ՔՊ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը։
Ներկայացված օրինագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր ՔՊ-ից։ Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Քվեարկությանը չի մասնակցել 12 պատգամավոր։ Նախագծի վավերացման համար անհրաժեշտ էր 54 ձայն։
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։
Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։
Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վավերացնելուց հետո, եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, նրան կձերբակալեն, ասել էր, որ գործող նախագահներն ունեն իմունիտետ։
ՀԳ․ Հայաստանում Հռոմի ստատուտը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը։
Կարծիքներ