Վրաստանի թուրքական օկուպացիա՞

Վրաստանի թուրքական օկուպացիա՞

Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գիվի Իուկուրաձեն սենսացիոն հայտարարություն է արել: Նրա կարծիքով՝ Տավուշի ուղղությամբ մարտերը ենթակա են մանրազնին ուսումնասիրության, որովհետեւ ԼՂ հակամարտության գոտում 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ Թուրքիան ակնհայտորեն արտահայտվում է Հարավային Կովկասում զինված ներկայության մասին:

Իուկուրաձեի գնահատմամբ՝ իրադարձությունների վատթարագույն զարգացման դեպքում Թուրքիան, որ վերջին շրջանում հետեւողականորեն անտեսում է միջազգային իրավունքը, կարող է հատել Վրաստանի հետ սահմանը, որպեսզի օպերատիվ-մարտավարական գործողություններով աջակցի Ադրբեջանին: Վրացի նախկին բարձրաստիճան զինվորականը փաստացի խոսում է Վրաստանի թուրքական օկուպացիայի հավանականության մասին:

ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում գումարտակային մակարդակում մարտավարական զորավարժություններ սկսելու մասին: Գրեթե միաժամանակ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին հայտարարել է Ադրբեջանը: Ընդ որում, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կանցկացվեն նաեւ Գյանջայում, որը մոտ է վրաց-ադրբեջանական սահմանին: