Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ-Պարկում․ Jewishjournal.com

Լոս Անջելեսում կոչ են անում չեղարկել Նիկոլ Փաշինյանի ելույթը Գրանդ-Պարկում․ Jewishjournal.com

Jewishjournal.com հրեական պարբերականը բավական ընդարձակ հոդվածով անդրադարձել է այս կիրակի՝ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի կողմից Գրանդ Պարկում ունենալիք ելույթին եւ հավաքին։ Պարբերականը գրում է, որ սա առաջին դեպքն է, որ արտասահմանյան առաջնորդին նման արտոնություն է տրվում եւ շարունակում է, որ դա նորմալ կլիներ, եթե Հայաստանը լիներ ԱՄՆ անձնվեր դաշնակիցն ու ԱՄՆ արժեքների կիսողը, սակայն դա այդպես չէ։ Հրապարակման մեջ ընդգծված կերպով նշվում է, որ 1991 թվականին անկախանալուց հետո Հայաստանը մշտապես վարել է ԱՄՆ-ին հակասող արտաքին քաղաքականություն, մշտապես դեմ քվեարկելով այնպիսի բանաձեւերի, որոնք առաջարկվել են ամերիկացիների կողմից։ Խոսքը Ղրիմ ռուսական ներխուժումը դատապարտող բանաձեւի մասին է, որին Հայաստանը դեմ քվեարկեց Ռուսաստանի, Սիրիայի Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի եւ այլ 11 երկրների հետ միասին։ Նշվում է նաեւ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորախումբ է ուղարկել Սիրիա՝ Բաշալ ալ-Ասադին օգնելու։ Հրապարակման մեջ նշվում է, որ Ասադը սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառած առաջնորդ է եւ Փաշինյանը նման առաջնորդի է օգնել։ Հոդվածում ներկայացվում է նաեւ հայոց պատմության 20 դարի որոշ փուլեր, ու պետական գործիչներ, մասնավորապես Գարեգին Նժդեհն ու Դրաստամատ Կանայանը, նրանց որակելով որպես նացիստների բարեկամներ եւ խոսվել է նաեւ «Հայկական լեգիոնի» մասին։ Որքան էլ զարմանալի է, Հայաստանը հոդվածում ներկայացվում է որպես հրեատյաց երկիր, իսկ հետաքրքրական է այն, որ Ղարաբաղյան խնդիրը ներկայացվում է ադրբեջանական դիրքերից։ Հոդվածի վերջաբանում նշվում է, որ 600 հազարանոց հրեական համայնքը կձեռնարկի քայլեր, որպեսզի այդ հավաքն ու ելույթը չեղյալ հայտարարվի, որը, ըստ հոդվածագիրները ամոթ է Լոս Անջելեսի համար։