Կոմիտասի անվան պանթեոնում պահնորդական մրցույթը չի կայացել

Կոմիտասի անվան պանթեոնում պահնորդական մրցույթը չի կայացել

«Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը փետրվարի 22-ին Կոմիտասի անվան պանթեոնում պահնորդական ծառայությունների մրցույթի հայտարարություն էր տվել։

Այսօր Hraparak.am-ի հետ զրույցում Արման Իսկանդարյանը հայտնեց, որ մրցույթը չի կայացել և օրերս կհրավիրեն նորը։ «Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, բայց այն չի կայացել, որովհետև բոլորը ծառայության համար շատ ավելի մեծ թիվ էին ուզում։ Եվ հիմա կհայտարարվի նոր տենդեր»,- ասաց Արման Իսկանդարյանը։

Մրցույթը, նրա խոսքով, հայտարարված է Կոմիտասի անվան պանթեոնում 24-ժամյա պահնորդական ծառայություն իրականացնելու համար։ Իսկ նախահաշվային գումարը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ՝ տասը ամսվա ու 4 պահնորդի համար։ Արման Իսկանդարյանը նշեց նաև, որ պանթեոնում մրցույթի հայտարարությունը Գնումների մասին օրենքի պահանջ է։

«Ես պարտավոր եմ ամեն տարի մրցույթ հայտարարել յուրաքանչյուր մատուցված ծառայության համար։ Այն ծառայության, որը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը»,-ասաց Արման Իսկանդարյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե նախկինում նման տենդերներ հայտարարվե՞լ են, ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ նախկինի համար ո՛չ պատասխանատու է, ո՛ չ էլ տեղյակ է։ Իսկ Պանթեոնում պահնորդների ծառայության ի՞նչ անհրաժեշտություն կա։ Ի պատասխան՝ Արման Իսկանդարյանն ասաց․ «Ձեզ ինչպե՞ս է թվում՝ Հայաստանի գլխավոր պանթեոնում պահնորդական ծառայության անհրաժեշտություն չունի՞»։

Հարցրեցինք նաև՝ ի՞նչ կարող կատարվել պանթեոնում գողությո՞ւն, միջադե՞պ։ «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի տնօրենն ասում է, որ իրեն նման դեպքերի մասին հայտնի չէ, բայց պետք է լինել աչալուրջ՝ խուսափել նման հնարավոր դեպքերից։ Ավելին, ըստ նրա, այս ծառայությունը պանթեոնում ուղղակի անհրաժեշտություն է։