Զինվորական սուբորդինացիան տեղին չէ տղայական ընկալումների դաշտ տանելը

Զինվորական սուբորդինացիան տեղին չէ տղայական ընկալումների դաշտ տանելը

Ավտոմեքենաների մաքսակետում իր աշխատանքից հեռացված Հայկ Մարտիրոսյանի մասին գրառում էի արել, նշելով, որ հնարավոր է, որ վարչապետին դիմավորելիս ունեցած իր կեցվածքը պայմանավորված լիներ առողջական խնդրով:

Իմ այս գրառման հետ «Հրապարակ» թերթում իր «Այդ բանը չանես, Հայկ» անդրադարձում հեռակա բանավեճի մեջ է մտել հարգարժան Հասմիկ Բաբաջանյանը, ասելով, թե «Ուզում եմ, որ Հայաստան աշխարհն այնպիսի տղաներ ունենա, որ զգաստ չկանգնեն վերադասի առաջ, որ մեջքից ծալված չքծնեն նրան, որ բերանները բաց նրա մի խոսքին չսպասեն, որ տեղից թռնեն։ Ուզում եմ ապրեն արժանապատիվ, հոգնել ենք հազար մորթի փոխող ծառայողներից, դեմքներին կեղծ ժպիտ նկարող աղջկանման պաշտոնյաներից»: Ապա լրագրողը շարունակել է. «Հարգանքը, մեծարումը, զգաստ կանգնելը ինքնաբուխ պիտի լինի։ Թքած այն տղամարդու երեսին, ով ոչ թե Մարդու առաջ է ձգված կանգնում, այլ վարչապետի պաշտոնի առաջ է «չեստ տալիս»… Մեզ վարչապետ է պետք, որ «տասը տակ ծալվե՞նք նրա առաջ, հնդկահավի  կեցվա՞ծք ընդունենք», հետո էլ, որ չստացվի, բժշկի թուղթ բերենք ու ասենք նորին մեծություն, ողս չի աշխատու՞մ․․․ Ի վերջո եթե Հայկն էլ ասի, որ ողնաշարի խնդիր ունի, դրա համար չի կարողացել զգաստ կանգնել, էլ մեր տղամարդկանց վրա հույս չի կարելի դնել…»: 

Ճիշտն ասած, նման արձագանքը ինձ համար բավական տարակուսելի էր: Ակնհայտ է, որ տիկին Բաբաջանյանը շփոթում է տարրական զինվորական կարգապահությունը եւ սուբորդինացիան քծնանքի, իսկ զգաստ կանգնելը՝ «մեջքից ծալված քծնելու», կամ վերադասի առջու «տասը տակ ծալվելու, հնդկահավի կեցվածք ընդունելու» հետ, ինչի կոչի ակնարկ անգամ իմ գրառման մեջ չկա: Ընկալել զինվորական կամ ոստիկանական համակարգում կարգապահությունը եւ սուբորդինացիան տղայական դաշտում տիպիկ արեւելյան մոտեցում է: Եւ ասեմ թե ինչու: Հենց պետական խորհրդանիշների եւ վերադաս ուսադիրների առջեւ զգաստ կանգնելն է, որ որեւէ կերպ չի նվաստացնում զինվորականի արժանապատվությունը, քանի որ դա կանոնակարգի մաս է, որն ընդունում է ցանկացած զինվորական՝ ծառայության անցնելիս եւ որեւէ կապ չունի վերադասի մարդկային, առավելեւս՝ տղամարդկային արժանիքների հետ:

Զգաստ կանգնել գերագույն հրամանատարի առջեւ, անկախ նրա անձից, զինվորականի համար նույնն է, թե զգաստ կանգնել ՀՀ պետական մյուս խորհրդանիշների՝ դրոշի կամ զինանշանի առջեւ, կամ պետական օրհներգը հնչելիս: Եւ հակառակը՝ նման կեցվածքի բացակայությունը անհարգալից եւ վիրավորական դրսեւորում է վերադասի հանդեպ: Եւ, կրկնում եմ, կապ չունի, թե ով է այդ գերագույն հրամանատարը, խնդրում եմ մոռանալ անձերի մասին, ում հանդեպ կարելի է հակակրանք կամ համակրանք ունենալ. պետություն ենք կառուցում, այլ ոչ թե մեծ խոհանոց: Վերադասին, անգամ գերագույն հրամանատարին զինծառայողը կարող է հանդիպելիս անգամ չբարեւել՝ ծառայության ժամերից դուրս, երբ վրան համազգեստ չլինի:

