Այ անպատասխանատու, հավայի խոսող, ոնց հասկացնենք քեզ, որ սխալ ես

Այ անպատասխանատու, հավայի խոսող, ոնց հասկացնենք քեզ, որ սխալ ես

Լսում եմ հանրահավաքում վարչապետի աթոռը զբաղեցնողի ելույթը, մանավանդ էդ կեղծ, շողոմ խոսքերը՝ Հրապարակում հավաքված ժողովրդին դուր գալու անթաքույց ցանկությամբ ու զարմանում։ Ասում է․ «Օնի՛կ ջան, դու մեծ սխալ ես թույլ տվել։ Դու քո ղեկավարի հրահանգները եւ հրամանները չե՛ս կատարել, դու կատարել ես ժողովրդի կողմից մերժված, երկիրը թալանած, բոլոր հնարավոր տեղերում փայ մտած մեծ մերժվածի հրամանները»։
Էս մարդը կարծում է, որ մարդիկ մեր երկրում երկու տարբերակ ունեն՝ կամ իր հրահանգները պետք է կատարեն, կամ՝ Սերժ Սարգսյանի։ Այսինքն, այլ տարբերակ, որ մարդը իր սեփական սկզբունքներն ու հայացքներն ունենա, երկրին ծառայի, հայրենիքը սիրի, գիտակցի, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը չարիք է մեր երկրի համար եւ պետք է հեռանա, ուղղակի նրա համար գոյություն չունի։ 

Այ, երկիրը խեղկատակության մակարդակի հասցրած խմբագիր, ոնց բացատրենք քեզ, որ քո պատկերացումները մարդկանց, հայրենասիրության, բարոյականության, ազնվության, վերջապես՝ զինվորական ծառայության մասին, շատ հեռու են իրականությունից։ Որ դու քո լրագրողական ու կարճատեւ վարչապետական թյուր ընկալումներով չդատես այն բաների մասին, որից գլուխ չես հանում։ Սա էլ հո Իսկանդերը չի, որ ասես՝ մարսես։ Թեեւ էն հայտարարությունդ էլ չմարսեցիր, ոնց որ նախկին շատ հայտարարություններ եւ ստիպված եղար խոսնակիդ բերանով ներողություն խնդրես ռուսներից, որ թողնեն դեռ մի քիչ էլ մնաս վարչապետի պաշտոնին։ Էդպես էլ չհասկացար, որ մարդուն քրեական հանցանքների մեջ մեղադրելու համար, իսկ եթե մարդուն ասում ես՝ <բոլոր հնարավոր տեղերում փայ մտած>, ուրեմն նրան մեղադրում ես քրեական հանցանքի մեջ, պետք է ապացույցներ ունենաս, դատարանի դատավճիռ, գոնե՝ հարուցված քրեական գործ։ Այ անպատասխանատու, հավայի խոսող, ոնց բացատրենք քեզ էս պարզ բանը։

Ախր մի ամբողջ ազգ չի կարող իր բան ու գործը թողած, քեզ նոր-նոր կրթի, դաստիարակի, արժեքներ ու սկզբունքներ սերմանի, չափի զգացում ներարկի, որ անհեթեթ հայտարարություններ չանես, որ քո արշինով չչափես գեներալներին ու առհասարակ՝ մարդկանց։ Որ հասկանաս՝ երկիրը խաղալիք չի ու պաշտոնն էլ մենակ հաճույքներ ու արտոնություններ չեն։ Ու նաեւ հասկանաս, որ պարտված՝ երկիրը ցնցումների մեջ գցած, էսքան երեխու գլուխ կերած ղեկավարը չի կարող մնալ ու պաշտոնավարել։ 

Կարո Ավագյան