Սա ազդելու է ազդարարի ինստիտուտի արդյունավետության վրա

Սա ազդելու է ազդարարի ինստիտուտի արդյունավետության վրա

Սուրեն Պապիկյանի դատվածությանը վերաբերող մեր հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Նախ, արձագանքեց ինքը՝ Պապիկյանը, հաստատելով մեր հրապարակումը եւ կոչ անելով իրավապահներին՝ պարզել, թե ով է իր անձի վերաբերյալ «գաղտնի» տեղեկություններ հավաքել եւ տրամադրել մամուլին, ինչին հաջորդեց իրավապահների արձագանքը՝ քրեական գործ հարուցեցին 2 հոդվածով՝  144-րդ եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու եւ այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ապա ԱԱԾ-ն «հայտնաբերեց» մեղավորին՝ ոմն Սերոբ Հարությունյանի, կասեցրին նրա պաշտոնավարումը եւ չբացակայելու ստորագրություն վերցրին։ Հետո արձագանքներ հնչեցին մամուլի եւ հասարակական շրջանակներից․ մարդիկ պնդում էին, որ նման քրեական գործը բացասաբար է ազդում մամուլի ազատության վրա։ Շատերը զարմանում էին, որ փոխանակ իր կենսագրությունից կարեւոր փաստ թաքցնող նախարարը պատժվի, պատժում են անհասկանալի է թե ում, մանավանդ՝ այդ տեղեկությունը չի կարող գաղտնի համարվել, որովհետեւ ուժի մեջ մտած դատավճռի մասին է խոսքը եւ հանրային անձի կենսագրությանն է վերաբերում։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս քրեական գործի հարուցումն իր համար անհասկանալի է, եթե կարծել են, որ արտահոսքն իրավապահ համակարգի ներսից է, թող ծառայողական քննություն նշանակեին․
«Ես ունեմ բազմաթիվ հարցեր, որոնց մեկնաբանությունը գուցե կարող են իրավաբանները տալ։ Իմ կարծիքը, որ ես հայտնել եմ, զուտ հենվում է տրամաբանության վրա։ Ես տարածված տեղեկատվության մեջ որեւէ գաղտնի տեղեկություն չեմ տեսնում, եւ եթե այն գաղտնի չէ, ապա չի կարող անօրինական ձեւով տարածվել, դա ինձ համար ակնհայտ է։ Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա ես այդ խնդիրն ավելի շատ կդիտարկեի ծառայողական զանցանք կատարելու համատեքստում, այսինքն, ըստ իս, ոչ թե պետք է քրեական գործ հարուցվեր, այլ ծառայողական քննություն իրականացվեր, եւ եթե պարզվեր, որ անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է տեղեկատվություն հավաքելու համար՝ առանց դա որեւէ տեղ արձանագրելու․․․ Մենք շատ լավ գիտենք, որ ԱԱԾ աշխատակիցն ինչ անում է, անում է հրամանի հիման վրա կամ որեւէ արձանագրության, եւ եթե դա արել է իր անձնական նախաձեռնությամբ․․․ բայց քրեական գործի հարուցումը, իմ կարծիքով, անիմաստ գործողություն էր»։

Նավասարդյանը եւս կարծում է, որ հարուցված քրեական գործը բացասաբար է ազդելու լրատվամիջոցների աշխատանքի վրա, եւ հանրության համար շատ կարեւոր տեղեկություններ այդպես էլ հանրությանը կարող են հասանելի չդառնալ․

«Ակնհայտորեն, եթե խոսքը գնում է քրեական գործի մասին եւ հնարավոր խիստ պատժի մասին, ապա ակնհայտ է, որ լրատվամիջոցները որոշ չափով զրկվում են իրենց տեղեկատվության աղբյուրներից։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աղբյուրները կան տարբեր տեղերում, եւ այդ աղբյուրներն իրոք կարող են հանրության համար շատ կարեւոր տեղեկություններով կիսվել լրատվամիջոցների հետ։ Մենք ունենք Հայաստանում ներդրված ազդարարման ինստիտուտ, որը շատ կարեւոր ինստիտուտ է կոռուպցիայի դեմ պայքարի համար, եթե տարբեր պաշտոնյաների նկատմամբ լինեն քրեական գործեր այն պատճառով, որ իրենք տարածել են ինչ-որ տեղեկություններ, որոնք հանրության համար կարեւոր են, բնականաբար, դա կարող է ազդել ազդարարի ինստիտուտի արդյունավետության վրա։ Ես չեմ ուզում ասել, որ այստեղ ընդհանրություն կա, բայց որ շատ պաշտոնյաներ այս կարգի քրեական գործերից հետո կարող են իրենց կաշկանդված զգալ լրատվամիջոցների շատ կարեւոր տեղեկություններ տրամադրելու գործում, պարզ է, որ բացասական ազդեցություն է թողնելու»։