Ռազմական կոմունիզմ

Ռազմական կոմունիզմ

Դատելով վերջին մեկուկես տարվա ընթացքում իրականացված քայլերից, ընդունված օրենքներից, հնչեցված ելույթներից՝ կարող ենք պնդել, որ այս իշխանությունների գաղափարախոսությունը, ծրագիրը, ինչպես բոլոր հեղափոխական իշխանություններինը, նախկին բուժուազիայի մի մասին կուլակաթափ անելն է, ունեցվածքի վերաբաշխումը։ Սա, իհարկե, իրենց լեքսիկոնում այլ անուն ունի՝ արդարության հաստատում, պետությունից թալանածը, անաշխատ եկամուտները վերադարձնել։ Մեծ հաշվով՝ ազնիվ ցանկություն է, եթե համոզված լինեինք, որ այն վերաբերելու է անխտիր բոլորին եւ ճշգրիտ չափանիշների՝ հաշվարկների, դատական որոշումների, արդար քննության արդյունքում է կատարվելու։ Չնայած անգամ այդ պարագայում, անկասկած, երկիրը հայտնվելու է ցնցումների, թշնամանքի ու պառակտման, ատելության եւ վրեժի ճիրաններում։ Եվ թող ոչ մեկը չասի, թե ատելության խոսք տարածողները ֆեյսբուքյան օգտատերերն են կամ ընդդիմությունը։ Հանրային երկփեղկվածությունը խարսխված է Մոնումենտի առանձնատների օրինականությունը ստուգող քրեական գործի, «ապօրինի ծագում ունեցող գույքի» բռնագանձման եւ «բանկային գաղտնիքը» սահմանափակելուն ուղղված օրենքների վրա։ Երեկ էլ հայտարարվեց, որ վարչապետի մոտ խորհրդակցություն է կայացել, որի ժամանակ քննարկել են «գույքահարկի նոր համակարգի ներդրման» հարցերը։ Եթե սրան գումարենք նաեւ այն տեղեկությունները, որ այսինչ հանքի լիցենզիան դադարեցվեց եւ լիցենզիա տրամադրվեց մեկ այլ ընկերության։ Մեկ անձից կատարվող գնումների ցանկն ընդլայնվեց։ Այսինչ տենդերում հաղթեց ոչ թե նախկին՝ մասնագիտացված ընկերությունը, այլ՝ նորը։ Այսինչ բուժհիմնարկը միավորվեց մյուսին եւ այլն, եւ այսպես շարունակ, պարզ կդառնա, որ սեփականության վերաբաշխման գործընթացն իրականություն է դառնում։