Տուն առ տուն

Տուն առ տուն

Հայաստանը փոքր երկիր է՝ նվազ բնակչությամբ։ Դժվար չէ մեկ-երկու տարվա ընթացքում անցնել քաղաքից քաղաք, գյուղեգյուղ, մտնել ամեն մի տուն, ձեռքով բարեւել բոլոր տարեցներին, լուսանկարվել բոլոր կանանց հետ, շոյել բոլոր երեխաների գլուխները, առատ խոստումներ տալ խնդրանք ունեցողներին։ Դա հատկապես դյուրին է, եթե քո տրամադրության տակ կան արագընթաց ջիպ, ուղղաթիռ եւ պետական այլ ռեսուրսներ, ինչը եւ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ամենայնի՝ իր առաջ խնդիր դնելով մինչեւ հաջորդ ընտրությունները մտնել բոլոր հայերի տները, զրուցել ու ողջունել բոլորին։

Ձեզ միայն թվում է, որ դա դեր չի խաղալու ընտրությունների ժամանակ՝ հայ մարդն էմոցիոնալ է, սիրո եւ ուշադրության կարոտ, պաշտոնյայի մեռած։ Եթե 10-ից 9-ի վրա չազդի, այն 1 հոգու վրա կազդի, եւ այս պառակտված ու կողմնորոշումը կորցրած ժողովրդի դեպքում, որը հիասթափվել է բոլորից եւ ընդդիմադիր ուժերի հետ էլ հույսեր չի կապում, այդ 10-ից 1 ձայնը վճռորոշ է լինելու։ Իհարկե, խելացի մարդիկ կարծում են, որ այս ավերակների վրա թագավորելը մի երանելի բան չէ, եւ ցանկացած գիտակից մարդ պետք է խուսափեր այդ պատասխանատվությունը ստանձնելուց ու ընտրությունների ճանապարհով իշխանությունը հանձներ որեւէ ուրիշ ուժի՝ հեռանալով ապաշխարելու, բայց դա Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի մասին չէ։ Նրանք իշխելու են մինչեւ վերջին սանտիմետրը եւ մինչեւ վերջին դրամը, այնպես որ՝ կամավոր հեռանալու մասին հույսեր չփայփայեք։

Ճիշտ հակառակը՝ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանից ինչ-որ դասեր քաղեք․ ինչպես զրոյացած ռեյտինգի պայմաններում չհուսահատվել եւ շարունակել պայքարը, ինչպես չամաչել մարդկանց աչքերին նայելուց եւ անգամ մերժված լինելով՝ գնալ նրանց տները, ինչպես ընտրությունից 2 տարի առաջ քարոզչություն սկսել։