Ի՞նչ բանավոր պայմանավորվածության հիման վրա է հանձնման ամսաթիվը հետաձգվել մինչև սեպտեմբերի 1-ը
Նախօրեին Արցախի ԱԺ ընդդիմադիր երեք երեք խմբակցությունները` «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ «Լաչինի միջանցքի» հետ կապված ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Մեր հարցին, թե այդ հանդիպումը ի՞նչ նպատակ է հետապնդում և ի՞նչ է քննարկվելու, տիկին Հակոբյանը պատասխանեց.
«ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դեսպանորդ Սելեզնյովի «Լաչինի միջանցքի» վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո բազմաթիվ հակասական հարցեր առաջացան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Այսինքն` ռուս դեսպանորդի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ փաստորեն Ռուսաստանի Դաշնության հետևում ինչ-որ գործողություններ են կատարվել կապված «Լաչինի միջանցքի» և այդտեղ տեղակայված Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հետ, ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ են եղել, որի արդյունքում կատարվում է այն, ինչ կատարվում է հիմա: Ռուս դիվանագետի հայտարարությունը բնականաբար պարզաբանման կարիք ունի, ինչը և պահանջել են Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունները: Հանդիպման արդյունքում կարծում եմ, որ մենք պատասխաններ կունենանք կապված «Լաչինի միջանցքի» հետ, Բերձոր, Աղավնո, Սուս համայնքների հանձնման հետ: Այն պնդումները, որ մենք էինք անում, փաստորեն, լրիվ համընկան ռուս դեսպանորդի արած հայտարարության հետ: Բնականաբար պետք է պատասխանները շուտափույթ լինեն, որպեսզի պարզ դառնա իրականությունն առ այն, թե ինչ է կատարվում» :
Հարցին, թե հանդիպումը, երբ կկայանա Մետաքսե Հակոբյանը պատասխանեց, որ հանդիպումը չի ձգձգվելու. «Դեռևս հստակեցված չէ, թե երբ կլինի հանդիպումը, բայց կարծում եմ չի ձգձգվելու, շուտ է լինելու և մենք կունենանք մեզ հուզող պատասխանները»:
Դիտարկմանը, թե ռուս դեպանորդի հայտարարության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ եղան, ոմանք ասում են, որ հետաձգվելու է Բերձորի հանձնումը, մյուսներն ասում են, որ որևէ նոր բան չկա` պաշտոնյան խոսում է ընդամենը միջանցքի այն հատվածի մասին, որը կառուցել են ադրբեջանցիները, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Ռուս դեսպանորդը հստակ մեկնաբանեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, որտեղ ասվում էր, որ «Լաչինի միջանցքով» պետք է կառուցվի ճանապարհ, որը բնականաբար լինելու է այդ միջանցքի մեջ և այն հատվածը, որը մեզ ներկայացվում է այլընտրանքային ճանապարհի տեսքով որևէ կապ չունի միջանցքի հետ: Մենք հակված ենք պնդելու, որ այդ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում ուղղակի հանձնվեցին Բերձորը, Աղավնոն և Սուսը: Ինչքան էլ ցավալի լինի, ստացվում է այնպես, որ փաստորեն ՀՀ իշխանությունները կրկին անգամ գործարքի գնացին, որի արդյունքում Արցախից ևս մեկ մասնիկ հանձնվեց թշնամուն»:
Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների հանձնման վերաբերյալ Արցախի իշխանությունների պահվածքի ու դերի վերաբերյալ տիկին Հակոբյանը նշեց. «Բանավոր պայմանավորվածությունների արդյունքում Արցախի հերթական հատվածի թշնամուն հանձնելու գործարքի մեջ այս անգամ ՀՀ իշխանություններին շատ ակնհայտորեն աջակցեց նաև Արցախի իշխանությունները: Պետք է փաստել, որ հանձնման այն ժամկետները, որոնց մասին խոսվում է այսօր, դրանց վերաբերյալ ռուսական կողմից որևէ հայտարարություն չի եղել և ընդհանրապես պաշտոնական ոչ մի հայտարարություն չի եղել ու անընդհատ այդ ժամկետները փոփոխվում են կարծես: Սկզբից հայտարարվեց հանձնման ամսաթիվ օգոստոսի 25-ը, բայց չգիտես ինչու Բերձորն, Աղավնոն, Սուսը դատարկվեցին օգոստոսի 20-ին, մինչ այդ ստեղծելով սարսափելի պայմաններ այնտեղ ապրող մարդկանց համար, որպեսզի ստիպված լինեն լքեն իրենց բնակավայրերը: Իսկ հիմա էլ խոսակցությւններ կան, թե հանձնման ամսաթիվը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը»:
Հարցին, թե որքանով է հավանական, որ Բերձորը, Աղավնոն և Սուսը կհանձնվեն ոչ թե օգոստոսի 25-ին, այլ` սեպտեմբերի 1-ին պատգամավորը նշեց. «Իմ կարծիքով տրամաբանական է, որ բանավոր պայմանավորվածությունը եղել է ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 1-ին հանձնելու վերաբերյալ, քանի որ սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրն է ու հենց այդ օրն էլ հավանաբար Ադրբեջանը պատրաստվում է իր փալասը տնկել Բերձորում, որպեսզի հերթական անգամ մեր հիշարժան օրերից մեկը ստորացվի: Ստացվում է այնպես, որ հայկական կողմը ևս ամեն կերպ աջակցում է, որպեսզի ադրբեջանցիների այս ցանկությունն իրականանա»: Տիկին Հակոբյանը հավելեց նաև. «Ինչ վերաբերում է սեպտեմբերի 1-ին, ապա արդեն սովոր ենք կանխագուշակել, քանի որ ինչպես օգոստոսի 25-ն էր օդում կախված լուրեր, նույն կերպ հիմա օդում կախված լուրեր կան, որ մինչև սեպտեմբերի 1-ը երկարաձգվում է հանձնումը` մինչև ճանապարհի շահագործումը, և, ինչպես արդեն ասացի, հավանաբար մեր անկախության օրը Ալիևը կբերի իր փալասը կտեղադրի Բերձորում, որպեսզի հերթական ստորացումը ստանա հայ ժողովուրդը, հենց ժողովուրդը, այլ ոչ թե իշխանությունը, որվհետև իշխանությունները համահունչ գործում են Ադրբեջանի հետ»:
Կարծիքներ