Պատասխանը Համարժեք՝ ստորացուցիչ

Պատասխանը Համարժեք՝ ստորացուցիչ

Ռուսաստանից հապաղող շնորհավորանքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, շարունակում է մնալ վերջին երկու-երեք օրերի հայ լրատվական դաշտի ամենաքննարկվող թեման: Անհայտ է՝ որքանով են այդ ուշացող շնորհավորանքին «սպասող» մնում իշխանության վերին օղակներում, բայց որ «խնդրի» արագ լուծմամբ թերեւս իշխանականից էլ առավել մտահոգված է հայ լրագրողական հանրությունը՝ ակնհայտ է: Ընդ որում՝ մտահոգված է այնքան, որ, մոռացած դիվանագիտական էթիկայի ու տարրական կոռեկտության մասին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Զախարովային ուղղակի հարց է տալիս՝ ինչո՞ւ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանին:

Համաշխարհային լրագրության պատմությունը գուցե ունի այսպիսի նախադեպեր, բայց տողերս գրողին դա հանդիպում է առաջին անգամ: Հարցն այդքան ուղղակի հնչեցնելու փաստի մեջ հայ լրագրողը (Tert.am) ակամա դնում է ոչ միայն իր, իր ներկայացրած կայքի խմբագրության, այլեւ հայ հանրության, ինչ-որ առումով նաեւ Հայաստանի իշխանությունների սպասողական-կախյալ վիճակը այդ չհնչող շնորհավորանքից: Եվ հստակ չէ՝ լրագրողն ստացե՞լ է այդպիսի հարց հնչեցնելու հրահանգ կամ արտոնություն իր ղեկավարների կողմից, թեեւ ուզում ենք հուսալ, որ դա սոսկ տվյալ լրագրողի ինքնագործունեության հետեւանք է, չնայած նա արդեն հասցրել է դրանով որոշակիորեն եւ ցավալիորեն խփել մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը: Եվ այդ հարվածը միանգամայն նկատելի է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի արձագանքից՝ «Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրո՞ւմ ես»:

Չենք ուզում որեւէ ձեւով կապակցել մեկը մյուսին, բայց օրեր առաջ Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության ֆոնի վրա հայ լրագրողի հարցը հնչում է իսկապես նվաստացուցիչ, իսկ պատասխանը՝ հարցին միանգամայն համարժեք՝ ստորացուցիչ:

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