Փորձել են ճնշել գյուղապետին՝ «չի ճնշվել»

Փորձել են ճնշել գյուղապետին՝ «չի ճնշվել»

Կոտայքի մարզի խոշորացված Չարենցավան համայնքի կազմում ընդգրկված Ֆանտան համայնքում դեկտեմբերին գյուղապետ փոխվեց։ Փոփոխության պատճառը վարչական ղեկավարի՝ մարզային իշխանություններին չենթարկվելն ու գյուղի դպրոցի տնօրենի ընտրության հարցում մարզպետի քիմքին հակառակ քվեարկությունն էր։ Դեկտեմբերի 12-ին Ֆանտանի դպրոցի տնօրենի մրցույթ է անցկացվել, որին մասնակցել ու դարձյալ հաղթել է դպրոցի գործող տնօրենը՝ Նարինե Աբրահամյանը։ Բայց, ինչպես մեզ փոխանցեցին, Աբրահամյանի պաշտոնավարմանը դեմ է եղել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Մեզ ասացին, որ մարզպետարանից ասել են՝ «եթե մեր հետ չես, ուրեմն մեր դեմ ես»։ Դրա համար մարզպետի հրահանգով փորձել են «հին Հայաստանին» հատուկ մեթոդներով ճնշել դպրոցի կառավարման խորհրդի անդամներին, որոնց թվում էր նաեւ Ֆանտանի արդեն նախկին գյուղապետ Գեորգի Սաֆարյանը, որ դեմ քվեարկեն, եւ Աբրահամյանը, որը միակ թեկնածուն էր, չընտրվի։ Հետո կորոշեն, թե ում առաջադրեն տնօրենի թափուր տեղի համար։ Բայց մարզպետարանի ու մարզպետի գործադրած ջանքերն ապարդյուն են անցել։ Աբրահամյանը ձայների 5/3 հարաբերակցությամբ հաղթել է մրցույթում եւ այժմ շարունակում է ղեկավարել դպրոցը։ Խորհրդի 8 անդամից հինգը կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ։ Կողմ քվեարկողներից մեկն էլ եղել է Գեորգի Սաֆարյանը, որին մարզպետից հրահանգ է իջել դեմ քվեարկելու, սակայն Սաֆարյանը, որը, ասում են՝ սկզբունքային տղա է, չի ենթարկվել ճնշմանը, դեմ չի քվեարկել իր համագյուղացուն, որի աշխատանքից, ի դեպ, դժգոհ չեն։ Եվ «կողմ» քվեարկելու գինը եղել է պաշտոնը։ Մրցույթի հենց հաջորդ օրը նա դիմում է գրել եւ ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Զանգել ասել են՝ քո փոխարեն արդեն այլ ղեկավար կա, որ իր հետ չեն ուզում աշխատել։ Ապա նրա փոխարեն նշանակել են նույն գյուղի բնակիչներից մեկ ուրիշին՝ Դավիթ Իվանյանին։

Մեզ հետ զրույցում թե՛ Գեորգի Սաֆարյանը, թե՛ Նարինե Աբրահամյանը չցանկացան ուղիղ տեքստով խոսել այս մասին ու փորձեցին հերքել, թե ճնշումներ են եղել՝ հավանաբար չցանկանալով գլխացավանքի մեջ ընկնել արդեն կայացած փաստից հետո։ Բայց նրանց որոշ պատասխաններից հասկացվեց, որ մեր տեղեկությունները միանգամայն ճիշտ են, եւ ակամայից էլ խոստովանեցին այն, ինչի մասին շատերն են խոսում թե՛ Ֆանտան գյուղում, թե՛ Չարենցավան քաղաքում։
Ֆանտան գյուղը մեկ տարի ղեկավարած Սաֆարյանն ասաց, որ ինքը վաղուց էր ուզում ազատվել աշխատանքից, քանի որ հոգնել էր, եւ որ դրանից առաջ երկու անգամ դիմում գրել է, բայց փոշմանել է։ Այս անգամ «լավ առիթ» էր՝ վերջնական ազատվելու։ Թեպետ փորձեց պնդել, թե իր ազատումը դպրոցի տնօրենի ընտրության հետ կապ չի ունեցել։ «Չէ, չէ, իմ կամքով է եղել, ընդհանրապես կապ չունի դրա հետ, ես անցած տարի երկու անգամ էլ ուզել եմ դուրս գալ աշխատանքից, բայց պետք էր, որ մնայի, հարցեր կային օգնելու»,- ասաց Սաֆարյանը։ Իսկ երբ փորձեցինք շարադրել մեր տեղեկությունը, թե իրեն փորձել են պարտադրել, որ դեմ քվեարկի դպրոցի տնօրենի թեկնածությանը, Սաֆարյանը կանխեց մեր հարցը․ «Սենց ասեմ՝ էդ թեման փակենք»։ Ապա հավելեց․ «Ես չգիտեմ՝ ով ինչ ա ուզեցել լինի, ես արել եմ էն, ինչ հարմար եմ գտել»։ Մեր դիտարկմանը, թե իր այդ քվեարկությունից հետո նա փաստացի ազատվել է աշխատանքից, Սաֆարյանն ասաց, թե ընդամենը «հասարակ զուգադիպություն» է եղել։

Նարինե Աբրահամյանն էլ, մեր հարցը լսելուն պես, անմիջապես առաջ անցավ․ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ցավդ տանեմ, ամեն ինչ նորմալ անցել ա, ես էլ ընտրվել եմ։ Ուզել են, թե չեն ուզել, էդ արդեն իրանց խնդիրն ա։ Ես՝ ինքս, ինձանով անցել եմ»։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը տեղյակ են, ինքը տեղյակ չէ․ Աբրահամյանը խնդրեց ուղղակի հարցը շրջանցել։ «Թող խնդիրներ չլինեն, էլի»,-ասաց նա։ Խնդիրներ արդեն եղել են այն իմաստով, որ մարզպետարանից չէին ցանկանում, որ նա ընտրվեր, Նարինե Աբրահամյանն ասաց․ «Դե, ոչինչ, իրենք չէին ուզում, տարիներ շարունակ բոլորն էլ չեն ուզել, բայց ես ընտրվել եմ։ Դա եղել ա 2009 թվից հետո, 2014 թվին, իրենք չեն ուզել, բայց ես անցել եմ»։ Իսկ ինքը որեւէ կուսակցության անդամ եղե՞լ է երբեւէ, Աբրահամյանն ասաց․ «Կուսակցության անդամ՝ օրինական գրանցված, չեմ եղել, բայց ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամ Դաշնակցության կողմից էլ եմ եղել, ԲՀԿ-ից էլ եմ եղել, ՀՀԿ-ից էլ»։ Նկատեցինք, որ իր՝ դպրոցի տնօրենի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո պաշտոնից ազատվել է գյուղի վարչական ղեկավարը, քանի որ վերջինս իր օգտին է քվեարկել։ Աբրահամյանն ասաց․ «Հա, ինքն ազատվել ա»։ Այդ դեպքում չստացվե՞ց, որ ճնշում են գործադրել, որ ինքը չընտրվի, տնօրենն արձագանքեց․ «Դե, հիմա, իրենց խնդիրն է դա արդեն, ի՞նչ ասեմ»։