Եթե ուսադիրներ կրող անձի ինքնությունը այդքան էական է զինծառայողի/ոստիկանի համար, ապա նա ազատ է դիմում գրել եւ դուրս գալ համակարգից՝ անցնելով որեւէ քաղաքացիական աշխատանքի: Ու եթե նման պահվածքը պայմանավորված չի եղել առողջական խնդրով, ինչի մասին ես գրել եմ, ապա այո, նման զինծառայողը/ոստիկանը չի կարող համարվել իր պաշտոնական դիրքին լիարժեքորեն համապատասխանող: Թեեւ, նման դեպքերում, կարծում եմ, բավարար է կարգապահական տույժը, ասենք՝ նկատողություն հայտնելը: ԵՎ իհարկե, վերադասը պարտավոր է մնալ իր բարձրության վրա եւ դրսեւորել հարգանք անգամ կանոնակարգը խախտած զինծառայողի հանդեպ: Այստեղ, ի դեպ, պետք է ավելացնել նաեւ գլխարկի առկայության եւ վերադասին պատիվ տալու մասին, որը ցանկացած զինծառայողի կանոնադրային պարտականությունն է եւ որեւէ կապ չունի տղայական դաշտին վերաբերող ընկալումների հետ:

Լավ է, որ տիկին Բաբաջանյանը դեռ չի առաջարկում զինվորներին՝ իսկական տղամարդու մասին իր պատկերացումներին համապատասխանելու համար ենթարկվել միայն այն հրամանատարների հրամաններին, ովքեր իրենց կարծիքով իրենցից ավելի «լավ տղա են», կամ իրենցից «ավելի հարգարժան»: Մնում է միա հատ էլ ամեն մեկը իր համար պարզի «լավ տղու» ու «ավելի հարգարժանի» չափորոշիչները ու քաոսը բանակում եւ ոստիկանության համակարգում պատրաստ կլինի: Ժամանակակից աշխարում նման սեռային հիերարխիաներն ընդունված են միայն հետամնաց հասարակարգերում, եւ կենդանական աշխարհում, որտեղ, օրինակ, առավել ուժեղ, կամ ագրեսիվ որձերի առջեւ մյուս որձերը «ինքնաբուխ» կերպով դրսեւորում են հնազանդության, «մեծարման» նշաններ, մինչդեռ առաջադեմ մարդկային հասարակություններում նման հարաբերությունները, իմ համոզմամբ, անընդունելի են: 

Հարգարժան լրագրողի արձագանքում անհասկանալի է նաեւ արժանապատվությանը վերաբերող բնութագրիչները միայն «տղամարդ» կամ «տղա» բառերի կողքին օգտագործելը: Կարծում եմ, որ արժանապատվությունը, ինքնսիրությունը ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց արժանիքներից է եւ վերաբերում է նաեւ կին զինծառայողներին, անկախ այն բանից, թե իրենք են «չեստ տվողը», թե իրենց են «չեստ տալիս»: Այս ամենը՝ զինվորական/ոստիկանական համազգեստ կրողների մասով, որին վերաբերում էր նաեւ Հայկ Մարտիրոսյանի դեպքը: 

Ինչ վերաբերում է քաղաքացիական մարդկանց, ապա տարրական քաղաքավարության կանոնները հուշում են մեզ, որ ընդհանրապես որեւէ մեկին դիմավորելիս անհարգալից եւ անքաղաքավարի է նրա առջեւ երերուն, թափթփված կանգնելը, եթե, նորից եմ կրկնում, դա պայմանավորված չէ առողջական խնդրով, կամ եթե դա ձեր մտերիմ ընկերը չէ, որին, եթե օրինակ, շատ հոգնած եք, կարող եք դիմավորել գուցե անգամ առանց ոտքի կանգնելու: Թեեւ քաղաքացիական հարաբերություններում, իհարկե, անքաղաքավարի պահվածքը յուրաքանչյուրի իրավունքն է եւ չի կարող պատճառ դառնալ որեւէ կարգապահական տույժի: 

Հարգանքով՝
Հովսեփ Խուրշուդյան