«Վարդանանք» շարժումը Հրազդանում հակաեկեղեցական քարոզ է անում

«Վարդանանք» շարժումը Հրազդանում հակաեկեղեցական քարոզ է անում

Հայ առաքելական եկեղեցու դեմ ձեւավորված «Վարդանանք» անվամբ շարժումն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, որ պատրաստվում են փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ակցիա իրականացնելու համար թույլտվություն ստացել էին Էջմիածնի համայնքապետարանից: Աղմուկ բարձրացնելուց հետո, սակայն, Էջմիածնի համայնքապետարանը որոշումը չեղյալ է համարել:

«Վարդանանք» շարժումն այսօր էլ Հրազդան քաղաքում է հանրահավաք իրականացրել, ունենալով Հրազդանի քաղաքապետարանի թույլտվությունը: Հրազդանի Սահմանադրական հրապարակում մոտ տասնյակ մարդիկ հավաքվել են եւ հետաքրքրվել, թե ովքեր են եւ ինչ են ուզում: Պարզվել է, որ «Վարդանանք» շարժումը համակարգող Անդրանիկ Դովլաթյանը քարոզ է իրականացնում եկեղեցու դեմ:

Էլզա Հովհաննիսյանն, ով Սահմանադրության հրապարակ էր գնացել` ի պաշտպանություն եկեղեցու, մեզ հետ զրույցում ասաց, որ չեն հանդուրժի, որ Հրազդանում ատելություն քարոզեն, եւ ժողովրդին Հայ Առաքելական եկեղեցու դեմ հանեն. «Հրազդան քաղաք էր ժամանել ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում ապրող և «Facebook» սոցիալական ցանցում գրանցված Անդրանիկ Դովլաթյան անունով (Andranik Dovlatyan) խառնակիչ ստահակը, ով վերջերս հայհոյանք և զրպարտություն պարունակող ուղիղ եթերներով փորձում է արշավ սկսել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի և այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Ամերիկայից ուղղորդված այս սրիկան, Սահմանադրության հրապարակում փորձեց վարել իր կեղտոտ արշավը, բայց, հանդիպելով հավաքվածների ակտիվ հակահարվածին, անեծքներին և դժգոհություններին` հեռացավ քոռ ու փոշման։ Սա այս իշխանությունների` պարբերաբար շրջանառության մեջ դրվող կեղտոտ տեխնոլոգիաներից է, որպեսզի մարդկանց շեղեն կարևոր հարցերից։ Իրավապահ համակարգը գնահատական պետք է տա Անդրանիկ Դովլաթյանի և նրա ընկերների` ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն, քարոզելուն ուղղված հրապարակային խոսքին, ու նա պետք է պատժվի։ Այլապես այս հողի վրա բախումներն անխուսափելի են լինելու»,- ասաց նա։ 

Ակտիվիստ Լուսինե Թադեւոսյանն էլ ասաց.

«Իմացա, որ Հրազդանում տեղի է ունենալու հակաեկեղեցական ակցիա, որը գլխավորում էր Անդրանիկ Դովլաթյանը: Փորձեցի մեր քահանայից ճշտել, արդյո՞ք տեղյակ են ակցիայի մասին: Ստացա պատասխան, որ ակցիայի մասին նոր են տեղեկացել, եւ որ քաղաքապետարանը եւ ոստիկանությունը տեղյակ են ու թույլտվություն կա: Զանգահարել եմ ոստիկանության Հրազդանի բաժանմունք, մեզ ասացին, որ այդ շարժումը ակցիայի շրջանակում կրում է մշակութային բնույթ: Եկա Հրապարակ: Մարդ չկար, երբ ես ուղիղ եթեր մտա, եւ ասեցի, որ դուրս եկեք, քաղաքի ակտիվիստները մոտեցան, նրանք էլ առիթից օգտվեցին, սկսեցին թռուցիկներ բաժանել: Կոչ էին անում դուրս գալ կաթողիկոսի դեմ, փետրվարի 24-ին էջմիածինում: Նրանք ամեն գնով խոսակցությունը տանում էին այլ տեղ, որ հրահրեին մեզ բախման, բայց մենք սադրանքների չտրվեցինք, եւ ուղղակի վռնդեցինք նրանց: Ես գրավոր դիմելու եմ Հրազդանի քաղաքապետին, եւ ոստիկանության բաժնի պետին, որպեսզի տրամադրեն թույլտվության պատճեն»:

Հանրահավաքի թույլտվության մասին տեղեկատվությունը համայնքապետարանի պաշտոնական կայքում չգտանք: Արդյո՞ք Հրազդանի քաղաքապետարանը թույլատրել էր «Վարդանանք» շարժմանը հանրահավաք իրականացնել Հրազդանում. «Եղել ա դիմում` Անդրանիկ Թոնի Դովլաթյանի անունով, «Վարդանանք» շարժումը համակարգող եւ Հայաստանյաց թեմի Առաքելական եկեղեցու ձեռնադրված դպիր, որում նշված էր. ի գիտություն ընդունեք փետրվարի 15-ին Հրազդանի Սահմանադրական հրապարակում, Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայ ժողովրդի հոգեւոր արժեքների պահպանությունը թեմայով հանրահավաք անցկացնելու մասին, եւ քաղաքապետարանը թույլատրել է օրենքով սահմանված կարգով»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը:

Հարցրինք՝ համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրվա՞ծ է այդ որոշումը. «Դա իրավական մաս է` ես տեղեկություն չունեմ, մի գուցե կա՝ չեք գտնում»-եղավ պատասխանը: