Վարչապետն ինձ բանաստեղծություն է ձոնել

 Վարչապետն ինձ բանաստեղծություն է ձոնել

Երբ վարչապետը Արարատի մարզ մեկնեց ու Ռանչպար համայնքի մասին բանաստեղծություն գրեց, Գարիկ Սարգսյանին թվաց,  որ եթե  այդ գյուղի մասին ինչ որ բան է գրել, դա իրեն է վերաբերվում՝ մարզպետի շնորհքն է։ Վարչապետը գնահատել է իր անձնուրաց աշխատանքը և մարզի գյուղերից մեկին բանաստեղծություն է նվիրել։ «Պատվո շքանշանից» հայիլ- մայիլ կտրած՝ մարզպետը բանաստեղծությունը տեղադրեց ֆեյսբուքյան իր էջում, մակագրելով․

Garik Sargsyan

Վարչապետը, Արարատի մարզ կատարած անակնկալ այցից հետո, բանաստեղծություն է ձոնել Ռանչպար համայնքին և նրա բնակիչներին։

 

Երկու հոգի էին արձագանքել։ Մեկը գրում է՝ Ռանչպարի լավ վիճակի մասին չի Գարիկ ջան, որ հպարտ շյեռ ես արել, գործ արեք։ Մյուսն էլ թե՝ պարոն մարզպետ գուցե սա որպես չելենջ ընդունեք և դուք էլ կատարված գործեր ձոնեք ժողովրդին։ Արժի չէ՞։

Երևի այդ ֆոնի վրա է մարզպետը անկեղծացել լրատվամիջոցներից մեկի հետ, պատմել որ այս տարի կարող է նույնիսկ երեք պարգևատրում լինի։

Թող պարգևատրվի՝ բան չունեմ ասելու , երեքի տեղ տասներեք անգամ թող պարգևատրվի, բայց խղճի մոտ բան չի, պարգևատրությունը ստանում ու ամբողջը «մի շնչում բարեգործություն է անում»։ Ահա թե ինչ է ասում․

Ես փետրվար ամսին անցած տարի իմ ստացած պարգևատրման 105 տոկոսի չափով հատկացումներ եմ արել։ Անձամբ այցելել եմ բազմազավակ ընտանիքների։ Չեմ ուզում ուղղակի շահարկել այդ ընտանիքների անունները։ Մենք անգամ այս մասին հրապարակում էլ չենք ունեցել։ Բայց ես իմ աշխատավարձի պարգևատրման 105 տոկոսի չափով, նույնիսկ ավելի, քան ես ստացել եմ, օգտագործել եմ բարեգործական նպատակով։ Բայց դա չի նշանակում, որ իմ ստացած պարգևատրումն արդարացված չէր։ Ես իմ հաջորդ պարգևատրումը ևս պետք է ուղղեմ բարեգործության։ Ես նման որոշում եմ կայացրել։

Մի բան եմ ուզում ասել բարեգործ մարզպետին։ Այսքան աղմուկ- աղաղակից հետո պարգևատրումը նրա ինչի՞ն է պետք, մեկ է, նա դրանից չի օգտվում՝ իր ասելով։  Ավելորդ խոսք ու զրույց, նոր թեմաներ ինչի՞ համար լինեն։ Մարդիկ նախնադարում չեն ապրում, գիտեն, որ մարզպետարանը օգնության համար առանձին ֆոնդ ունի, որը տնօրինում է մարզպետը։ Օգնություն ստացող ընտանիքն ի՞նչ իմանա՝ մարզպետը իր պարգևատրումն է նվիրե՞լ, թե՝ այդ կամ մի այլ ֆոնդից է հատկացնում։ Կովը մարզպետի ձեռքին է՝ ոնց ուզի կկթի, ում ուզի կաթ կտա։ Ախր սեփականն ու պետականն իրար խառնելն ու «աջաբսանդալ սարքելը» բանի նման չէ։  Ավելի լավ չի լինի՞, որ հրաժարվի պարգևատրությունից, մեկ է՝ չի օգտվում դրանից։ Թե չէ մարզում կարող են պահանջել ՝ մեր մարզպետը ամեն օր թող  պարգևատրվի, որ մեզ բաժանի․․․

Իսկ դրանից հետո մի օր Գարիկի ֆեյսբուքյան գրառումը կկարդանք․

Վարչապետը, Արարատի մարզ կատարած անակնկալ այցից հետո, ինձ բանաստեղծություն է ձոնել։

Դե ոնց չձոնի, մարդը իր պարգևավճարը տալիս է կարիքավորներին։