Ոմանց աննպատակ ուշադրության կարիքը բնավ չունեմ. ի՞նչից է բարկացած հայտնի օպերային երգչուհին  

Ոմանց աննպատակ ուշադրության կարիքը բնավ չունեմ. ի՞նչից  է բարկացած հայտնի օպերային երգչուհին  

Մի շարք մրցույթներում «Գրան Պրի»-ների դափնեկիր ,ճանաչված գյումրեցի օպերային երգչուհի Արևիկ Թանաշեանը՝ Լեոնորան , որը 2016 թվականին նաև Հայաստանի լավագույն դասական երգչուհի է ճանաչվել , ի տարբերություն նախորդ տարիների՝ վերջին շրջանում հարազատ քաղաքում տեղի ունեցող միջոցառումներին գրեթե չի մասնակցում: Երգչուհին hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց.

- Ես երբևէ չեմ զբաղվել ինքնագովեստով , քանի որ սիրում եմ իմ աշխատանքը և իմ քաղաքը , որտեղ ես ծնվել, մեծացել ու հասունացել եմ որպես արվեստագետ։ Բայց կյանքում կան բաներ, որ փոխադարձ լինելով աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ։ Ի՞նչն է  ինձ  վրդովվեցրել: Խոսքս վերաբերվում է մի քանի չինովնիկներին, որոնք ժամանակավոր լինելով իրենց աթոռիկներին, մտածում են, որ կարող են անտեսել այնպիսի մարդկանց, որոնք իրենց անձնվեր նվիրումն են բերում քաղաքին և երկրի մշակույթի զարգացմանն ու տարածմանը Հայաստանում՝ և նրա սահմաններից դուրս: Վերջերս իրականացվեցին «փառահեղ» պարգևատրումներ, պարգևատրվեցին մի շարք այնպիսի դեմքերի, որոնք, երևի թե, իրենք էլ էին զարմացել՝ իրենց չարածների դիմաց ինչու հիշատակվեցին, նման անանունների կողքին դուրս մնացին այնպիսիները, որոնք իրական արժանիներն էին: Խոսքս վերաբերում է նաև տարիների վաստակ ունեցող արվեստագետ-մանկավարժներին, ովքեր երկար տարիներ գտնվում են ստվերում:

- Մեր տեղեկություններով՝ մոտ երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետը  Ձեզ հրավիրել էր աշխատելու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ: Ինչո՞ւ չաշխատեցիք:

-Ես ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվեի , բայց հղիությանս փաստը պատճառ դարձավ, որպեսզի աշխատանքի չվերցնեն։ Ես դա երբևէ չեմ համարել իմ անձի հանդեպ կատարված վատ վերաբերմունք, քանի որ ես սիրում եմ շարժվել օրենքով և երբևէ վատ հարաբերություն չեմ ունեցել այդ կառույցի ղեկավարների և աշխատակազմի հետ:Հարգելով նրանց՝՝առանց որևիցե ավելորդությունների ,հեռացել եմ։ Բայց բանն այն էր, որ ինձանից հետո ով նշանակվեց այդ պաշտոնին, նույնպես հղի էր ,սա արդեն ինձ համար անընդունելի էր։

- Ի՞նչ եք  կարծում, գուցե այդ դիպվածը  նպաստել է, եւ դա է պատճառը, որ այսօր որոշակի խնդիրներն են առաջացել: 

-Ոչ չեմ կարծում, քանի որ, նորից եմ ասում, ես երբեք վատ հարաբերություններ չեմ ունեցել , հարգել եմ բոլոր նրանց , ովքեր ղեկավարել են այդ կառույցն ու քաղաքի մշակույթը։ Եվ հիմա չեմ կարող ասել, թե նման վերաբերմունքն ինչից է գալիս։ Բանն այն է,որ նույն վերաբերմունքին է արժանացել նաև մայրս, ով երկար տարիների մանկավարժ է և տվել է բազմաթիվ դիպլոմակիր և դափնեկիր երեխաներ ,և արդեն քանի տարի է մատնված է անուշադրության։Միայն այս տարի ունեցել է մի շարք աշակերտներ,որոնք Ռուսաստանում ,Վրաստանում կայացած  միջազգային մրցույթներում արժանացել են «Գրան Պրի» և գլխավոր մրցանակների։Սակայն նորից տարեվերջին համապատասխան մարդկանցից ոչ մի արձագանքի չի արժանացել։

- Այնուամենայնիվ, դուք հանրահայտ երգչուհի եք, շարունակո՞ւմ եք գործունեությունը, ինչո՞վ եք զբաղված, համերգներ տալի՞ս եք

-Չնայած այդ ամենին , ես շարունակում եմ զբաղվել բարեգործական աշխատանքներով, համերգներով՝ չսպասելով ոչ մի բանի։ Ուզում եմ ասել մի բան՝ ես քրիստոնյա եմ, նվիրյալն իմ հայրենիքին,կրոնին և մշակույթին , ինձ անտեսելը դժվար է, քանի որ ես Աստծո հովանու տակ եմ և օրհնված եմ Բարձրյալից , որպեսզի իմ շնորհով կարողանամ օգտակար դառնալ ժողովրդիս, իսկ ոմանց աննպատակ ուշադրության կարիքը բնավ չունեմ: Հիմա բալիկիս ծննդյան հետ կապված փոքրիկ դադար է, բայց դա ժամանակավոր է,իմ վերադարձը դեպի բեմ և համերգներ հուսամ կլինի  ավելի շուտ, քան պատկերացնում եմ։

Ի դեպ, երգչուհին զրույցի ընթացքում  ներկայացրեց նաև վերջին ձեռքբերումները.նա վերջերս արժանացել է Կատարողական Արվեստի համաշխարհային ասոցիացիայի վաստակավոր արտիստի, մշակույթի վաստակավոր գործիչի, Անահիտ Ոսկե շքանշանի,  Մովսես Խորենացի մեդալակիր կոչումներին: