«Մեր 8 գյուղ ՀՀ օկուպացիայի տակ է»․ Բաքուն սադրա՞նք է նախապատրաստում

«Մեր 8 գյուղ ՀՀ օկուպացիայի տակ է»․ Բաքուն սադրա՞նք է նախապատրաստում

«Եվրոպայի անվտանգության սպառնալիքներից մեկը Հայաստանի ագրեսիան էր Ադրբեջանի դեմ։ Հայաստանը պետք է դադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, որը խաթարում է տարածաշրջանում խաղաղության վերականգնման ջանքերը»։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարության։ 

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հայտարարություններին՝ ՀՀ ղեկավարությանը մեղադրելով խաղաղության ձգտման բացակայության մեջ։

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կեղծ տեղեկատվություն է տարածում. կարծես թե արտգործնախարարին պատմությունից դասեր են պետք։ Եվրոպայի անվտանգության առաջին սպառնալիքներից մեկը Հայաստանի ռազմական ագրեսիան էր և Ադրբեջանի ինքնիշխան տարածքների գրեթե 20%-ի օկուպացումը։ Հայաստանը դեռ օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի 8 գյուղեր, որոնց տարածքը կազմում է մոտ 95 քառակուսի կիլոմետր, և 10 հազարանոց զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքներից։ 

Խախտելով Եռակողմ Հայտարարությունը՝ Հայաստանը ձեռնպահ է մնում իր տարածքում անարգել կապի և տրանսպորտի բացումից։ Հայաստանի արտգործնախարարի նշած գերիները հանցագործներ են, որոնք Հայաստանի կողմից ուղարկվել են Ադրբեջան՝ Եռակողմ հայտարարությունից 2 շաբաթ անց», - ասել է Հաջիզադեն՝ նույնիսկ ներքին լսարանի համար առասպելական փաստարկներ վկայակոչելով։

Նա հերթական անգամ տիրաժավորել է ալիևյան ռեժիմի կեղծ թեզերն ու անհիմն մեղադրանքները հայկական կողմի հասցեին, թե Հայաստանն, իբր, Բաքվին դեռևս տեղեկատվություն չի տրամադրել այսպես կոչված 3800 անհայտ կորածների մասին։ 

Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած Հայաստանը «էթնիկ զտումներ է իրականացրել, ինչպես նաև կանխում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը»։