Արմաշի առողջության կենտրոնում արձանագրվել են մի շարք խնդիրներ

Արմաշի առողջության կենտրոնում արձանագրվել են մի շարք խնդիրներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել  ՀՀ Արարատի մարզպետարանի «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Այցի արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝
    • գերբնակեցվածություն,
    • կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն, 
    • ջեռուցման ապահովման հետ կապված խնդիրներ,
    • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
    • հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ և այլն:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմնին:

Պետք է նշել, որ այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: 

Հարկ է նաև ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները և ճաշարանը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել որոշ սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ: Այս կապակցությամբ հաստատության տնօրինությունը երախտագիտություն է հայտնել Պաշտպանի աշխատակազմին՝ նշելով, որ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հաստատությանը միջոցներ են տրամադրվել Պաշտպանի ներկայացուցիչների նախորդ այցի հիման վրա ներկայացված առաջարկությունների և «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» Պաշտպանի 2018 թվականի արտահերթ հրապարակային զեկույցի արդյունքում: