Այնտեղ նստած քննիչին ասվել է՝ ոնց ուզում եք Նարեկին և Վազգենին նստացրեք, ինձ հետաքրքիր չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում, մի շարք հայտարարություններով է հանդես եկել, սակայն ամենաուշագրավն այն է, որ մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ ունեցող Հայաստանի վարչապետն ասել է, որ դատաիրավական համակարգն այլևս առաջվանը չէ և այժմ քրեական գործեր չեն կարվում: «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ամիսներ շարունակ կալանավորվեցին «Իմնեմնիմի» փոթքասթի շրջանակներում վարչապետ Փաշինյանին սուր քննադատության արժանացնելու համար: Նարեկ Սամսոնյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետի վերոնշյալ հայտարարությանը նշեց.
«Սուտ խոսելուց, երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելուց, հանձնելու համար տարատեսակ մտացածին ու հոգեկան շեղումներ ունեցող կլինիկական արարքներ գործելուց բացի նա ոչինչ չի կարողանում անել: Իր պարագայում նորմալ է, որ նման հայտարարություններ է անում, բայց ովքե՞ր են հավատում այդ հայտարարություններին: Էնտեղ նստած էր իմ գործով քննիչ Լևոն Անտանոսյանը, նրան հանձնարարվել էր, որ մեզ անհապաղ պետք է կալանավորել: Նիկոլ Փաշինյանին գոնե այնտեղ նստած քննիչները հավատո՞ւմ են, իհարկե՝ չեն հավատում: Նա ուղղակի նման հայտարարություններով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր անամոթության աստիճանը: Առնվազն պետք է ամոթ ունենալ և հասկանալ, որ մի քանի օր առաջ հանձնարարություններ ստացած քննիչների մոտ չի կարելի նման հայտարարություններ անել: Ինչքան քաղաքական գործեր են կարվել այս ընթացքում: Ամոթ ունեցող մարդը ամեն ինչ կասեր, բացի այդ մի բանից: Քաղաքականության մեջ ամենավտանգավոր բանն անամոթությունն է: Միայն այդ պարագայում կարելի է անվերջ ստել, պետության հաշվին հարստանալ ու այդպես շարունակ: Դրան էլ գումարած հանձնում է պետությունը: Այնտեղ նստած քննիչին ասվել է՝ ոնց ուզում եք Նարեկին և Վազգենին նստացրեք, ինձ հետաքրքիր չէ: Հիմա այդ քննիչը լսում է մի հայտարարություն, որ Հայաստանում այլևա քրեական գործեր չեն կարվում, լսում է և իր մեջ քմծիծաղ է տալիս: Այս անամոթությունն արդեն ծիծաղելի էլ չէ: Ինձ մոտ ահագնանում է սրանց պատիժը տեսնելու ցանկությունը, սրանք օրենքի առաջ պետք է պատժվեն: Դուք գիտեք, որ ես 2007-2008 թվականներից սկսած ընդդիմադիր դիրքերից եմ հանդես գալիս: Վստահեցնում եմ, որ նախկին ոչ մի իշխանության օրոք այսքան քրեական գործեր չեն կարվել: Մարտի 1-ի գործից որոշ դրվագներ հանած, որը 2011 թվականին հայտնի համաներմամբ ավարտվեց, այս իշխանություններին կարող ենք համարել քաղաքական գործերի կարելու գործում բացառիկ: «Հաց բերող» անունով տեռորիստին բռնելու համար կշտամբում էին, ասում էին՝ ինչու են կալանավորել մարդուն, երբ մարդն ակնհայտ հանցագործություն էր կատարել, ՊՊԾ գնդում ահաբեկչություն էր կատարել, նրան քաղբանտարկյալ էին անվանում: Նախկինների ժամանակ քաղաքական գործերն այս համատեքստում էին» - ասաց Նարեկ Սամսոնյանը:
Կարծիքներ