«Շտապօգնություն» ընդունվողները  լավ տեղյակ են՝ ի՞նչ պայմաններում ենք աշխատում

«Շտապօգնություն» ընդունվողները  լավ տեղյակ են՝ ի՞նչ պայմաններում ենք աշխատում
Թագուհի Ստեփանյան

«Շտապօգնության» համակարգում աշխատող բուժաշխատողների ընդվզումները գնալով ավելի ու ավելի կոշտ մեթոդներ են ստանում և երեկ կայանի բժիշկ Վահրամ Բուլղադարյանի հրապարակած՝ վարչապետ Նիոկլ Փաշինյանին ուղղված բաց նամակի տակ ստորագրել էր 375 աշխատակից։ Դրանով, հիշեցնեմ, պահանջվում էր  բուժանձնակազմի համար, ինչպես մյուս բժիշկների պարագայում է,  բժշկական ապահովագրության տրամադրում, աշխատավարձերի վերանայում, նոր բրիգադների ավելացում, բժշկական համազգեստի համար ֆինասնավորում և հանգստի պայմանների ստեղծում։ Տարրական բաներ, վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց, խոհանոց։

Այսօր  ՇԲՕ Կենտրոնի ենթակայանում էլ պետք է տեղի ունենար  աշխատակիցների հանդիպումը՝  ՇԲՕ տնօրինության հետ: 
«Շտապօգնության»  տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանից խոսատացել են 1,5 ամսվա ընթացքում  լուծել այս հարցը։

Թագուհի Ստեփանյանը շեշտում է, որ ապահովագրության հարցը վաղուց է բարձրացված, մինչև դիմում-բողոքներ գրելը, հարցը քննարկվել է քաղաքապետարանում և այստեղ գտնվել է հարցի լուծման ճանապարհը։

Ինչ վերաբերում է վերանորոգման աշխատանքներին,ապա Շտապօգնության ղեկավարը նկատեց, որ բոլորն էլ քաջատեղյակ են, որ այդ ամենը պետք է արվի գնումների ընթացակարգով։ Նախապես պետք է ունենան նախագիծ, ապա հայտարարվի մրցույթ և վերանորոգվեն ենթակայանները։

Հարցին, թե այնուամենայնիվ,համարո՞ւմ է, որ ՇԲՕ-ում բժիշկների համար արժանապատիվ պայմաններ կան, Թագուհի Ստեփանյանը պատասխանեց․ «արժանապատիվ պայմանները ստեղծվելու են, որովհետև արդեն սկսվել են վերանորոգումները, այսօր արդեն 6 ենթակայանների պատուհաններն ամբողջովին փոխել են»։

Նաև Hraparak.am -ը տեղեկություն ուներ, որ այսօր 90 բժիշկ և բուժաշխատող ազատման դիմում է գրել։ Թագուհի Ստեփանյանը նախ ասաց, որ չունի  «ազատման դիմումների շարք » , ապա ավելացրեց․ «Յուրաքանչյուր ոք, ով ընդունվում է շտապօգնություն և ունի ցանկություն այստեղ աշխատելու, նախապես իրենք և՛ որպես կամավորներ հերթապահում են, և՛ շատ լավ ծանոթ են շտապօգնությունում ողջ աշխատանքին և տեսնում են՝ ինչ պայմաններում են աշխատում։ Եվ ընդունվելիս շատ մեծ ցանկություն են հայտնում, որ պետք է աշխատեն և երազում են աշխատել, և ասեմ, որ ինչքան դուրս եկած բժիշկ կա, դրանից ավելի մեծ մի բանակ էլ կա, որն ուզում է, և կարող եմ ներկայացնել այս բժիշկների անուն-ազգանունները»։

Մի քանի ճշգրտող հարցերից հետո Թագուհի Ստեփանյանն, ի վերջո, ասաց, որ մեկը Վահրամ Բուլղադարյանն է, մյուսը Տարոն Սարիբեկյանն է, որը նույնպես դիմում էր գրել, բայց  դուրս չէր եկել և 1 ամիս շարունակել էր աշխատել շտապօգնությունում։ Այնուհետև մեկնել է Գերմանիա գործուղման և հիմա այնտեղ աշխատում է։  Իսկ պայմանների հետ կապված այլ դիմում Թագուհի Ստեփանյանը չի մտաբերում։ 

Ինչ վերաբերում է պետական ֆինանսավորմամբ բժշկական խալաթների տրամադրմանը, դա ևս, ըստ Թագուհի Ստեփանյանի, պետք է արվի մրցութային կարգով, և մրցույթը հայտարարված է։
«Դա հնարավոր չէ, այդ բոլոր կետերը մեկ օրում ասել, որ պետք է արվեն։ Էդ պահանջները, որ իրենք երեկ գրել են ֆեյսբուքյան էջում, սա արդեն 1,5 ամիս է՝ քննարկվում է, այդ հարցը դրված է և՛ նախարարության, և՛ քաղաքապետարանի, նաև բրիգադների ավելացման մասով իրենց առջև դրված է »,-ասում է Թագուհի Ստեփանյանը։
Նա զարմացած է, որ երեկ հրապարակվել են այդ 374 ստորագրություններով պահանջները, քանի որ  երբ միասին այս հարցերը քննարկել են, նաև Թագուհի Ստեփանյանի մասնակցությամբ, եկել էին այն եզրակացության, որ պետք է մի փոքր սպասել՝ տեսնելու, թե այդ հարցերը լուծվո՞ւմ են, թե ոչ։

«Իսկ երեկ իրենք, չգիտեմ ինչից ելնելով՝ հրապարակել են»,-ասում է Թագուհի Ստեփանյանը։ Նա նաև նույն նկատառմամբ զարմացած է, թե ինչու էր այսօր հրավիրվել այդ ժողովը։
«Ես եկա տեսա՝ լրատվամիջոցներ են հրավիրված, Վահրամ Բուլղաադարյանը, չլինելով մեր աշխատակիցը, ներկա է այդ ժողովին, որին մեկ ամիս առաջ որոշվել էր, որ պետք է լուծեինք զուտ մեր կազմակերպչական հարցերը »,- ասում է Թագուհի Ստեփանյանը։
Նաև մեզ տեղեկացրել էին, որ միայն կենտրոնում 20 բրիգադից մնացել է 4-ը և որ սրա պատճառով, ուղղակի չեն հասցնում։
Թագուհի Ստեփանյանը հերքում է և ասում, որ բրիգադների կրճատման մասին խոսք լինել չի կարող և հակառակը, իրենց պահանջների մեջ է նաև բրիգադների ավելացումը։