Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից. Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբաններին

Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից. Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբաններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ  գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակների, վարույթների ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության ընթացքում անհրաժեշտ հատկանիշների, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք կարգավորումների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգի և այլ հարցերի մասին:

Ուսանողուհի Լուիզա Լոքյանի հարցին, թե ինչպես կարող են դատավորները, դատախազները զերծ մնալ տարբեր տեսակի ազդեցություններից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է՝ մեջբերելով հույն փիլիսոփա Արիստոտելի խոսքը. «Օրենքը հույզերից ազատ բանականությունն է»: «Սա լավագույն բանաձևն է: Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից: Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են», - ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը խորհուրդ է տվել ուսանողներին ուշադրություն դարձնել կարդացած գրականության որակին: «Ինչպես չեք ընդունի անորակ սնունդ, այնպես էլ չպետք է կարդալ անորակ գրականություն ու տեքստեր: Մեզ տրված ժամանակն արժեքավոր է և այն պետք է ծախսենք դրական ու որակյալ «կալորիա» ունեցող գիտելիքի վրա», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալներ Սրբուհի Գալյանը և Գևորգ Բաղդասարյանը ուսանողների հետ զրույցում անդրադարձել են իրենց համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին, առկա խնդիրների լուծման ուղղություններին:    

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորման պատմությունը, նպատակները և գործառույթները՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային բարիքը պետությանը վերադարձնելուն:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության համար անհրաժեշտ հատկանիշներին և դրանցից առանձնացրել հոգեբանական կայունությունը, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու կուտակած գիտելիքը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանն ու զարգացման ընթացքին:

Գլխավոր դատախազությունում ուսանողների հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: