Ղրիմի հայ եւ ադրբեջանական համայնքները հանդես են եկել հայտարարությամբ

Ղրիմի հայ եւ ադրբեջանական համայնքները հանդես են եկել հայտարարությամբ

Ղրիմի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Գեորգի Հակոբյանը եւ Ղրիմի ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Գաֆիս Աբասովը հանդես են եկել հայտարարությամբ, կապված Լեռնային Ղարաբաղյան հակամարտության՝ երեկվանից սկսված սրացման առնչությամբ։ Հայ համայնքի ղեկավարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները, իսկ ադրբեջանական համայնքի ղեկավարը կոչ է արել թույլ չտալ սադրանքներ։

Գեորգի Հակոբյանը մասնավորապես ասել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցնել որքան կարելի է շուտ, որպեսզի հնարավոր լինի խուսափել խաղաղ բնակրության շրջանում հատկապես հնարավոր զոհերից։ «Պետք է խաղաղ կարգավորում։ Ոչ մի պատերազմով ոչ մի հարց լուծել հնարավոր չէ։ Կլինեն նոր զոհեր երկու կողմերից էլ»,- շեշտել է Գեորգի Հակոբյանը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։

Գաֆիս Աբասովն էլ շեշտել է, որ հակամարտության սրացման պայմաններում պետք է ապահովել ազգամիջյան համերաշխությունն ու խաղաղությունը Ղրիմում եւ թույլ չտալ ոչ մի սադրանք, ում կողմից էլ դա հրահրվի։ Նա նաեւ ասել է, որ այդ հարցում Գեորգի Հակոբյանի հետ ունի կատարյալ փոխհամաձայնություն։