Օձունում միանգամից 2 մանկապարտեզ են փակել

Օձունում միանգամից 2 մանկապարտեզ են փակել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում գործող «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում: Այս մասին «Հրապարակին» հայտնեցին Ալավերդու համայնքապետարանից:

Ստուգման ժամանակ պարզվել է, որ տնտեսավարողի գործունեության 2 հասցեներում էլ ճաշարանների գործունեությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցներում հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ մաքրվող չեն ու պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, գոլորշու խտացման հետևանքով՝ առաջացել է բորբոս և մասնիկների թափվելու վտանգ, իսկ պատուհանների արտաքին մակերեսները եղել են քայքայված, չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:

Մեր այն հարցին, թե որքա՞ն ժամանակով է դադարեցվել մանկապարտեզների գործունեությունը, համայնքապետարանից նշեցին, որ դրանք փակ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել վերանորոգման աշխատանքները:

Այսինքն, որոշ կառույցներ ընտրովի ստուգումներ են անում կոնկրետ համայնքում` միանգամից երկու մանկապատեզ են փակում, հայտարարելով, որ հայտնի չէ` երբ կավարտվեն նորոգումները: Իսկ ի՞նչ են առաջարկում այդ համայնքի բնակիչներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, որոնք նաեւ աշխատում են: Իսկ այլ համայնքներում նման ստուգումներ արվե՞լ են, մանկապարտեզներ փակվե՞լ են:

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է մանկապարտեզի տնօրեն Մանե Մայիլյանի հետ, ով նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում մանկապարտեզների նորոգման աշխատանքները կավարտվեն և համայնքի երեխաները կանցնեն իրենց բնականոն կյանքին.

– Երկու մանկապարտեզների ղեկավարն էլ ես եմ: Անգամ երկու շաբաթ էլ չի տևի, հավանաբար մեկ շաբաթից մինիմում` տասը օր: Հիմա չունենք այլընտրանք, որպեսզի երեխաները հաճախեն մանկապարտեզ: Քանի որ տեսչական մարմնում գրված է կասեցում խոհանոցային բլոկից, բացի այդ չենք կարող երեխաներին գոնե կես օրով բերել մանկապարտեզ` որպես կրթարան, ժամանակավոր դադարեցրել ենք գործունեությունը, քանի որ շինարարություն է գնում, փոշի է: Արդեն իսկ աշխատանքները սկսված են: Տասը օրն ամենաբարձր թիվն է, որ աշխատանքները կավարտվեն: Մանկապարտեզ է հաճախում ավելի քան 170 երեխա: