Չի կարելի մատաղացու գառի պես գնալ, զոհ դառնալ

Չի կարելի մատաղացու գառի պես գնալ, զոհ դառնալ

Թե ինչու պատերազմից մեկ տարի անց նորից կանգնեցինք պատերազմի առաջ՝ ունենալով նոր զոհեր, նոր գերիներ, եւ ինչու հիմա էլ վտանգված է արդեն Սյունիքն ու, ընդհանրապես, Հայաստանն ամբողջությամբ, Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը դժվարանում է ասել. «Մի շարք գործոններ կան, սա ինչ-որ մեծ խաղ է, որի մեջ մենք, չունենալով ուժ, հնարավորություն, լինելով թույլի կարգավիճակում, անընդհատ տարուբերվում ենք։ Կարծում եմ՝ սա միայն մեր խնդիրը չէ, ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում մեզնից դուրս եւ այդ գործընթացները մեր օգտին չեն ընթանում, մենք դրա մեջ ենք հայտնվել մեր կամքից անկախ։ Ցավոք, ուժեղ չգտնվեցինք, որ կարողանայինք ըստ արժանվույն դիմակայել, մինչդեռ կարող էինք ավելի աչալուրջ, զգոն լինել, դրսից եկած հովերին այդքան չտրվել՝ մեր ազգային ինքնությունն ամուր պահել։ Շատ կարեւոր էր ազգի ոգին ամուր պահելը, կարելի էր զգալ, կանխատեսել, թե ինչ է սպասվում մեզ, եւ աշխարհաքաղաքական այս իրադրության մեջ գուցե պետք է շեշտը դրվեր ազգային ինքնությունն ամրապնդելու եւ ոչ թե թուլացնելու վրա։ Եվ կարծում եմ, որ հենց ազգային ինքնության թուլացումը որոշ չափով նպաստեց, որ մենք այսպես ծանր հարվածներ ստացանք, ամեն դեպքում՝ սա էլ դեր խաղաց»։

Վերջին օրերին ընդդիմության դաշտում դիմադրության նոր օջախ ստեղծվեց՝ Ազատագրական շարժում, որը, սակայն, երկար կյանք չունեցավ։ «Ճիշտն ասած՝ այդ շարժման մեջ չտեսա առողջ հատիկ, պահանջն էլ շատ անորոշ էր, չէր հասկացվում, թե ինչի համար է այդ շարժումը, հասկանալի է, որ պետք է ոտքի կանգնել, պաշտպանել երկիրը, բայց իրենց ուղին ինձ համար անհասկանալի մնաց, հրապարակում հավաքվելո՞վ է լինում մեր ինքնության, սահմանների պահպանումը․․․ երեւի հստակ չէր իրենց գործունեությունը, դրա համար էլ կարճ ժամանակ անց կիսվեցին»,-կարծում է Վ․ Կատվալյանը։

Թե որն է պատճառը, որ, դժգոհ լինելով հանդերձ, քաղաքացին դուրս չի գալիս փողոց, Կատվալյանը կարծում է, որ այդքան հարվածներից հետո թմրաքնի մեջ է ժողովուրդը․ «Դարձյալ պետք է ասեմ, որ օտար հովերը երբ մտան մեր երկիր, պառակտեցին ազգին, նախապես կոտրեցին ոգին, թվում է՝ թույնը ներարկված է, ժողովրդի ողնաշարն էլ՝ կոտրված, մարդը հուսահատված է, ոչ մի բանի չի հավատում, ոչ մի հույս չունի եւ ելք չի տեսնում։ Գուցե նաեւ ժողովուրդը բնազդով զգում է, որ մեծ խաղի զոհ ենք դառնում, բայց, բոլոր դեպքերում, չի կարելի մատաղացու գառի պես գնալ ու զոհ դառնալ։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ մի օր պետք է կանգնի ու այդ դրսի ուժերին ասի «ոչ»։ Ակնհայտորեն՝ սա դրսի ուժերի խաղ է, եւ եթե պետական մտածողությամբ մարդիկ ունենայինք, նրանք պետք է կազմակերպեին եւ ասեին՝ եկեք ազգովի ասենք «ոչ»։ Լուսամուտը լույսի համար է, բայց պետք է լուսամուտը բաց չթողնել այն պահին, երբ քամին կարող է մտնել ու մոմիդ լույսը մարել։ Այսինքն՝ դրսի լավ բաները էլի վերցնենք, տեսնենք, շփվենք աշխարհի հետ, բայց ոչ մեր ունեցած արժեքների հաշվին»։ Լեզվի ինստիտուտի տնօրենն ընդգծում է, որ ժողովուրդն ուժեղ է իր արժեքներով, ինչը պետք է հասկանան մեր այսօրվա իշխանավորները, ինչը, ցավոք, չեն գիտակցում։

