Քոչարյանի գործով դատավորը մերժեց պաշտպաններին 

Քոչարյանի գործով դատավորը մերժեց պաշտպաններին 

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի բերած բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ մեղադրող կողմը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումն, ըստ որի՝ Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր, ապա դատավորը գործի քննությունը կասեցրել էր՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Այսօրվա  նիստին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ ներկայացրեց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ որպես հիմք ներկայացնելով դատավորի երեկվա գործողությունները,մասնավորապես, որ նա թույլ չի տվել պաշտպաններին առարկություններով հանդես գալ՝ այդպիսով սահմանափակվել է իրենց իրավունքները, եւ որ դատավորը չի պարզաբանել կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Միջնորդությանը միացան բոլոր պաշտպանները։

Մեղադրող կողմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ առարկեց միջնորդության դեմ։ Դավթյանը նշեց, որ երկու ժամանոց երեկվա նիստի սղագրությունն է միջնորդությունը՝ նիստի կոնտեքստից կտրված։ Նա նաեւ նշեց, որ նիստերն արհեստական ձգձգելու միտում է տեսնում։ 

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը եւս առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ հիմքով բացարկը ընդունելի չէ։ 

Դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը, ըստ որի՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։

Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում։