Փոքր Մհերը ևս տեսավ, որ մեր իրականությունն իրավակարգ չէ․ Դիլբարյանը՝ Հովհաննիսյանի մասին

Փոքր Մհերը ևս տեսավ, որ մեր իրականությունն իրավակարգ չէ․ Դիլբարյանը՝ Հովհաննիսյանի մասին

Քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը, ով մինչև այս տարվա մայիսի 2-ը զբաղեցնում էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը, երեկ հայտարարեց կուսակցությունից հեռանալու մասին՝ «պետության համար վճռորոշ պահ է, ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են»:

«Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված», - ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել էր Դիլբարյանը:

Անդրադառնալով Դիլբարյանի որոշմանը՝ կուսակցության համահիմնադիր, քաղաքական խորհրդի նախագահ, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գրել է. «Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են և նախընտրական: Հաջողություն ենք մաղթում»։

Հեռանալու պատճառների մասով Դիլբարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Ես ձևակերպել էի հնարավորինս հակիրճ։ Շնորհակալ եմ, իհարկե, ինձ ուղղված գնահատանքի համար, բայց հեռանալու պատճառները բնավ անձնական չեն։ Նախընտրական են այն մասով, որ հնարավոր նախընտրական զարգացումների շեմին երևի թե տարաձայնություններն ավելի բևեռային են դառնում։ Եվ երբ պահը դառնում է վճռորոշ, ապա պետք է կողմնորոշվել։ Պարոն Հովհանիսյանը համոզված է, որ այս ընտրությունները լինելու են դաժան, լինելու են ոչ իրավակարգ, և նրան մասնակցել պետք չէ, որովհետև հայրենազրկողների հետ այդպիսի մրցապայքարում անհնար է հաջողության հասնել և այլն։ Ըստ ամենայնի, այդ դիրքորոշումը ոչ թե իրավակարգության առումով էր, այլ երևի թե այլ պատճառներով։ Ես այն ժամանակ չեմ եղել Ժառանգական, որ «Ժառանգությունը» դիրքորոշում որդեգրեց 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրություններում՝ չմասնակցելով դրանց»։

Դիլբարյանն ընտրություններին չմասնակցելու այսպիսի մոտեցումը նմանեցրեց «Սասնա Ծռեր» էպոսում Փոքր Մհերի մասին պատմությանը։ «Փոքր Մհերը ևս տեսավ, որ մեր իրականությունն իրավակարգ չէ (և դա իրոք այդպես է), և գնաց-փակվեց Ագռավաքարում։ Եվ տարբեր առասպելներ կան, թե երբ է դուրս գալու․ երբ որ «ցորենը կդառնա մասուրի հատիկի չափ», և ընդհանրապես «կբացվի լուսաբացը»։ Ես համոզված եմ, որ եթե ինքդ ջանք չես թափում, այդ լուսաբացը, ցավոք սրտի, չի գալիս։ Եվ 2018 ընտրություններին էլ, երբ «Ժառանգությունը» չմասնակցեց, ես փաստորեն հիմա համոզվեցի, որ դա նույնպես սխալ էր։ Որովհետև եթե դու չես մտնում դաշտ ու քո գաղափարախոսությունն առաջ չես տանում, ապա իրենց գաղափարախոսությունը տանում են այլ մարդիկ։ Եվ դրանից քաղաքական ներկապնակը վերածվում է ընդամենը երկու աղքատիկ գույնի՝ սևերի և սպիտակների», - ընդգծեց նա։

Հարցին՝ քաղաքական ուժ կա՞, որի հետ պատրաստ է մասնակցել ընտրությունների, գործիչը դրական պատասխան տվեց։ «Ես որոշել եմ իմ համեստ ուժերը ներդնել այդ ընտրապայքարում։ Ընդ որում, այո՛, ես համոզված եմ և բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ այս ընտրությունները կարող են ունենալ իրավակարգության ցածր աստիճան։ Մենք կարող ենք նաև ունենալ ընտրությունների երկրորդ փուլ։ Ընտրություններին կարող են կիրառվել բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք հեռու կլինեն ազատ և անաչառ ընտրություններ անցկացնելուց։ Այդ խորհրդարանը կարող է վերստին լինել ժամանակավոր, որովհետև այնտեղ կարող է մեծամասնություն չձևավորվել։ Այսինքն, երկիրն էլի հայտնվի վտանգավոր ցնցումների մեջ, և այն հայտարարութունը, որը ես առաջարկել էի, և մենք 7 կուսակցություններով ստորագրել ենք, թելադրված է հենց այդ խորը մտահոգությամբ։ Բայց դրանից չի բխում, որ պետք է սպասել, թե երբ կգա մեր ժամանակը։ Ես ասում եմ, որ մենք պետք է փորձենք մոտեցնել այդ ժամանակը՝ բնականաբար չունենալով որևէ երաշխիք, որ դու անպայման կհաջողես», - ասաց Նարինե Դիլբարյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ ուժերի համախմբումը շատ կարևոր է։ «Բաց դրանից, ես սա շեշտել եմ նաև մինչ այդ՝ և՛ խորհրդի, և՛ մնացած մոտեցումներում։ Գիտե՞ք, կուսակցության մեջ տարաբևեռություն կար։ Այստեղ ես խնդիրը նշել էի, որ մարտավարական և ռազմավարական տարբերություններն էին։ Եվ փորձը ցույց է տվել, որ կուսակցությունները, որ տևական ժամանակ չեն լինում իշխանության մեջ, այնտեղ առաջանում են տարբեր դժվարություններ, տարբեր բարդույթներ։ Բարդույթները հաղթահարելու համար ժամանակ է պետք, ուժ է պետք։ Ցավոք սրտի, մենք չունենք այդ ժամանակը և ուժը։ Իրադարձությունների զարգացումը ցույց կտա, թե որ սցենարը կհաղթի։ Բայց ես կարծում եմ, որ Մեծ Մհերի կերպարը մեր դյուցազներգության մեջ առավել ազդեցիկ է», - հավելեց նա։

Այսօր նաև հայտարարություն տարածվեց, որ մայիսի 1-ին տեղի է ունեցել համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և Պահպանողական կուսակցությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ «Արձանագրելով երկրում տիրող ազգային - քաղաքական լրջագույն ճգնաժամը և այն հաղթահարելու քաղաքական ուժերի պարտավորությունը՝ կուսակցապետերը նշեցին, որ արմատական բարեփոխումներ կատարելու, մասնավորապես, իշխանությունը ժողովրդավարական ճանապարհով վերցնելու և Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար բարենպաստ կարող են լինել 2021 թ.-ին սպասվող ԱԺ հնարավոր արտահերթ ընտրությունները»։

Այս հայտարարության մասով «Հրապարակը» կրկին կապ հաստատեց տիկին Դիլբարյանի հետ, ով ասաց, որ այս հայտարարության տակ ինքն է ստորագրել մայիսի 1-ին՝ մինչև «Ժառանգությունից» հեռանալը։ 

Քաղաքական գործիչը կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել էր մայիսի 2-ին։