Ի՞նչ է ենթադրում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ստորագրված հուշագիրը

Գրել ենք, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել՝ հաստատելով հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց մտադրությունը:
Տեղեկությունը հայտնել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ հուշագրի ամբողջական տեքստը։ Փաստաթուղթը նախատեսում է ներդրումային հիմնադրամի ստեղծում՝ ուղղված Ուկրաինայի վերականգնմանը։
Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով կառավարական պորտալին։
Հուշագրի տեքստում նշվում է, որ այն հնարավորություններ է բացում ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների արդիականացման և Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ գործընկերության զարգացման համար։
«Դա վերահաստատում է ամերիկացի ժողովրդի հանձնառությունը՝ ներդրումներ կատարել ուկրաինացի ժողովրդի հետ ազատ, ինքնիշխան և ապահով Ուկրաինայում», - ասվում է էկոնոմիկայի նախարարության տարածած տեքստում:
Փաստաթղթում Միացյալ Նահանգները և Ուկրաինան ընդգծում են Կիևի՝ միջուկային զենքի երրորդ ամենամեծ զինանոցից կամավոր հրաժարման կարևորությունը՝ որպես ներդրում միջազգային անվտանգության գործընթացում։
Հուշագրում նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները հարգում է Ուկրաինայի պարտավորությունները՝ կապված ԵՄ-ին միանալու նրա ձգտումների հետ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և պաշտոնական վարկատուների հետ ունեցած համաձայնագրերը։
«Այսինքն՝ համաձայնագրի վրա աշխատանքը չի կարող հակասել Ուկրաինայի եվրաինտեգրման կուրսին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը պետք է համաձայնագրի առաջընթացի մասին հաշվետվություն ներկայացնեն մինչև 2025 թվականի ապրիլի 26-ը։
Կարծիքներ