Մանիպուլյացիաներ դիվանագետների քվեարկության թվերի հետ

Մանիպուլյացիաներ դիվանագետների քվեարկության թվերի հետ

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարական ընտրություններում օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամների էլեկտրոնային քվեարկության արդյունքների մասով ուշագրավ դեպք արձանագրվեց։ Քանի որ դիվանագետներն ավելի վաղ էին քվեարկել, նրանց քվեարկության արդյունքներն էլ շուտ հայտնի դարձան՝ հունիսի 20-ին ժամը 15:12-ին «Մեդիապորտը» գրել էր, որ դիվանագետները մեկ մարդու պես մերժել են Նիկոլ Փաշինյանին․ «ԿԸՀ-ն արդեն ունի էլեկտրոնային եղանակով քվեարկած ընտրողների ընտրության արդյունքները: Դրանք օրենքի պահանջով կհրապարակվեն 20:00-ից հետո, երբ փակվեն տեղամասերը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 287 ընտրողից 284-ը: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 168 ձայն ստացել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, դիվանագետները 112 ձայն տվել են «Պատիվ ունեմ» դաշինքին և ընդամենը 4 ձայն ստացել է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»: Հիշեցնենք, որ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագետներն ու իրենց ընտանիքի անդամները քվերակությանը մասնկացում են էլեկտրոնային եղանակով, այսօրվա քվեարկությունից մեկ շաբաթ առաջ», - հունիսի 20-ին գրել էր Mediaport-ը:

Իսկ արդեն հունիսի 20-ի երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց էլեկտրոնային քվեարկության պաշտոնական արդյունքները, թե ինչպես են քվեարկել օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները։ Արդյունքները հայտնել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը․ քվեարկության իրավունք ունեցող 650 անձանցից ընտրություններին մասնակցել էր 500-ը, և ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «Արդար Հայաստան» կուսակցություն - 1, ՀԱԿ – 43, ՔՊԿ - 163, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն - 0, «Ազատություն» կուսակցություն – 2, «Պատիվ ունեմ» դաշինք – 14, «Միասնական հայրենիք» կուսակցություն - 1, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն – 0, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 14, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 2, «Հանրապետություն» կուսակցություն – 17, «Հայոց հայրենիք» կուսակցություն – 4, «Ազատ հայրենիք» դաշինք – 0, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 3, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն – 4, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 12, «Քաղաքացու որոշում» ՍԴԿ – 2, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինք – 3, «Ազգային օրակարգ» կուսակցություն – 0, «Վերելք» կուսակցություն – 14, «Ազատական» կուսակցություն -12, «Հայաստանի եվրոպական» կուսակցություն – 0, «Հայաստան» դաշինք – 135, «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» համահայկական կուսակցություն – 6, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 3։ Իսկ անվավեր է ճանաչվել 45 քվեաթերթիկ։

Հարց է ծագում՝ ինչպես կարող էր նման տարբեր տեղեկատվություն հայտնվել ասպարեզում։ Այսօր մեզ հետ կապված դիվանագետներից մեկը, որը դեռ պաշտոնավարում է, ուստի խնդրեց անունը չհրապարակել, ասաց, որ Մեդիապորտի հրապարակած տվյալներն իրական են, դրանց հրապարակումից հետո ինչ ինչ մանիպուլյացիաների միջոցով փոխել են քվեարկության թվերը ՝ այնպես, որ Նիկոլ Փաշինյանը հաղթած դուրս գա։ Իսկ Մեդիապորտի նշած 4 հոգին, որոնք քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, Նիդերլանդների Թագավորությունում ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանն է, նրա կինը։ Բալայանը, հիշեցնենք, Գերագույն խորհրդի Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է, իսկ Կիմ Բալայանը նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիայի հետո հացադուլ էր արել ու պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեսպանն ունի նաև երկու եղբայր։ Իրավաբանական գիտությունների թեկնածու Գաբրիել Բալայանը 2018 թվականի մայիսի 29-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 24-ը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, հրաժարական տվեց 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ Մյուս եղբայրը հայտնի դատավոր Դավիթ Բալայանն է, ում վրա իմքայլական իշխանություններն ու իրենց աջակիցները շարունակ փորձել են ճնշումներ գործադրել իր ընդունած դատական որոշումների և վճիռների համար, սակայն չեն հաջողում։

«Հրապարակը» կապ հաստատեց դեսպան Բալայանի հետ, հարցնելով․ «Մենք տեղեկություններ ունենք, որ հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած դիվանագետներից մեկն էլ Դուք եք։ Այդպե՞ս է»։ Ի պատասխան արտակարգ և լիազոր դեսպանն ուղարկեց նախկինում տրված «Խնդրում եմ որևիցե հարցով ինձ ուղիղ չդիմել, միայն ԱԳՆ միջոցով» պատասխանը։ Մինչդեռ կարելի էր ընդամենը հաստատել, կամ հերքել մեր տեղեկությունը։ ՔՊ-ի օգտին քվեարկած մյուս զույգը՝ դիվանագետների շրջանակից, հունիսի 1-ին Ուկրաինայում դեսպան նշանակված Վլադիմիր Կարապետյանը և նրա կինը՝ Լիլիթ Նազարյանն են։ Վլադիմիր Կարապետյանը 2019-ի հունվարի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 9-ը եղել է Փաշինյանի մամուլի խոսնակը։  Հունիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ինչպես կպարզաբանի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և Վլադիմիր Կարապետյանի՝ իշխանության կողմն անցնելու հանգամանքը, ասել էր․ «Էլեմենտար ճամբարափոխություն։ Չեմ ուզում ասել ավելի լատիներեն բառը՝ առնետավազք»։

Հիշեցնենք նաեւ, որ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ տեղեկություններով՝ Արգիշտի Քարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր կապը շարունակում է իրականացրել Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կնոջ՝ Լիլիթ Նազարյանի միջոցով։ «Նազարյանը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։ Նազարյանը Կիևում այս ընթացքում մի քանի հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հետ, որի անունը կհրապակենք առաջիկայում։ Նազարյանի միջոցով Փաշինյանը ստացել և Ադրբեջանի նախագահին է ուղարկել մեսիջներ և հաստատել փոխադարձ պայմանավորվածություններ», - գրել էր տելեգրամյան ալիքը։

Իսկ թե ինչպես է 284 ընտրողը դարձել 500, այլ ուսումնասիրության թեմա է՝ քանի որ արտաքին գործերի նախարարությունը ոչ նախարար ու փոխնախարարներ ունի, ոչ խոսնակ, այս կառույցից որեւէ տեղեկություն ճշտելն անհնարին է դարձել։