Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

Զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

Նոր Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակվել։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ գրավն արդեն մուծել են եւ Վարդանյանն ազատության մեջ է։

«Ես ընդամենը կփաստեմ, որ դատարանը արդարություն իրականացրեց, չկային կալանքի հիմքեր։ Դատական ակտը գտնում եմ հեղինակավոր, այս քրեական գործը հեռանկար չունի»,-ավելացրեց պաշտպանը։ 

Նշենք, որ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու միջնորդությունը բավարարել է դատավոր Մեսրոպ Մակյանը, որին այս գործը նոր է մակագրվել։ Մինչ այդ քրգործը քննում էր դատավոր Արմեն Բեկթաշյանը, որը իրար հետեւից մերժում էր Վարդանյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար՝ ներկայացվում է Արթուր Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: