Մեկ էլ Վարդան Ջհանգիրյանի գործով էին դիմել, որ մեկնի արտերկիր՝ բուժման

Մեկ էլ Վարդան Ջհանգիրյանի գործով էին դիմել, որ մեկնի արտերկիր՝ բուժման

Գործարար Սամվել Մայրապետյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արագ կոմունիկացիան Հայաստանի կառավարության հետ անակնկալ էր շատերի համար, այն դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվի ընթացքում անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ի այդ որոշմանը եւ ներկայացրեց եվրոպական առաջադեմ երկրների վերաբերյալ  կայացրած  նման որոշումներից կոնկրետ վիճակագրություն։ 

Ըստ վարչապետի հայտարարության՝ Ավստրիայում 2016թ․ ՄԻԵԴ-ը կայացրել է նմանատիպ  յոթ որոշում, 2017թ․՝ չորս որոշում, Շվեյցարիայում 2015թ․՝ երեք որոշում, 2016թ․՝ վեց որոշում, 2017թ․՝ չորս որոշում, Նիդեռլանդներում 2015թ․՝ երեք որոշում, 2016թ․՝ չորս որոշում, 2017թ․՝ երեք որոշում, Ֆրանսիայում 2015թ․՝ 35 որոշում, 2016թ․՝ 10 որոշում, 2017թ․՝ վեց որոշում։ 

2003-2014թթ․ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր, այժմ՝ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած երկրի նկատմամբ էլ լինում է նման որոշում։ Ըստ Գյուլումյանի՝ զարգացած երկրներում նման որոշումներ ՄԻԵԴ-ը կայացնում է փախստականի կարգավիճակ խնդրողների դեպքում։ Դա, ըստ նրա, լինում է այն դեպքում, երբ որոշում են փախստականներին վտարել երկրից։

«39-րդ  հոդվածը  սովորաբար կիրառում են ՄԻԵԴ-ի պալատների նախագահների տեղակալները, նրանց վրա է դրված այդ պարտականությունը։ Այդպիսի որոշումներ շատ են կիրառել։ Երբ անձին պետք է վտարեն, բայց անձը դիմում է ՄԻԵԴ-ին եւ ասում, որ այն երկրում, որտեղ իրեն ուզում են ուղարկել, իրեն սպասվում է մահապատիժ։ Դատարանը կարող է կիրառել 39-րդ հոդվածը մինչեւ հարցումներ կատարելը, պարզելը, թե դա կարող է նման հետւանքներ ունենալ, թե ոչ։ Դա կատարվում է այն դեպքերում, երբ անձը խնդրում է փախստականի կարգավիճակ։ Մեր հանրապետության նկատմամբ իմ պաշտոնավարման ընթացքում չի կիրառվել նման որոշում»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։ Նա հիշում է, որ արտերկիր բուժման մեկնելու հետ կապված մի դեպք է եղել, երբ պետությունը թույլ տվեց դա։

«Եթե չեմ սխալվում՝ Վարդան Ջհանգիրյանի (նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եղբայրն է) գործով էին դիմել, որ թույլ չեն տալիս մեկնել արտասահման՝ բուժման։ Մինչեւ դատարանը կկայացներ որոշում, դատախազությունը թույլ տվեց, եւ դատարանը այդ փաստը արձանագրելով, նշեց, որ նման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա»,- հիշեց ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավորը։

Մեր զրուցակիցը հիշում է, որ այդ միջոցը շատ է կիրառվել Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության ժամանակ, երբ Ուկրաինայի քաղաքացիներ էին կորում անհայտ, դատարանը դիմում էր, եւ ՄԻԵԴ-ը պահանջում էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ անձանց անվտանգությունն ապահովելու համար։