Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ․ Սուրեն Պապիկյան

Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին դուր չի գալիս, որ իրեն համեմատում են նախկին պաշտոնյաների, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի հետ։ Իսկ վերջինիս հետ համեմատություն ունի տրամաբանություն։ Նախկինում էլ Աբարահամյանն էր ղեկավարում իշխող ուժի նախընտրական շտաբը, քանի որ տարածքային կառավարման նախարարն է եղել, լավ տիրապետում էր մարզերին, լծակներ ուներ մարզպետների ու համայնքապետերի վրա, հիմա էլ նույն գործը վստահվում է հենց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, ոչ թե, ասենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին կամ մեկ ուրիշին։ Հիմա էլ Պապիկյանն է տիրապետում վարչական ռեսուրսներին, բոլոր մարզպետներն ու համայնքապետերն իրեն են ենթարկվում։

Եվ այսօր հրավիրված ասուլիսում Պապիկյանը նեղսրտեց, երբ իրեն հիշեցրինք այս մասին։

«Նախ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը։ Ավելին ասեմ, ի տարբերություն Ձեր նշած գործչի կամ անձի՝ ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ Դրանից զատ, ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ բաների հետ»,-ասաց պարոն Պապիկյանը։

Այսինքն՝ Սւորեն Պապիկյանը վատ չի զգում, որ իրենց թիմում կան նախկին ՀՀԿ-ականներ, ՀՀԿ-ի համար նախկինում ձայն հավաքողներ, նախկինում թալանի ու կոռուպցիայի մեջ մեղադրվող անձինք, վատ չի զգում, որ իրենց կողմից պիտակավորված նախկին «թալանչիները» գումար են փոխանցում իրենց կուսկացությանը, բայց վատ է զգում, որ համեմատվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։