Մենք բացառությու՞ն ենք

Մենք բացառությու՞ն ենք

Խոսքի ազատությունը հարաբերական է: Մամուլն ամբողջ աշխարհում առնվազն ուղղորդվում է: Խնդիրն այն է՝ ու՞մ կողմից: Կայացած ավանդույթների երկրներում ստեղծված են «ուղեղային կենտրոններ» եւ վերահսկում են պետության տեղեկատվական քաղաքականությունը: Այդ կառույցներն ունեն դարերի պատմություն:  Մշակութային, տեղեկատվական էքսպանսիան արդի աշխարհում համաքայլ է դիվանագիտության, հետախուզության եւ հակահետախուզության հետ: Աշխարհում կան լրատվամիջոցներ, որոնց տարածած մեկ-երկու տողանոց տեղեկատվությունը հավասարազոր է այդ երկրի առաջնորդի հայտարարությանը եւ այդպես էլ ընկալվում է: Բացառությունը, կարծես, մենք ենք:  Որեւէ մեկն այս երկրում զբաղվու՞մ է տեղեկատվական անվտանգության հարցերով: Պետությունն ունի՞ մամուլի հետ աշխատելու հայեցակարգ, կա՞ մշակված մեխանիզմ, երբ երկրի համար կարեւոր նշանակության ինֆորմացիան հարկավոր պահին հայտնվում է հարկավոր տեղում: Ըստ երեւույթին՝ ոչ: Այլապես իրեն անկախ անվանող բլոգերը չէր կարող զորքերի շփման գծից լուսանկարներ հրապարակել, որոնք հակառակորդին հետախուզական տվյալներ են տալիս: Կամ էլ ամեն երրորդն իրեն չէր անվանի ռազմական փորձագետ եւ չէր քարտեզագրի հայկական զինուժի հավանական գործողությունների շրջանը: Քառորդ դար առաջ, երբ բանակային թերթի խմբագիր էի, մեզ արգելված էր հրապարակել նույնիսկ բերքահավաքի թվերը: Հակառակորդը չպետք է իմանար, թե Արցախում քանի հեկտար ցորեն է հնձվել, որքան բերք է ստացվել: Դա արդարացված սահմանափակում էր: Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Իսկ այսօ՞ր: Ո՞վ է համայնքի ղեկավարին լիազորել՝ բջջային կապով լրատվամիջոցին հայտնի, որ հայկական կողմը զոհ կամ վիրավոր ունի: Տավուշյան մարտերի օրերին մամուլի աղբյուրները քաղաքացիական իշխանություններն էին, սահմանամերձ համայնքների բնակիչները: Պատկան կառույցները չգիտե՞ն, որ հակառակորդն այդ խոսակցությունները գաղտնալսում է: Գիտեն, բայց եթե փորձեն մարտական գործողությունների օրերին «խլացնել» համացանցն ու բջջային կապը, Երեւանում իսկույն տասնյակ իրավապաշտպաններ բողոքի ձայն կբարձրացնեն, եւ «գնչուական փոստը» կսկսի սարսռազդու «փաստեր» տարածել: Ինչպես եղավ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հորինվեց «սոված եւ միայն բահերով կռվող» զինվորների առասպելը: Այն հիմարությունը, որ տանկերը լիցքավորված չեն եղել: Աշխարհում կա՞ մի երկիր, որ պատերազմի մասին հարյուր տոկոսանոց իրական տեղեկատվություն է տալիս: Ոչ: Երկրորդ համաշխարհային պատերազմից 75 տարի է անցել, բայց շատ բան դեռ գաղտնի է պահվում: Իսկ մենք ուզում ենք անպատճառ իմանալ՝ Ղարադաշը հիմա մե՞ր վերահսկողության տակ է, թե՞ հակառակորդի: Արցախի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ հիսուն կիլոմետր խորությամբ՝ Ադրբեջանում  «տեղեկատվական անվտանգության գոտի» է: Այդ հաշվարկով՝ Ստեփանակերտը ռազմաճակատային քաղաք է: Իրականում այդպես էլ կա: Իսկ ռազմաճակատային քաղաքում, չխոսած Մարտակերտի եւ Մարտունու մասին, պետք է գործեն պատերազմական ժամանակի կարգն ու կանոնը: Նույնը՝ Բերդում, Նոյեմբերյանում, Իջեւանում, Արարատում: Հակամարտ զորքերի շփման գծից հիսուն կիլոմետր խորության հաշվարկով մերձճակատային քաղաք է նաեւ Երեւանը՝ եթե հաշվենք Սադարակից: Ասում ենք՝ պատերազմող երկիր ենք, պատերազմի մեջ ենք: Ուրեմն պիտի մեզ ենթարկեցնենք պատերազմական ժամանակի տրամաբանությանը: Գոնե՝ տեղեկատվության ընտրության եւ տարածման նպատակահարմարության հարցում: Տեղեկատվական պատերազմը թեւակոխել է նոր փուլ: Մամուլի պատասխանատվությունը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Պետությունը պետք է ինստիտուցիոնալ եւ հետեւողական աշխատանք տանի մամուլի հետ: