Զանգեցինք հեռախոսին՝ թուրքը վերցրեց, ասաց՝ Ձեզ էլ կսպանեմ․ զինվորներին հաց հասցրած Սասունի պատմությունը

Զանգեցինք հեռախոսին՝ թուրքը վերցրեց, ասաց՝ Ձեզ էլ կսպանեմ․ զինվորներին հաց հասցրած Սասունի պատմությունը

«Սասունս 31 տարեկան էր, ուներ միջնակարգ կրթություն, արհեստավոր էր, շատ չարաճճի էր դեռ մանկուց, սիրված, հարգված, իր արդար քրտինքով ապրող տղա էր, անկեղծ էր շատ։ Ինքն իմ համար մաքրության տիպար էր»,- այսպես է արցախյան վերջին պատերազմում զոհված Սասուն Մովսեսյանի մասին պատմում նրա մայրը՝ տիկին Անահիտը։

Արցախ մեկնել է սեպտեմբերի 27-ին, երբ լսել է պատերազմի լուրը, նախորդ օրը եղել է Արցախում, կինը նշում է՝ սեպտեմբերի 26-ին հանգիստ վիճակ է եղել։ Հաջորդ օրը Սասունը լսել է պատերազմի լուրը, առաջին բանն էլ, որ արել է՝ մեքենան լցրել է սննդամթերքով եւ ուղեւորվել մարտի դաշտ։

«Ինչ անհրաժեշտ էր բանակին, ինքը լցնում  էր մեքենան եւ գնում։ Ինքն ինչ արել է բանակի համար Դավիթ Բաբայանը տեղյակ է։ Շատ ժամանակ գալիս էր, Վարդենիսի կողմով էր գնում։ Սասունը ձգտում էր գնալ «Եղնիկներ», քանի որ հորեղբոր տղան էլ էր այնտեղ, վախենում էր, ասում էր՝ անփորձ է, գնամ, կողքին լինեմ։ Ինքը չէր սպասում, ավտոն լցրել էր ամեն ինչով՝ ծխախոտով, ջրով, ամեն ինչով․․․ ինքը Վարդենիսի «Զոդի» չաստ է տարել ամեն ինչ, իմ էրեխեն իր մեքենայով է այդ ամեն ինչը տարել… Մի օր զանգեց, ասեց՝ մամ, ալյուր ենք տանում, տանից էլ երկու մեշոկ դիր, թող բերեն, ասի՝ կդնեմ, մի խոսքով՝  ինքը գալիս էր, նորից լցնում էր մեքենան ու գնում ու ոչ միայն սնունդ, այլ նաեւ՝ հեռադիտակներ, պլաշներ, ձեռնոցներ, ինչը որ հարկավոր էր զինվորին»,- պատմում է մայրն ու հավելում՝ ինքն ասել է՝ էլ մի գնա, սակայն  որդուն ետ պահել չի կարողացել։

Սասունը եղել է նաեւ հայտնի «Կարմիր շուկայի» տարածքում։ Վերջին անգամ խոսել են Սասունի հետ նոյեմբերի 6-ին, ասել է՝ գնում եմ հանդիպման, կգամ, կզանգեմ, ու այդ զանգը եղել է վերջինը․  «Ասաց՝ գնում եմ Դավիթ Բաբայանի հետ հանդիպման, վիճել էր, ասել էր՝ զենք տուր, ես ուզում եմ դուրս գամ դիրքեր՝ կռվի, Բաբայանն ասել էր՝ այսքան բան ես արել բանակի համար․․․ Մի խոսքով՝ հետո անընդհատ սպասեցիք, բայց զանգ չկար, շատ էինք զանգում, բայց չէր պատասխանում, վտանգը ոնց որ զգայի ես։ Ամուսնուս ասացի՝ դու ինչի՞ ես մնացել տանը, երբ իմ  էրեխեն մարտի դաշտում է, դու գնա էրեխու հետեւից, ամուսինս գնաց Գորիս, բայց էնտեղից ետ էին ուղարկել։ Նոյեմբերի 9-ին գնացինք Վարդենիս, հաջորդ օրը տղայիս կինը զանգել էր հեռախոսահամարին, պատասխանել էին, զանգահարեց մեզ ասաց,  մենք զանգահարեցինք, թուրքը պատասխանեց, ամուսինս ասաց՝ սա իմ տղայի հեռախոսն է, ո՞վ ես դու, թուրքը ասաց՝ ես եմ քո տղային սպանել, քեզ էլ, քո թոռներին էլ կսպանեմ։ Այդ ժամանակ չեմ հիշում՝ իմ հետ ինչ պատահեց․․․ Վերջը ամուսինս գնաց Ստեփանակերտ, բացել էին տեսախցիկը, ցույց էր տվել, որ տղաս գնում է Շուշի, ինքը զոհվել է Շուշիի մատույցներում՝ արկի պայթյունից։ Ես լավ գիտեմ, ինքը մտածում էր՝ մի զինվորի էլ օգնի»։

Բացի սնունդ հասցնելուց, նաեւ արտահասմանյան լրատվիջոցների լրագրողներին, այդ թվում՝ Սեմյոն Պեգովին է իր անձնական ավտոմեքենայով կռիվ դաշտ տարել-բերել․ «Իսպանացի լրագրող Պաբլոն եկել էր հյուրանոց, հարցրել էր Սասունին, ասել էին ՝ զոհվել է, այնտեղ մենք համարներ էինք թողել, զանգել էր, պայմանավորվեցինք, որ գա հյուր։ Պատմում էր, թե ինչեր է արել Սասունը բանակի համար, իրենց անշահախնդրորեն տեղափոխել է պատերազմի թեժ կետերը։ Երբ հրթիռակոծեցին Շուշիի եկեղեցին, Սասունը Պաբլոյին ասում է՝ վեր կաց, առաջինը դու պետք է նկարահանես, որ աշխարհին ցույց տաս։ Պաբլոն ասում էր՝ ես Սասունին ասել եմ՝ ուզում եմ կինո նկարեմ քո մասին, ու հիմա իսպանացի լրագրողը Սասունի նկարներն է ուզել, որ մի ռեպորտաժ պատրաստի»։

Սասունը ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս որդի։

«Սա անդառնալի ցավ է, ամեն մի զինվորի համար ցավ եմ ապրել, իմ համար տարբերություն չկար՝ իմ երեխան էր, թե չէ, ես առնում էի, կերակրում էի, մեծ ցավ էի ապրում, բայց որ հերթը հասավ իմ տղային․․․․ սա անդառնալի ցավ է, որ մենք կրում ենք ու կկրենք մինչեւ մահ ու գերեզման։ Մարտի 25-ին ծննդյանս օրն էր, ծաղիկներ էին ուղարկել աղջիկներս, բայց սպասում էի տղայիս ծաղիկներին․․․․»,- եզրափակում է որդեկորույս մայրը։