Վրաստանը թույլ չի տա, որ Ռուսաստանն օգտագործի մեր տարածքը՝ իր ռազմավարական գործընկերոջն օգնելու համար

Վրաստանը թույլ չի տա, որ Ռուսաստանն օգտագործի մեր տարածքը՝ իր ռազմավարական գործընկերոջն օգնելու համար

Կեղծ բարեկամը թշնամուց էլ վատն է։ Թե ով է թշնամին կամ թշնամիները Հայաստանում, լավ գիտենք, բայց կեղծ բարեկամների հարցում որոշակիություն չկա։ Հատկապես հիմա, երբ փլվում են հայ-ռուսական բարեկամության մասին ավանդական պատկերացումները, իսկ հարեւան Վրաստանից հնչող գնահատականները՝ արդի պատերազմների, հատկապես ուկրաինական իրադարձությունների հետ կապված, օրեցօր կոշտանում են։

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դատապարտում է Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի անօրինական հանրաքվեները. «Ուկրաինական տարածքի բռնազավթման այդ փորձերն անընդունելի են։ Վրաստանը վճռական պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»։ Արդյո՞ք Վրաստանը զուտ կենացների ու դիվանագիտական ճաշկերույթների ընկեր է, կեղծ բարեկամ, որը, հենց բանը հասնում է Հայաստանին, փայտիկներ է մտցնում մեր խեղճ, առանց այդ էլ շրջափակման մեջ գտնվող սայլի անիվների մեջ։ Օրինակ, 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանը փակեց իր օդային տարածքը եւ դրանից հետո էլ խնդիրներ է առաջացնում զենքի ներկրման ճանապարհին՝ խանգարելով պաշտպանել մեր երկրի տարածքն ու մեզ։ Այս թեմաներով զրուցել ենք վրաց քաղաքագետ Արչիլ Սիխառուլիձեի հետ։ 

- ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ասաց, որ եթե սկսվեն ռազմական գործողություններ, Վրաստանը կրկին կփակի ճանապարհները՝ դեպի Հայաստան զենքի մատակարարումների համար, ինչպես դա արեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ինչո՞ւ Վրաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքով զենք բերվի Հայաստան։ 

- Այո, Վրաստանը երբեք, ոչ մի պարագայում թույլ չի տա, որ իր տարածքով զենք ու զինամթերք տեղափոխվեն ո՛չ Ադրբեջան, ո՛չ Հայաստան, հատկապես եթե այդ գործընթացը տեղի ունենա ռազմական գործողությունների ընթացքում։ Սա մի քաղաքականություն է, որը Վրաստանը վարում է երկար տարիներ, սա չեզոքության, նեյտրալիտետի քաղաքականություն է, որը մենք վարում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողությունների ժամանակ։ Այս քաղաքականությունը ոչ մի կապ չունի այն հարցի հետ, թե արդյոք Վրաստանը սիրում է հա՞յ ժողովրդին, թե՞ ադրբեջանական ժողովրդին։ Սա բացառապես ազգային շահերով է թելադրված, մասնավորապես՝ պաշտպանել Վրաստանը հնարավոր ոտնձգություններից եւ հնարավոր ռազմական գործողություններից։ Վրաստանում բնակվում են մեծ թվով թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, եւ սա միակ երկիրն է, որտեղ այս մարդիկ իրար չեն սպանում, չեն ծեծում՝ հասցնելով մահվան, որտեղ նրանք ոչինչ չեն կիսում իրար միջեւ, եւ Վրաստանը շահագրգռված է, որ Վրաստանում բնակվող հայերն ու ադրբեջանցիները չմասնակցեն ռազմական գործողություններին, որ նրանք գտնվեն տանը, եւ որ նրանց ոչ ոք չմոտիվացնի գնալ, պայքարել պատմական հայրենիքի համար, որ նրանց չօգտագործեն այս կամ այլ կողմից, որ Վրաստանը չսադրի իր քաղաքացիներին։ Եթե մենք աջակցենք Հայաստանին, ապա դա կնշանակի, որ Վրաստանը պրովոկացիայի է ենթարկում ադրբեջանական ազգային փոքրամասնությանը, որն ապրում է մեր երկրում։ Ահա թե ինչու Վրաստանը չեզոքություն է պահում։ Սա կոչվում է ազգային շահ։ Ավելին՝ Վրաստանը պարտավոր չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին աջակցել՝ զինվելու։ Մենք դրա վերաբերյալ ոչ մի միջազգային կամ այլ պայմանագիր, կամ փաստաթուղթ չենք ստորագրել։ Եթե զենք-զինամթերքը ՌԴ-ից ուղարկվի Վրաստան, ապա՝ Հայաստան, սա կրկնակի անգամ անթույլատրելի է։ 