«Ժողովուրդը պետք է իր դիմագիծը դրսեւորի իր արժեքներին տեր կանգնելով․ եթե քո արժեքին տեր ես, ուրիշը քեզ կհարգի, եթե քոնն անտեսում ես ու ուրիշի արժեքներով ես ուզում առաջ շարժվել, քեզ հետ ինչպես ուզեն, կարող են վարվել։ Ի դեպ, հայոց լեզվի, գրականության ու հայոց պատմության քննությունները հանվել են պարտադիրների ցանկից, ինչը շատ սխալ եմ համարում, դարձյալ մենք տուրք ենք տալիս օտարի արժեքներին, մեր արժեքները չենք գնահատում, մինչդեռ նախ պետք է հզորացնենք մեր լեզուն, մեր լեզվի ուսուցումը եւ միայն դրան զուգահեռ՝ օտար լեզվի ուսուցումը։ Իսկ եթե դա արվում է մեր լեզվի հաշվին, ուրեմն շատ մեծ սխալ է գործվում»։

Ինչ վերաբերում է իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանին, ապա․ «Բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց ինչպիսի՞ խաղաղություն՝ արժանապատի՞վ, թե՞ խաղաղություն՝ մուրալով։ Ես ուզում եմ արժանապատիվ խաղաղություն, այլ կերպ ասած՝ մենք ունենք միջազգայնորեն ճանաչված սահմաններ, եւ ոչ ոք իրավունք չունի այդ սահմաններից ներս գալ։ Մենք նախ պետք է կարողանանք բարձրաձայնել այդ իրողությունը, եւ, բացի այդ, ժողովուրդների իրավունքներ գոյություն ունեն, պետք է շատ հզոր հակափաստարկներ բերել, լարված աշխատել։ Ես ինձ այսօր շատ վատ եմ զգում, որ թուրքը մեր սահմանից ներս է, ինչո՞ւ պետք է այդպես լիներ, ի՞նչ գործ ունի թուրքը ՀՀ սահմանից ներս, եւ ինչպե՞ս է սա հանդուրժում թե՛ ՀՀ-ն, թե՛ միջազգային այն կազմակերպությունները, որոնց անդամ է Հայաստանը։ Պետությունը պետք է տեր կանգնի սեփական հողին»։

Վ․ Կատվալյանը համոզված է, որ ելքը սեփական արժեքներին տեր կանգնելն է, դրանք հզորացնելը․ «Մենք պետք է սկսենք ավելի շատ մեր ազգային արժեքները տարածել, մեր ազգային արժեքների վրա շեշտը դնել, մեր ինքնությունն ամրապնդել եւ պետք է իշխանություններին հասկացնենք, որ ելքերից մեկը ազգային ինքնությունն ամրապնդելու ուղին է, նաեւ՝ ժողովրդին միավորելու ուղին, եթե իշխանությունը չի ուզում, որ սա փողոցն անի, ուրեմն ինքը պետք է նախաձեռնի։ Իշխանությունը սխալներ շատ է արել, բայց երբեք ուշ չէ՝ հետ կանգնել սխալներից եւ շուռ գալ դեպի ճշմարտությունը, դեպի ազգային արժեքները, մենք արդեն տեսանք, թե այդ համաշխարհայնացումն ուր է տանում։ Այս ամենը, որ կատարվեց մեզ հետ, նաեւ դրա հետեւանք էր։ Եթե տեսնում ես պետության հանդեպ համազգային վտանգ, ուրեմն պետք է ճիշտ քայլեր կատարես, իսկ ճիշտ քայլն այն է, որ ժողովրդին համախմբես, բարձրացնես ոգին եւ շեշտես ազգային ինքնությունը, ոչ թե հայոց լեզուն ու գրականությունը հանես ընդունելության քննությունների ցանկից»։