Դատախազները պետք է հարցախեղդ անեին եւ ապացույցներ պահանջեին 

Դատախազները պետք է հարցախեղդ անեին եւ ապացույցներ պահանջեին 

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լավ գաղափար է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցրած այն առաջարկները, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգի բարեփոխումներին։
Միաժամանակ նա չի պատկերացնում, թե ինչ մեթոդներով պետք է իրականացվեն այդ բարեփոխումները, քանի որ այդ մասին չեն հրապարակվում այդ մեխանիզմները։ 

Փաստաբանն ինչ-որ առումով ուշացած է համարում դատաիրավական համակարգի բարեփոխումները։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատախազական համակարգում չեն եղել բարեփոխումներ, չեն եղել բարեփոխումներ նաեւ քննչական մարմիններում, առանց որոնց էլ հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։
«Չպետք է լինի կիսատ-պռատ ինչ-որ բան։ Եթե լինում են բարեփոխումներ, ապա դրանք պետք է իրականացվեն հիմնովին, բոլոր ոլորտներում»,- նշեց փաստաբանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ Գլխավոր դատախազությունը չկարողացավ հավասար մրցակցել պաշտպանական կողմի հետ եւ դատական նիստերի ընթացքում թույլ տվեց սխալներ, բացթողումներ։
«Այն տպավորությունն էր, որ գրոսմայստերների հետ խաղալու էին եկել երկրորդ-երրորդ կարգայինները, եւ նրանք էլ կաշկանդված էին։ Միգուցե Գլխավոր դատախազի ներկայությունն էր, որ թույլ չտվեց մյուս դատախազներին հանդես գալ իրենց կարողություններով հանդես գալ։ Բայց Գլխավոր դատախազությունն էլ սխալներ թույլ տվեց։ ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքում մենք ունեինք 300-րդ հոդվածը, որում նշված էր, որ դատարանը գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ գործը դատաքննության նշանակելու հետ միասին պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցին։ Նախկինում այս դրույթն օգտագործվում էր, որ դատավորը իր սենյակում նստած որոշում էր՝ խափանման միջոցը թողնել անփոփո՞խ, վերացնե՞լ այն,  թե՞ ընտրել խափանման միջոց, եթե ընտրված չէ։

ՍԴ-ն որոշում կայացրեց, որ անձանց իրավունքների խախտում է այն առումով, որ եթե անձի կալանքի հարցը քննում է դատարանը, այդ անձը պետք է դատարանում հանդես գալու իրավունք ունենա։ Նույնը վերաբերում է մեղադրող կողմին։  Այսինքն՝ ՍԴ-ի այդ որոշման հիման վրա էլ սկսվեց այդ դատական նիստը։ Բայց ո՛չ 300-րդ հոդվածում, ո՛չ էլ ՍԴ-ի որոշման մեջ չկա մի կետ, որով կարելի էր մեկնաբանել, որ նոր խափանման միջոց կարելի է ընտրել։ Դատավորն ակնհայտ սխալ ճանապարհով ընտրեց նոր խափանման միջոց, բայց դատախազները կա՛մ տեղյակ չէին այդ մասին, կա՛մ ուշադիր չէին։ Դատախազները չպետք է թույլատրեին անգամ, որ դատարանը այդպիսի քննարկում սկսեր։ Դա կարող էր սկսվել գործի դատաքննության փուլում, բայց ոչ թե խափանման միջոցի ստուգման հարցը որոշելիս։ Դատարանն այդ փուլում ուղղակի կարող էր ստուգել՝ կալանքը որպես խափանման միջոց ճի՞շտ է ընտրված, թե՞ ոչ։ Բայց դատարանը դուրս եկավ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից եւ ընտրեց խափանման միջոցի փոփոխման հարցը։ Կար նաեւ մեկ այլ խախտում։ Դատախազները պետք է հարցեր ուղղեին երաշխավորություն ներկայացնողներին։ Երկու հոգի գալիս, ասում են, որ երաշխավորում են ամբաստանյալի  պատշաճ վարքագիծը։ Բայց իրենք պետք է ապացույցներ ներկայացնեին, որ կարող են երաշխավորել պատշաճ վարքագիծը, նշեին հանգամանքներ, որոնց ուժով իրենք կարող են ազդել ամբաստանյալի վարքագծի վրա։ Հակառակ դեպքում դատարանը չէր կարող դա կիրառել։ Այդ երկու անձինք դատարանին պետք է ներկայացնեին, թե ինչպես կարող են հսկել Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը կամ չկարողանային թույլատրել, որ վերջինս չխոչընդոտի նախաքննությանը։ Սակայն այդ հարցերը ո՛չ դատարանն ուղեց, ո՛չ էլ դատախազները։ Դատախազները պետք է հարցախեղդ անեին եւ ապացույցներ պահանջեին»,- ասաց փաստաբանը։

Միաժամանակ Տիգրան Հայրապետյանը կարծում է, որ անձնական երաշխավորության ինստիտուտը կիրառվում է այն դեպքում, երբ իր հեղինակությամբ կարող էր զսպել երրորդ անձի վարքագիծը։ Իսկ հակառակ դեպքում, ըստ նրա,  այդ ինստիտուտը կիրառելի չէ։ 

Տիգրան Հայրապետյանը նշում է․ «Եթե գար, օրինակ, Պուտինը, ԵԽԽՎ նախագահը կամ ԱՄՆ նախագահը, այդ ժամանակ դատարանը կարող էր ավելի հեղինակավոր անձի կարծիքը հաշվի առնել։ Իսկ այս դեպքում սա կիրառման ենթակա չէ։ Իսկ ինչո՞ւ էր լռում Գլխավոր դատախազությունը։ Սկզբում էլ Գլխավոր դատախազությունը սխալ գործեց, երբ Արցախի երկու նախագահները դիմեցին Գլխավոր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Գլխավոր դատախազության պատասխանը ոչ իրավական էր՝ ասելով, որ դիմեն դատարան։

Բայց այդ դեպքում հենց Գլխավոր դատախազությունը պետք է բարձրաձայներ, հրապարակայնացներ, որ չի կարելի խափանման միջոցը այդ ձեւով փոխել, որ անձնական երաշխավորությունն այդ պարագայում չի կարող կիրառելի լինել։ Եվ այսպիսի հայտարարություններից հետո ոչ մի դատարան չէր դիմի նման կիսատ-պռատ որոշման։ Չորս օրվա ընթացքում չեղավ մի առարկություն, որ անօրինական է երաշխավորության ինստիտուտը կիրառելը, որովհետեւ երաշխավորողը պետք է ակնհայտ ազդեցություն ունենա նրա նկատմամբ, ում համար երաշխավորում է »։