Հանրային իրազեկում կազմակերպել էլ չգիտեն

Հանրային իրազեկում կազմակերպել էլ չգիտեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Կառավարությունն առաջարկում է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2020 թվականի համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքն իրացնելու ժամկետները երկարաձգել, քանի որ, կորոնավիրուսի համաճարակով եւ ռազմական դրությամբ պայմանավորված, շահառուներն ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել գործընթացը՝ անցնել բանկ-կառուցապատող կազմակերպություններ-նոտարական գրասենյակներ-բնակարանների առքուվաճառքով զբաղվող կազմակերպություններ ճանապարհը: 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ ծրագրի մասնակից 500 շահառուից միայն 124 զինծառայող է կարողացել կնքել հիփոթեքի պայմանագիր: Արդյունքում, 2020 թվականին շահառուների 2/3-ը չի կարողացել իրացնել իր իրավունքը: Ուստի հարկ է այս ամենն անելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ: Հիանալի է: 

Բայց, չգիտես ինչու, զինվորականների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը դրված է e-draft.am կայքի «Անվտանգություն» ոլորտի նախագծերի հետ: Իհարկե, ցանկացած երկրի ազգային անվտանգությանն է առնչվում գրեթե ամեն ինչ. կրթության, առողջապահության, սննդի որակը, ճանապարհների, տրանսպորտի վիճակը: Ժամանակին հաց ուտելն ու այլ կարիքներ հոգալն էլ ազգային անվտանգության բաղադրիչ են: Սոված կամ զուգարան շտապող մարդը երկիր չի պահի: 

Բայց ողջը մեկ տեղում «ժողովելը» որեւէ կերպ չի նպաստի խնդիրների լուծմանը: Հակառակը՝ կվնասի, շիլաշփոթ կստեղծի: Դրա համար էլ նորմալ երկրները բաժանում են խնդիրները՝ առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական, գիտական, հանրային իրազեկման, պաշտպանական եւ այլն:

Սոցիալ-տնտեսական ոլորտի նախագիծն անվտանգության ոլորտի խնդիրների շարքում դասելն առնվազն հանրային սխալ իրազեկում է: Իսկ հանրային իրազեկման ոլորտում սխալները վտանգում են երկրի ներքին անդորրն ու սպառնում ազգային անվտանգությանը: