Որ ուժերի հետ կոալիցիա կկազմի Արայիկ Հարությունյանը

Որ ուժերի հետ կոալիցիա կկազմի Արայիկ Հարությունյանը

«Ես Արցախում հակառակորդ, թշնամի չունեմ: Մի փորձեք սեպ խրել: Մասիս Մայիլյանի հետ ունեմ անցած ճանապարհ, Սամվել Բաբայանը եղել է մեր հրամանատարը, երբ ես ծառայում էի»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան հարցի՝ եթե երկրորդ փուլում ինքը հաղթի, դաշինք կկազմի՞ խորհրդարանական երկրորդ ուժի, որն այս պարագայում Սամվել Բաբայանի կուսակցությունն է, կամ Մասիս Մայիլյանի հետ.

«Թեկնածուներից երկուսը սանիկներս են: Բոլորի հետ ընկերներ ենք, մի փորձեք արհեստական սեպ խրել մեր մեջ: Մենք չպետք է բաժանվենք, եթե տրոհվենք, շատ բան ենք կորցնելու: Մեր քաղաքական ամբիցիաները պետք է մի կողմ դնենք, բացի Ադրբեջանից՝ բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել: Մենք պետք է հրաժարվենք շռայլություններից, մենք պետք է խնայենք մեր ռեսուրսները, խնայենք ամեն ցենտն ու դոլարը», - ասաց Հարությունյանը: 

Հարությունյանը հարցին նաեւ ուղիղ պատասխանեց. «Կոալիցիա կկազմենք այն ուժերի հետ, որոնք կընդունեն Արցախի զարգացման սոցիալ-տնտեսական, անվտանգության օրակարգը: Եվ կա մի կարևոր պայման, որի մասին հայտարարել եմ 2019 թվականին. Արցախը Հայաստան է և վերջ, Արցախի իշխանությունները պարտավոր են համագործակցել ՀՀ իշխանությունների հետ: Այսօր, փառք Աստծո, մեր քաղաքական ուժի և ՀՀ իշխանությունների միջև Արցախի խնդրի հարցով տարաձայնություն չկա: Այն ուժերի հետ, որոնք պատրաստ են այս ծրագրերի շրջանակներում համագործակցել, մենք համագործակցելու ենք», - ասաց բանախոսը: