Ծաղիկ ու ձկնամթերք փոխադրողների հարցն այդպես էլ չի լուծվել

Ծաղիկ ու ձկնամթերք փոխադրողների հարցն այդպես էլ չի լուծվել

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ Լարսում ստեղծված իրավիճակին, թե արդյոք ունե՞նք խնդիր արագ փչացող ապրանքների՝ սահմանը հնարավորինս շուտ հատելու մասով։

«Արագ փչացող ապրանքների մասով չունենք խնդիր, դրանք անցնում են, ըստ էության, առանց հերթի, իսկ մյուս ապրանքների մասով, այո, ունենք խնդիր։ Մեր արած աշխատանքի արդյունքում հուլիսին հայկական մեքենաների բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը աճել է 10 տոկոսով հունիսի նկատմամբ։ Բայց դա, միևնույն է, շատ քիչ է, որպեսզի հերթերը լուծվեն, և մենք շարունակում ենք աշխատանքը մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություներով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը, և մոտակա ժամանակներում ֆիզիկական առումով ընդլայնում է տեղի ունենալու»,-ասաց Քերոբյանը։

Մեր հարցին, թե հայկական կողմն ի՞նչ կարող է անել այդ մասով, Քերոբյանն ասաց․ «Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և մեր գործընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար։ Բնականաբար, հայկական ընկերություններն էլ այդ տրանզիտի ընթացքում վճարում են կատարում, որը նաև ապահովում է եկամուտ երկու երկրների համար»։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ծաղիկ ու ձկնամթերք փոխադրող մեքենաներն ընդգրկվե՞լ են շուտ փչացող ապրանքների ցանկում, որ արագ անցնեն, Քերոբյանն ասաց․

«Չենք ընդգրկվել, չէր ընդգրկված ի սկզբանե, և հիմա, քանի որ դրանց ընդգրկումը ևս, իրականում, կնշանակի արագ չփչացող ապրանքների համար շատ երկար հերթեր, այսօր այս միջանկյալ կարգավորումն է։ Բայց էլի եմ ասում՝ մենք շարունակում ենք աշխատանքը, որպեսզի վերջնականորեն լուծենք»։