«Սասունցի Դավթից» մինչեւ արհեստական բանականության ստեղծած պիես. Մեկնարկում է «Արմմոնո Plus»-ը

«Սասունցի Դավթից» մինչեւ արհեստական բանականության ստեղծած պիես. Մեկնարկում է  «Արմմոնո Plus»-ը

Երեւանում նոյեմբերի 29-ից մեկնարկում է «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի տեւելու է մինչեւ դեկտեմբերի 4-ը: Փառատոնը ներկայանալու է հագեցած ծրագրով։ Հայաստան են ժամանելու միջազգային մի քանի փառատոների տնօրեններ։ Կցուցադրվի միջազգային 2 ներկայացում։ «Փառատոնի համար բեմադրել ենք բազմերանգ եւ բազմաժանր 12 ներկայացում։ Կունենանք դրամատուրգիական եւ դերասանական դեբյուտներ։ Դեկտեմբերի 4-ին էլ կհանդիպենք արհեստական բանականության հետ։ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրանտ Սոնա Խաչատրյանը կներկայացնի այդ գործակցությունը։ Կունենանք նաեւ հատուկ պիես, որը գրել է արհեստական բանականությունը»,- տեղեկացրել է «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ապա նշել, որ փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվող մոնոներկայացումների մեծ մասն առաջնախաղեր են։ 

«Ինչու ստեղծվեց «Արմմոնո Plus»-ը, որովհետեւ «Արմմոնոյի» հիմնական փուլից հետո մենք հասկացանք, որ ստեղծվում են բազմաթիվ ներկայացումներ, եւ մեկ փառատոնի շրջանակում հնարավոր չէ բոլորին ներգրավել ու դրանք ցուցադրել: Այնպես է ստացվում, որ ներկայացումները երբեմն չեն հասցնում պատրաստ լինել «Արմմոնոյի» հիմնական՝ գարնանային փուլին: Դրա համար արդեն 8 տարի ստեղծված է «Արմմոնո Plus»-ը»,-ընդգծում է Մ. Մխիթարյանը, որի խոսքով, «Արմմոնո Plus»-ը եթե սկզբում տեղական, հայաստանյան փառատոն էր, ավելի դեբյուտային, հիմնականում երիտասարդներին ընդգրկելու համար, հիմա արդեն 8-րդ «Արմմոնո»-ն դարձել է միջազգային: 

Փառատոնի մեկնարկը տրվելու է Արմեն Քուշկյանի «Սասունցի Դավիթ» մոնոներկայացմամբ, որի բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն է։ «Երբ բեմադրության համար վերընթերցեցինք էպոսը, մեկ անգամ եւս ընդգծվեցին այնպիսի մեսիջներ, որոնք մեր այսօրվա, մեր երեկվա մասին են, այն սխալների մասին, որոնք այսօր էլ թույլ ենք տալիս։ Ներկայացման հիմնական ուղերձն այն է, որ մեզ պետք են դավիթներ, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ հայ երիտասարդների մեջ չմեռնի Դավիթը, արմատախիլ արվեն դավաճանությունը, նենգությունը, վախը, քծնանքը, այն ամենը, ինչը բերել է մեզ կորուստների ու պարտությունների։ Կերպարը դժվար տրվեց, բայց աշխատանքը բավական հետաքրքիր էր, ու կարծում եմ՝ մենք հաջողել ենք»,- իր հերթին նշել է դերասան Արմեն Քուշկյանը: