Նոր տարվա շեմին «նվեր են անում»․ Սփյուռքի նախարարության աշխատանքից զրկվածներ

Նոր տարվա շեմին «նվեր են անում»․ Սփյուռքի նախարարության աշխատանքից զրկվածներ

Այսօր կառավարության դիմաց, բացի Մշակույթի նախարարության աշխատակիցներից հավաքվել էին նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցները, որոնց երեկ նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հավաքել, ասել է, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չի լինելու։ Հավաքվածները, որոնց մեջ շատ էին նաև ամուսնական զույգերը, այսինքն՝ մեկ ընտանիքում 2-ով էին աշխատանք կորցրել, նշում էին, որ կառավարությունն իրենց Նոր տարվա շեմին «նվեր է անում»։

«Օպտիմալացում նշանակում է միջոցների խնայում, եթե մենք նայենք նոր Ազգային ժողովի ավելացումն, օրինակ, ինչքանո՞վ է նպաստում բյուջեի խնայմանը»,-ասաց աշխատակից։ Նա ավելացրեց՝ այսքան մարդու, որ դուրս են գցում, չեն հասկանո՞ւմ, որ ամեն փաստաթղթի տակ մարդկային ճակատագրեր են։ «Հիմա ստեղ մարդիկ ունենք, որոնք հիվանդ ծերեր են պահում։ Մենք մեր կաշվի մասին չենք մտածում էս պահին, երիտասարդ ենք, մեր գլուխը մի կերպ կպահենք»,-ասաց Սփյուռքի նախարարության աշխատակիցը, որը նշեց, որ այս ընտրություններին գնացել ու ընտրել է «Իմ քայլը» դաշինքին ու բոլոր ընդդիմացողներին խստորեն հրահանգել է գնալ ու ընտրել իր պես։

Անդրադառնալով վարչապետի խորհրդական, ԱԺ նորընտիր պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ու այլոց հայտարարությանը, որ թող գնան բիզեսով զբաղեն, հակադարձեց՝ բա էդքան հեշտ՞ ա բիզնեսով զբաղվելը, ես 35 տարեկան եմ, գումար չունեմ հետ գցած, որ գնամ ու բիզնեսով զբաղվեմ։ Նա նշեց, որ անձամբ շատ է հարգում Մխիթար Հայրապետյանին, բայց համաձայն չէ, որ Սփյուռքի նախարարությունը պետությանը օգուտ չտվող կառույց է։ Նա այս համատեքստում նկատեց, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը շուրջ 20 հազար սիրիահայ է ընդունել, ինչպե՞ս կարելի է խոսել, որ իրենք գործ չեն անում։ Հավաքվածներից մի տղամարդ հարցրեց՝ «Իսկ 7 միլիոնանոց սփյուռքի կարծիքը հարցնո՞ւմ են, որ մեզ կրճատում են»։

Հավաքվածները մոտ 40 րոպե կանգնեցին կառավարության մուտքը՝ ոստիկանական պատով պատնեշած ոստիկանների առաջ, հարցազրույցներ տվեցին տարբեր լրատվամիջոցներին, ապա կառավարության դիմումների բաժնին հանձնեցին նախարարության օպտիմալացվող աշխատակիցների անունից նամակը՝ մի քանի տասնյակ ստորագրություններով։ Կային նաև խմբեր կողքից․ ՀՀ եռագույնով եկած նաիրիտցի մի տղամարդը՝ Նորիկ Ղահրամանյանը բարկացած պատասխանում էր, թե ինչպես կարելի՞ է ընտրակաշառքից զրկել մարդկանց։