- Դուք լարված հարաբերություններ ունեք ՌԴ-ի հետ։ Ձեր կառավարությունը հայտարարեց, որ դատապարտում եք Դոնեցկի, Լուգանսկի հանրաքվեները, համարում եք դրանք ապօրինի։ Ձեր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ պայմանավորված է նրանով, որ մեր ռազմավարական գործընկերը Ռուսաստա՞նն է։ 

- Լավ կլինի, որ հայ հասարակությունը վերջապես գիտակցի, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Մենք այդ երկրի հետ պատերազմի մեջ ենք, ու Վրաստանն ու վրացական հանրությունը թույլ չեն տա, որ Ռուսաստանն օգտագործի մեր տարածքը՝ իր ռազմական գործընկերոջն օգնելու համար, լինի դա Հայաստանը կամ ցանկացած այլ երկիր։ Սա սկզբունքային հարց է։ Վրաստանը եղել է ու կա իր համակրանքներով Ուկրաինայի կողքին, հասկանալի պատճառներով։ Իհարկե, մենք չենք ընդունում այն հանրաքվեները, որոնք անցկացվում են Ռուսաստանի կողմից գրավված տարածքներում, ինչպես նաեւ չենք ընդունել այն հանրաքվեները, որոնք Ռուսաստանն անցկացրել է այն տարածքներում, որոնք գրավել էր Վրաստանից՝ Աբխազիայում, Ցխինվալիի տարածաշրջանում։ Բայց Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռազմավարական դաշնակիցը մի երկրի, որը Վրաստանի թշնամին է, որն օկուպացրել է մեզ, որը սպանել է մեր քաղաքացիներին։ Իհարկե, միայն սա բավական է, որպեսզի մենք թարս նայենք Հայաստանին, բայց իրականում դա ոչ մի նշանակություն չունի։ Մեր քաղաքականությունը պայմանավորված է, արդեն ասացի, զուտ վրացական շահերով՝ մնալ չեզոք ու ոչ մեկին չօգնել։ Եթե Հայաստանում դա ընկալվում է որպես հակահայկական քաղաքականություն, ապա որպես ՌԴ դաշնակից ձեր կատարած բոլոր գործողությունները կընկալվեն մեր կողմից որպես հակավրացական սենտիմենտներ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ հասարակությունը գիտակցի սա, հասկանա։ Կարծում եմ՝ ձեր երկրի քաղաքական էլիտան սա շատ լավ է հասկանում եւ այդ պատճառով էլ չի շեշտում։ Վրաստանը չի պահանջել, որ Հայաստանն օգներ իրեն, երբ որ Ռուսաստանը ռմբակոծում էր Թբիլիսին, եւ ապագայում էլ չի պահանջի։ Նույնը մենք սպասում ենք Ադրբեջանից ու Հայաստանից, որ այդ երկրները մեզնից օգնություն չակնկալեն այն ժամանակ, երբ նրանց կողմից մարտնչում են Ռուսաստանն ու Թուրքիան։ Ահա թե ինչու մենք չեզոքության կողմնակից ենք։ Մենք ուրիշների հողերը չենք վերցնում, չունենք պրոբլեմ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ, մենք պահպանում ենք նեյտրալիտետը։

- Մեր ու ձեր վարչապետները միմյանց այցելում են, մեր պաշտպանության նախարարն է եկել Թբիլիսի, կարծես թե մենք լավ հարաբերություններ ունենք, հայ ժողովուրդը, հասարակ քաղաքացիները, համենայնդեպս, այդպես են կարծում։ Բայց հիմա մեզ պետք է պաշտպանվել, մեր պաշտպանական հարցերում դուք մեզ խանգարում եք։ Մեզ զենք պետք է ոչ թե հարձակվելու, այլ՝ պաշտպանվելու համար, իսկ դուք խանգարում եք մեզ, թույլ չեք տալիս, որ զինվենք եւ ագրեսորից մեր երկիրը պաշտպանենք։ 

- Մենք հստակ տարանջատում ենք հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը։ Այս երկուսը տարբեր բաներ են։ Վրաստանում էլ է այդպես։ Ահա թե ինչու վրացիները միշտ խաղաղության ու կայունության կողմնակիցն են։ Ես միշտ փորձում եմ բացատրել իմ հայ եւ ադրբեջանցի գործընկերներին, որ մենք պարտավոր չենք սիրել միայն հայերին կամ միայն ադրբեջանցիներին՝ ե՛ւ նրանց ենք ընդունում, ե՛ւ նրանց ու փորձում ենք վարել մի քաղաքականություն, որը կօգնի նրանց ապրել խաղաղ ու հաշտ, ոչ թե կրակել իրար վրա։ Չեք պատկերացնի, թե ինչքան ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր կարծում են, որ Վրաստանը չի օգնում Ադրբեջանին։ Չնայած ես կարծում եմ, որ նրանց առանց այդ էլ շատ լավ օգնում է Թուրքիան։