկածելի եղավ, Արսենը լինի, ով ուզում է՝ լինի։ Ու չի կարելի «հղում անել» մարդկանց անգրագիտությանը, պետք չէ դավադրապաշտական վախերով տառապող մարդկանց անմեղսունակ համարել, ծաղրել ու ինքնահաստատվել էդ մարդկանց վրա։ Եկեք, ես գրագետ եմ, իմ հետ կարա՞ն հիմնավորեն, բանավիճեն, ապացուցեն։ Եկեք, ես բաց եմ, պատրաստ եմ քննարկել ցանկացած մարդու հետ։ Թող գան բացատրեն, թե այդ ոնց է 8 ամսում պատվաստանյութ ստեղծել, որ հիմա էլ որոշում են հարկադրել կամ կամավոր առաջարկել։

- Համաճարակաբանական առումով հիմա վիճակը ո՞նց կգնահատեք։ 

- Ցենտր։ Այդպես էլ գրեք։

- Մերոնք ոնց որ թե ուզում են պատրաստվել երկրորդ ալիքին։ Դա լինելո՞ւ է։

- Ով որ պատրաստվում է երկրորդ ալիքին, մի հատ իրեն հարցրեք՝ էդ ի՞նչ բան է, ի՞նչ մեխանիզմով է աշխատում։ Դա սիրուն բառ է՝ ասո՞ւմ են, թե՞ հասկանում են՝ ինչի մասին է խոսքը։ Եթե հասկանան, նման բան չեն ասի։ Կարող է լինել սեզոնային շնչառական ինֆեկցիաների, նաև՝ կորոնավիրուսի ակտիվացում։ Մեզ մոտ չի լինելու։ Երկրորդ ալիքի մասին թող մտածի Վրաստանը։